ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Առողջապահությունում գործերը վատ չեն

Առողջապահությունում գործերը վատ չեն
25.12.2012 | 12:35

Առողջապահության ոլորտն ամենապահանջարկվածն է հասարակության շրջանում, այդ իսկ պատճառով նաև այլ ոլորտների համեմատ ավելի խոցելի է։ 2008-ից կառավարությունը որդեգրեց ոլորտի բարեփոխումների ծրագիր, որը տվեց իր խիստ դրական ազդեցությունը, և տարեցտարի նկատվեց բուժծառայության որակի բարձրացում։ Ինչպիսի՞ն էր 2012-ն այս տեսանկյունից։ Փորձագետների գնահատմամբ` տարին դրական է եղել, ներդրված բարեփոխումները շարունակվել են, մշակվել են նոր ծրագրեր, և արդյունքները հուսադրող են։ Նշվածը փաստում է, որ կայուն հիմքը վստահելի ապագայի երաշխիքն է։ Այդ իսկ պատճառով մեր առաջին (ոչ ոտքի վրա) և տարեվերջյան զրույցը ՀՀ առողջապահության նախարար ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԻ հետ սկսեցինք հետևյալից` ի՞նչ ժառանգություն է «կտակել» Ձեզ նախկին նախարար Հարություն Քուշկյանը։
-Նշանակվելով նախարար, ես որպես ժառանգություն ստացել եմ բարեփոխման փուլում գտնվող առողջապահական համակարգ, որում հաջողությամբ գործում են ծննդօգնության և մանկական պետական հավաստագրերի ծրագրերը, լայն թափ է ստացել մարզային հիվանդանոցաշինությունը, լուրջ բարեփոխումներ են արձանագրվել շտապբուժօգնության ոլորտում: Ժառանգել եմ նաև արհեստավարժ և սրտացավ բժիշկներով համալրված համակարգ և դրան զուգահեռ` բնակչության կողմից ձևավորված` որակյալ և մատչելի բուժօգնություն ստանալու հստակ պահանջ: Մեր խնդիրը հենց այնպիսի չափորոշիչների ու մեխանիզմների ներդրումն է, որ կարողանանք բավարարել ժողովրդի այդ իրավացի պահանջը:
Ինչպես մյուս բոլոր ոլորտներում, իհարկե, առկա են նաև խնդիրներ, որոնցից կարելի է առանձնացնել դեղերի ոլորտը և առողջապահության ֆինանսավորման համակարգում առկա հարցերը, բժիշկ-հիվանդ խաթարված փոխհարաբերությունները: Դրանք լուծում պահանջող հարցեր են, որոնց ուղղությամբ աշխատում ենք։
-Վերջին ամիսներին հատկապես խստացավ ՀՀ կառավարության վերահսկողությունը բոլոր նախարարությունների գործունեության նկատմամբ, կոռուպցիայի դեմ պայքարի խնդրում և այլն: Ի՞նչ տվեց սա առողջապահության ոլորտին:
-ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ նախագահի և վարչապետի տված հանձնարարականների հիման վրա, շարունակաբար աշխատանքներ է իրականացնում առողջապահության ոլորտում ստվերային երևույթների կրճատման ուղղությամբ: Մասնավորապես, 2012 թ. ընդլայնվել են համավճարային եղանակով մատուցվող բուժօգնության ծրագրերը, հաստատվել են բժշկական ծառայությունների նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գները, մշակվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, դեղերի գների մշտադիտարկման կարգը, կանոնակարգվել և վերահսկվում են առողջապահության ոլորտում իրականացվող պետական գնումները: Նշված միջոցառումների հիմնական նպատակն է բարձրացնել առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների որակն ու նվազեցնել ստվերային երևույթները:
-2013-ի համար ինչպիսի՞ առաջնային խնդիրներ ու ծրագրեր է դրել նախարարությունն իր առջև:
-ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և ՀՀ կառավարություն է ներկայացրել 2013 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրի նախագիծը: Նախագծում ներառված գերակա խնդիրները և միջոցառումները բխում են ՀՀ կառավարության 2012-2017 թվականների ծրագրի առողջապահության ոլորտի համար նախանշված գերակայություններից: Այսպես, 2013 թվականի ընթացքում, ելնելով առողջապահության ոլորտի առաջնահերթություններից, նախատեսվում է իրականացնել ՀՀ-ում դեղերի արդյունավետության, որակի ու անվտանգության ապահովմանն ուղղված համալիր միջոցառումներ, նախաձեռնել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, ընդլայնել փոխհատուցման համավճարային ծրագրերը, իրականացնել բուժհաստատությունների ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետությանն ուղղված միջոցառումները։ Շարունակվելու են մարզային առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման, ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման ծրագրերը:
Բացի այդ, 2013 թվականի ընթացքում նախատեսվում է մի շարք կարևոր միջոցառումների իրականացում, մասնավորապես, նախատեսվում է ՀՀ կառավարություն ներկայացնել առողջապահության ոլորտի հիմնական իրավական ակտի` «Առողջապահության մասին» օրենքի նախագիծը, հանրային առողջության պահպանման և հատկապես կանանց ու երեխաների շրջանում հաճախ հանդիպող մի շարք հիվանդությունների կանխարգելման նպատակով նախատեսված կարևոր նշանակություն ունեցող «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը։ Եկող տարվանից առանձնակի կարևորվելու է բժշկական կադրերի զարգացման ոլորտում մարդկային ներուժի զարգացման ռազմավարության նախագիծը։ Պետական միջոցների հասանելիությունն է՛լ ավելի բարձրացնելու նպատակով նախատեսվում է սահմանել պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման նոր կարգը։ Մշակվում են Երևան քաղաքում և մարզերում պոլիկլինիկական հաստատությունների տարբերակված օրինակելի մոդելները սահմանող նախագծերը:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ