ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Կարևորն այն չէ, որ ձկնագողը փախչի` մենք բռնենք»

«Կարևորն այն չէ, որ ձկնագողը փախչի` մենք բռնենք»
29.09.2009 | 00:00

Սևանա լճում ձկնատեսակի պաշարները գնալով նվազում են, մասնագետները, ինչպես նաև գիտնականները փաստում են հատկապես սիգի պաշարների անկման մասին։ Այս թեման լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է շուրջ երեք տարի և դեռ շարունակում է արծարծվել, քանի որ որսի արգելանքի ժամանակ շուկաներում սիգը, այնուամենայնիվ, վաճառվում է։ Ձեռնպահ կմնանք ասելու, թե վերահսկողություն ընդհանրապես չի իրականացվում, բայց չենք կարող նաև չարձանագրել, որ խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Այս խնդրի շուրջ զրուցում ենք ՀՀ բնապահպանության նախարար ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
-Առաջին հերթին ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս տարի, սեպտեմբերի 22-ի դրությամբ, Սևանա լճի ջրի մակարդակը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձրացել է 32 սանտիմետրով։ Սևանի մասին օրենքով, որն ընդունվել է 2001 թվականին, նախատեսված է 30 տարվա ընթացքում լճի ջրի մակարդակը բարձրացնել մինչև 1903,5 մ նիշը։ Դա հենց այն մակարդակն է, որը կապահովի լճի ինքնամաքրման, էկոհամակարգերի և այլ բնական պրոցեսների վերականգնումը։ Ինչ վերաբերում է ձկնային պաշարներին, ապա մինչև տարեվերջ կատարվելիք ուսումնասիրությունների արդյունքում կունենանք հստակ տվյալներ, որոնք կներկայացնենք հանրությանը։ Այժմ կարող եմ ասել, որ ձկնաբանության ոլորտում պլանավորում ենք աշխատանքներ իրականացնել «Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի» հետ համատեղ։ Որպես անկախ մարմին, այն կուսումնասիրի ձկնային պաշարների առկա վիճակը և կներկայացնի մեզ։ Հաշվի առնելով նախորդ տարիների պաշարների ծավալը` արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Սրան զուգահեռ, սկսած 1997թվականից, իրականացնում ենք իշխանի պաշարների համալրում մանրաձկան միջոցով, իսկ վերջին երեք տարիներին այդ աշխատանքներն առավել լայնածավալ են դարձել, ինչի համար պետբյուջեից հատկացվում է տարեկան 80 մլն դրամ։ Նախորդ տարի լիճ է բաց թողնվել իշխանի` գեղարքունի և ամառային ենթատեսակների շուրջ 250 հազար մանրաձուկ` 5-100 գրամ քաշով։ Համոզված եմ, որ այս ուղղությամբ ընտրված քաղաքականությունը ճիշտ է, և հնարավորության դեպքում մանրաձկան ծավալները շեշտակի պետք է ավելացնենք։
Այս տարի թույլատրվել է միայն խեցգետնի ու լճածածանի (կարաս) արդյունագործական որսը, ինչը մասնագիտորեն հիմնավորված է։ Այս տեսակների որսը նույնիսկ անհրաժեշտություն է` լճի մյուս ձկնատեսակները բազմացնելու, ավելի նպաստավոր պայմաններ ձևավորելու համար։ Եթե խոսենք ձկան պաշարների պահպանման և վերահսկողության խնդիրների մասին, ապա, այո՛, ձկնագողության դեպքեր կան, ինչն արծարծվում է ոչ միայն մամուլում, այլև նշվում է մեր կողմից։ Օրինակ, մի քանի ամիս առաջ արձանագրեցինք խոշոր չափերի ձկնագողության դեպք։ Պետք է նկատել, որ ձկները բավականին մեծ էին, դրանք առգրավելուց հետո հանձնեցինք ծերանոցներին ու մանկատներին։ Վերահսկողության աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են։ Սակայն վերահսկողության հարցում կարևորն այն չէ, որ ձկնագողը փախչի` մենք բռնենք, այլ շատ ավելի կարևոր է, որ մարդկանց ինքնագիտակցությունը փոխվի։ Պետք է հասկանալ, որ ձկնորսության արգելանքի շրջանում չի կարելի ձուկ որսալ, որ դա առաջին հերթին վնասում է հենց հասարակությանը և անձամբ ձկնորսի գործին։ Հասարակության շրջանում ինքնագիտակցության բարձրացման ուղղությամբ մենք փորձում ենք աշխատանքներ տանել։ Բնականաբար, ինքնագիտակցությունը մեկ օրում չես փոխի, դրա համար տարիներ են պահանջվում: Համենայն դեպս, կարծում եմ, որ տարեվերջին, երբ բոլոր տվյալները հավաքագրված կլինեն, մենք կունենանք կոնկրետ թվեր, որոնք կարող ենք համեմատել նախորդ տարվա տվյալների հետ։
Նախորդ տարվա նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, այսինքն` արգելանքի ընթացքում, ստացված արդյունքները հուսադրող են` սիգը հիմականում պահպանվել է։ Ասել, թե սիգի պաշարները վերանում են, ճիշտ չէ, սակայն որոշակի նվազում կա։
-Այդ դեպքում` ինչո՞վ եք պայմանավորում գիտնականների անհանգստությունը` կապված սիգի պաշարները ոչնչացնելու հետ, և ո՞րն է դրա պատճառը։
-Բնականաբար, գիտնականները պետք է անհանգստանան, և ես էլ չասացի, թե խնդիր ընդհանրապես չկա։ Ընդգծեմ, որ սիգի մանրաձուկ մենք բաց չենք թողնում լիճ։
-Ինչո՞ւ։
-Որովհետև, ի տարբերություն իշխանի, որի ձվադրումը բնական պայմաններում ներկայումս հնարավոր չէ, սիգն այդ պայմաններն ունի, ինչպես նաև սիգի մանրաձկների աճեցման մեթոդները առայժմ մշակված չեն:
-Անցած տարի ձկնորսության արգելված շրջանում ձկնագողության քանի՞ դեպք եք հայտնաբերել:
-Բնապահպանական պետական տեսչության կողմից արգելանքի ժամանակ առգրավվել է 32 կիլոգրամ ձուկ (որը տրվել է Գավառի մանկատանը), և 228 ձկնորսական ցանց, որոնք այրել են «Սևան ազգային պարկի» աշխատակիցները:
-Վերահսկողական աշխատանքներից գո՞հ եք։
-Այդ աշխատանքներն իրականացնում է բնապահպանության նախարարությունը, և մեր աշխատանքների գնահատականը պետք է տան հասարակությունը, ՀՀ նախագահը։ Կարող եմ վստահորեն ասել, որ վերահսկողական աշխատանքները տարեցտարի կատարելագործվում են, և դրանց արդյունքները կերևան տարեվերջին։ Համենայն դեպս, ձկնագողության մի քանի խոշոր դեպքերի հայտնաբերումը թույլ է տալիս ասելու, որ այս ոլորտում բեկում կա։ Զուգահեռաբար ազգային պարկի տնօրենության և համայնքների ղեկավարների հետ հանդիպումներ ենք ունենում, ձեռք ենք բերել պայմանավորվածություններ, որոնք շատ դեպքերում գործում են։
-Ասացիք, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձկան որսի արգելանքի ժամանակ հուսադրող ցուցանիշներ եք ունեցել։ Բայց այդ նույն ժամանակ անձամբ ես շուկայից սիգ եմ գնել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
- Իհարկե, առանձին դեպքեր կարող են լինել, բայց կարևորն այն է, որ խնդիրն անուշադրության մատնված չէ։ Իմ հանձնարարականով ստեղծվել են հատուկ խմբեր, որոնք ստուգումներ են իրականացնում տեղերում, ինչպես նաև շուկաներում։ Ստացված տեղեկություններն անարձագանք չեն մնում և անմիջապես լուծում են ստանում։
-Ինչպե՞ս պետք է համալրվեն ձկան, մասնավորապես, սիգի պաշարները։
-Անհրաժեշտ է ապահովել սիգի վերարտադրությունը բնական պայմաններում` մայրական կազմի հասունացումը, ձվադրումը և ձկնկիթի զարգացումը:
-Ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամն ազդեցություն ունեցավ բոլոր ոլորտների վրա։ Ձեր բնագավառում ո՞ր ծրագրերը տուժեցին ճգնաժամից։
-2009-ի մեր ծրագրերի վրա ճգնաժամը չի անդրադարձել։ Օրինակ, մանրաձկան գնումը «Գնումների գործակալության» միջոցով արդեն կատարված է, և մինչև տարեվերջ մանրաձուկը բաց կթողնվի լիճ։ Սևանա լճի մաքրման աշխատանքները նույնպես, ըստ ծրագրվածի, իրականացվում են։ Ջրային ոլորտում ևս որևէ ֆինանսական կրճատում չենք ունեցել։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2185

Մեկնաբանություններ