«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

ԴԺՎԱՐ Է «ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԱԿՆԿԱԼԵԼ

ԴԺՎԱՐ Է «ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԱԿՆԿԱԼԵԼ
20.11.2009 | 00:00

Հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա շաբաթվա վերջին` Մյունխենում: Թեև հայտարարվել էր, որ մինչ այդ ևս մեկ անգամ տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ նախագահների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի վերջին, բայց հանդիպումը կարծես ավելի շուտ է ստացվում:
Հանդիպումների հաճախակիությունը (վերջինը Քիշնևում էր, հոկտեմբերի 8-ին) թեև դրական է, բայց առանձնապես չի խոստանում արդյունավետ լինել. պետք չէ դիվանագետ լինել նկատելու համար կողմերի հայտարարությունների խիստ իրարամերժությունը, և, որպես կանոն, հատկապես ադրբեջանական կողմից դրանք ավելի «սուր» են լինում նախագահների հանդիպումների նախաշեմին: Ավելի քան ուշագրավ է Իլհամ Ալիևի` նոյեմբերի 17-ի հայտարարությունը. «Մենք բանակցում ենք, որոշակի տեղաշարժ կա։ Բանակցությունների առումով ասեմ, որ արդեն նախատեսվում է հայկական ուժերի դուրսբերումը բոլոր յոթ շրջաններից, ինչպես նաև բանակցությունների թեմա է ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ»: Նա նաև ավելացրել էր, որ բանակցություններ ընթանում են, «բայց միաժամանակ ցանկացած պահի պետք է պատրաստ լինել մեր տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելուն»: Ադրբեջանի նախագահն այս անգամ մի փոքր հեռուն էր գնացել` խոսելով «բնիկ» ադրբեջանական` Իրևանի խանության և Զանգեզուրի տարածքում ստեղծված այսօրվա Հայաստանի մասին, որի վերաբերյալ, սակայն, Ադրբեջանը «մեծահոգաբար» պահանջներ չունի, քանի որ իրենք պաշտպանում են տարածքային ամբողջականության սկզբունքը:
Ինչևէ, բանակցություններում «քննարկվող»` Ի. Ալիևի մատնանշած հարցերի վերաբերյալ չուշացավ հայկական կողմի պատասխանը. նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ բանակցություններն ընթանում են հիմնական հարցի` Ղարաբաղի կարգավիճակի շուրջ. «Չգիտեմ, ում հետ է ադրբեջանական կողմն Ալիևի նշած հարցերի շուրջ վարում բանակցությունները, բայց վստահեցնում եմ, որ Հայաստանի և Ղարաբաղի հետ այդ հարցերն այսօր չեն քննարկվում»: Նալբանդյանը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը պնդում էր նաև, որ մադրիդյան փաստաթուղթ գոյություն չունի:
Ի դեպ, մադրիդյան սկզբունքների առումով էլ հետաքրքրական է այն, որ դեռևս ամռանը Կրակովում նորացված «սկզբունքները» մինչև հիմա այդպես էլ կողմերին չեն ներկայացվել: Տարածաշրջան կատարած վերջին այցից առաջ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել էր, թե առայժմ հայտնի չէ՝ կողմերին երբ կներկայացվեն նորացված «սկզբունքները»: «Նորացված մադրիդյան սկզբունքները պատրաստ էին արդեն Կրակովի հանդիպումից հետո, սակայն բարձր մակարդակով յուրաքանչյուր նոր հանդիպումից հետո մենք հարկադրված էինք փոփոխություններ կատարել մադրիդյան փաստաթղթում, ուստի հայտնի չէ, թե նորացված մադրիդյան փաստաթուղթը երբ կներկայացվի կողմերին»,- ասել էր Մերզլյակովը:
Այսքանից հետո նույնիսկ լավատեսների համար դժվար է մյունխենյան հանդիպումից «առաջընթաց» ակնկալել:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1503

Մեկնաբանություններ