Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, հիվանդանոցների, օգնության կենտրոնների և այլ հաստատությունների վրա հարձակումները ռազմական հանցագործություններ են: «ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, անտեսում է այդ խախտումները և առավելագույն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որովհետև մեղսակից է այդ ամենին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։               
 

Աշնանը սրվում են հիպերտոնիկ հիվանդություններն ու դրանց հենքի վրա ընթացող սրտի իշեմիկ հիվանդությունները

Աշնանը սրվում են հիպերտոնիկ հիվանդություններն ու դրանց հենքի վրա ընթացող սրտի իշեմիկ հիվանդությունները
13.09.2012 | 16:50

Եղանակային կտրուկ փոփոխությունների, ինչպես նաև գարնան և աշնան մթնոլորտային բուռն տատանումների շրջանում սրվում են հատկապես հիպերտոնիկ հիվանդություններն ու դրանց հենքի վրա ընթացող սրտի իշեմիկ հիվանդությունները:

Ինչպես «Իրատես de facto»-ին ասացին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության բաժանմունքում, այդ ծանր բարդություններով ընթացող հիվանդությունը, որը մեծ մասամբ առաջացնում է սրտանոթային կաթված, գարնանն ու աշնանը վտանգավոր է հատկապես շաքարախտ, խոլեստերինի ավելցուկ ունեցողների, ինչպես նաև անշարժ ապրելակերպ վարողների համար: Վերոհիշյալ ժամանակահատվածում, վիրաբուժական կլինիկաներում հատկապես ավելանում է սրտանոթային մասնագետներին դիմող հիվանդների թիվը, որոնցից ամեն երրորդի հիվանդությունն ավարտվում է մահվան ելքով` մահացության ցուցանիշը հասցնելով մինչև 30 տոկոսի, որը մեծ թիվ է: Իշեմիկ հիվանդությունը զարգանում է 35-ից բարձր կամ 60 տարին բոլորած տղամարդկանց մոտ, իսկ կանանց մոտ այդ թիվը շատ ցածր տոկոս է կազմում: Միջին տարիքի կանայք այդ հիվանդությունից հիմնականում զերծ են:
Ըստ մասնագետների, բուն պատճառը հիվանդության ընթացքում առաջացած ճարպային կուտակումներ են, որոնք զարկերակային ճնշման տատանումների ժամանակ պատռվում են` վտանգելով սրտանոթային համակարգը: Նոպան առաջանում է հանկարծակի, ընդհուպ առաջացնելով մինչև սրտի կանգ: Եթե օգնությունը հասնում է ժամանակին, ապա հնարավոր է փրկել հիվանդի կյանքը, իսկ եթե նոպան կատարվում է դրսում և ոչ բարվոք պայմաններում, ապա մեծ մասամբ ավարտվում է մահվան ելքով: Լինում է նաև սրտի հանկարծակի կանգ, որի դեպքում փրկության գործոնը բացառվում է:
Մասնագետների խոսքերով, քանի որ սրտի իշեմիկ հիվանդությունը բուժման վերջնական եղանակ չունի, անհրաժեշտ է հետևել դրա ընթացքին` թույլ չտալով հասնել սրացման փուլի: Այսինքն, սրտի շրջանում կամ կրծքավանդակում ցավի առկայության դեպքում պետք է դիմել մասնագետին: «Նորք-Մարաշում» վերոհիշյալ հիվանդության առկայությունը օրգանիզմում հայտնաբերելու, բուժելու և մեղմելու համար մասնագետները դիմում են կարդիոգրամին, որն 80 տոկոսով արտացոլում է հիվանդության ընթացքը, և կորոնար անոթների նկարահանելով հայտնաբերմանը: Վերջինս բացահայտում է նաև հիվանդության վերջնական աստիճանն ու սիրտը սնող անոթների վիճակը: Նշենք, որ վերջին մեկ տարում կենտրոն է դիմել շուրջ 2000 հիվանդ, որոնցից 5-6 հարյուրը ստացել է վերջնական բուժում: Վերոհիշյալ կառույցում ներկայումս անգիոգրաֆիայից (անոթագրություն) հետո կիրառվում է պրոֆիլակտիկվիրաբուժություն, որն է` զոնդի միջոցով նոր անոթներ անցկացնել խցանված երակային ցանց:
Վերոհիշյալ հիվանդությունից օրգանիզմը պաշտպանելու համար պետք է թողնել կամ նվազեցնել ծխելը: (Նշենք, որ ծխողների թնվը հանրապետությունում հասնում է շուրջ 70 տոկոսի): Անհրաժեշտ է հետևել սննդակարգին` դրա մեջ ավելացնելով բուսական ծագմամբ մթերքների քանակը: Շաքարախտով հիվանդներն ու ճարպակալման հակում ունեցողները պետք է օրակարգում նվազեցնեն խոլեստերինով հարուստ սննդի և օգտագործվող սուրճի քանակը: Անհրաժեշտ է նվազեցնել նաև հասարակության մեջ հանդիպող սթրեսային իրավիճակները: Առողջ ապրելակերպի առաջին նախապայմանը սպորտով զբաղվելն է և օրական թեկուզ 10 րոպե մարմնամարզությանը տրամադրելը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 9682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ