Նյարդային գրգռված վիճակն ու սթրեսները մարդկանց անբաժան ուղեկիցն են բոլոր ժամանակներում:
Հոգեբանների կարծիքով, սթրեսից համեմատաբար շատ են տառապում նրանք, որոնք ձգտում են կատարելության ամեն ինչում, պատրաստ են ցանկացած զոհաբերության` հանուն հաջողության: Նրանք հիվանդագին են տանում նույնիսկ փոքր անհաջողությունը, անգամ եթե գիտակցում են, որ ոչ ոք երաշխավորված չէ անհաջողությունից:
Եթե նախկինում սթրեսը դիտվում էր օրգանիզմի պաշտպանական միջոց, այսօր այն բժիշկները համարում են հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից մեկը: Մշտապես կրկնվող սթրեսների ազդեցության դեպքում զարգանում են տարատեսակ հիվանդություններ. Մեկի մոտ` հիպերտոնիկ հիվանդություն, ինֆարկտ, մյուսի մոտ` խոցային հիվանդություն, երրորդին տանջում է հաճախակի մրսածությունը և այլն: Դա կախված է ներզատիչ (էնդոկրին) համակարգի անհատական հատկություններից, սթրեսի նկատմամբ զգայնությունից, այս կամ այն հիվանդության զարգացման նկատմամբ ժառանգական հակվածությունից: Այս ամենը կոչվում է սթրեսի հետևանք: Ամենակարևորը` պետք է իմանալ, որ սթրեսի ժամանակ օրգանիզմում կատարվում է մոլեկուլային կազմի փոփոխություն, օրգանական փոփոխություններ, սնուցող նյութերի գերածախս, որը մի քանի անգամ գերազանցում է օրգանիզմի օրական պահանջը: Ժամանակի ընթացքում դա բերում է նրան, որ առաջանում է օրգանիզմի համար կենսական նշանակության սննդարար նյութերի մեծ պակաս:
Ըստ ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների) 2015 թվականին դեպրեսիաները կգրավեն երկրորդ տեղը հաշմանդամություն առաջացնող պատճառների շարքում:
Ի՞նչ անել սթրեսներից խուսափելու համար, ինչե՞ս հաղթահարել կենցաղային ամենօրյա հոգսերը - վիճաբանություններ, անվստահություն, հուսախաբություն, ապագայի հանդեպ անորոշություն և այլն:
Հոգեբանները խորհուրդ են տալիս նախևառաջ գնահատել սեփական հնարավորությունները, ընդունել սեփական անհաջողությունները և չվազել անիրականալի երազանքների հետևից: Հարկավոր է գիտակցել,որ մարդն անսխալական չէ և հիվանդագին չվերաբերվել թույլ տված սխալներին:
Բժիշկներն ու հոգեբանները այս հարցում միակարծիք են և գտնում են, որ պետք չէ շրջապատին համոզել ձեր ճշմարտացիության մեջ , միևնույն է` հավատացողը`կհավատա, չհավատացողը` երբեք:
Անհրաժեշտ է մտածել այն բաների մասին, ինչ ունեք, այլ ոչ թե այն մասին, թե ինչ կարող էիք ունենալ :
Հոգեկան ծանր ապրումների ժամանակ դեպրեսիային գիրկը չընկնելու համար խորհուրդ է տրվում լաց լինել ու թեթևանալ, իսկ նրանից ձերբազատվելուն կօգնի ժպիտը:
Ամենակարևոր նախապայմանը`դիմացինին չմեղադրելն է ու ներել կարողանալը. «Հոգեկան հավասարակշռությունը կգա միայն այն ժամանակ, երբ կսովորեք ներել և կդադարեք ամեն ինչ կապել շրջապատող մարդկանց ու հանգամանքների հետ»,-վստահեցնում են հոգեբանները:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ