ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ավետարանական ու այբբենական ճշմարտությունների արանքում

Ավետարանական ու այբբենական ճշմարտությունների արանքում
29.09.2009 | 00:00

Աստծո անցած յոթ օրում իրադարձությունների պակաս ոչ մի տեղ չկար. ամբողջ աշխարհը` բոլոր երկրները, ակտիվորեն աշխատում են, բայց, ինչպես բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ, ամեն մեկը` մի ուղղությամբ:
Պայմանականորեն անցած շաբաթը կարելի է անվանել զարմանքի շաբաթ, եթե ընդհանրապես զարմանալու առիթներ մնացել են աշխարհում: Օրինակ` ՀՀ նախագահը արտաքին քաղաքական խնդիրներից զարմանալիորեն կտրուկ թռիչք կատարեց ներքին տնտեսականին և որոշեց զբաղվել մի հարցով, որը ոչ մի առումով նախագահական չէ: Իհարկե, արարողակարգային պատշաճությունները պահպանվեցին` Սերժ Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Արարատի և Արմավիրի մարզեր, եղավ Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում, «Մասիս Տաբակ» ընկերությունում, «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանում: Իսկ հետո նա Արմավիրի մարզպետարանում խաղողի մթերման գործընթացի և առկա խնդիրների շուրջ խորհրդակցություն անցկացրեց տարածքային կառավարման նախարարի, գյուղնախարարի, մարզպետների, վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների մասնակցությամբ: Այսինքն` վարչապետ, մարզպետ, նախարար, տեղական ու պետական ոչ մի իշխանություն ի զորու չեն լուծելու այն խնդիրները, որ գալիս ու լուծում է նախագա՞հը... Ավելին` միայն նա է ասում տարրական ճշմարտություններ` «Մենք աճեցված բերքն ամբողջովին մթերելու խնդիր ունենք: Բոլոր այն մթերողները, ովքեր գյուղացիների հետ պայմանագրեր են կնքել, պետք է միանշանակ կատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները:
Ճիշտ է, այս տարվա բերքը քիչ ավելի է անցյալ տարվանից, բացի այդ, գարնանը կամ նախորդ տարիներին ոչ բոլոր խաղողագործների հետ են պայմանագրեր կնքվել, սակայն, այս ամենով հանդերձ, պետք է հնարավորություններ գտնել` մթերելու նաև բերքի այդ մասը», որոնք ակնհայտ ու հայտնի են բոլորին: Եթե երկրում ընդհանրապես որևէ օրենք, կառավարման որևէ համակարգ գործում է, ինչպես, համենայն դեպս, շարունակ հավաստիացվում է, բոլորովին կարիք չկա, որ հանրապետության նախագահը կոչ անի մթերող ձեռնարկությունների ղեկավարներին ֆինանսատնտեսական ճգնաժամը և դրա հետ կապված` պատրաստի արտադրանքի իրացման դժվարություններն առիթ չդարձնել գյուղացու բերքն ավելի ցածր գնով մթերելու համար: Ո՞վ է մոռացել, թե նախընթաց տասնամյակում միևնույն ձեռնարկությունը քանի անգամ էր բացվում` նույնիսկ գործարկվելու անպատրաստ կամ գործարկվելուց հետո, միայն թե նվիրական կարմիր ժապավենը հատվի, և ասվեն այբբենական ճշմարտություններ, որոնք տեղնուտեղը մոռացվում էին: Խաղողի բերքի մթերման խնդիրը, իրոք, կենսական է ու լուծման առումով գուցե բարդ, բայց երբ երկրի նախագահը սկսում է փոխարինել շարքային աշխատողներին, գործը չի շահում, աշխատողներն են դեգրադացվում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս զարմացրեց` յուրովի. գլխավոր տնօրենի պաշտոնում առաջին անգամ ընտրեց կնոջ: Զարմանալին ոչ այնքան կնոջ ընտրությունն է, որքան այն, որ առաջին անգամ է կին ընտրվում: Նախկինում Ֆրանսիայում Բուլղարիայի դեսպան Իրինա Բոկովան կատարելապես տիրապետում է միջազգային կազմակերպության աշխատանքին, միջազգային հարաբերությունների պատմությանն ու ժամանակակից հիմնախնդիրներին:
Այնուամենայնիվ, ամենից շատ զարմացրեց Հովիկ Աբրահամյանը: Սեպտեմբերի 26-ը լեզուների եվրոպական օրն էր, սակայն ԱԺ նախագահը խորագույն ու աններելի անուշադրության մատնեց այդ պայծառ օրը` իսկ եվրոպական ինտեգրո՞ւմը, իսկ եվրոպական արժեքնե՞րը, ԱԺ-ի դերի բարձրացո՞ւմը: Ակներևաբար` հոգնել է ԱԺ նախագահը: Այնքան, որ նույնիսկ Հայաստանի Անկախության տոնը նրա համար ընդամենը «այս նշանավոր օր» էր:
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ուզում է միշտ ուշադրության կենտրոնում լինել: Նա, վերջապես, ի հայտ եկավ Քաշաթաղի Հակ գյուղում և իր ներկայությամբ պատվեց սուրբ Մինաս եկեղեցու վերաօծման արարողությունը: Ներկայացնելով հայ-թուրքական փոխհարաբերությունների վերաբերյալ իր հայտնի կարծիքը` նա չխուսափեց «Ժառանգությանն» առնչվող հարցերից և արձանագրեց, թե «Ժառանգությունը» մի հոգու կուսակցություն չէ, ուստի պատասխանատվությունը ոչ միայն իրենն է. խնդիրն ավելի շատ հավաքական անպատասխանատվությանն է վերաբերում: Նրան շատ վրդովել է, որ իր կուսակիցները «հանդես են գալիս հայկական քաղաքական միջավայրին վաղուց ընտել կամ մանր անձնական շահախնդրություններին բնորոշ ամենատարբեր մեկնաբանություններով»: Իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը նաև զարմանալի չափազանցության մեջ ընկավ` հայտարարելով, որ «Ժառանգությունը» «ոչ միայն մերան է, ոչ միայն ազատ քաղաքացիների ամբիոն է, այլև ձգողականության այն կենտրոնն է, որտեղ մենք պատրաստ ենք ընդգրկել ամենալայն զանգվածներին»: Ինչ-որ տեղ ինչ-որ մեկին ընդգրկելու իրավունք ունենալու համար, նախ, ինքդ պետք է այդ տեղում լինես, և հետո այդ ամենալայն զանգվածները, ակներևաբար, իրականում երբեք էլ չեն եղել ու չեն լինելու «Ժառանգության» ժառանգությունը, նույնիսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև սեպտեմբերի 30-ը հետ վերցնի պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հանգիստ կարող է այդ անձնազոհ քայլին չդիմել` խորհրդարան է վերադարձել ամենաամպագոռգոռ ու, ըստ այդմ, ամենահուզիչ պատգամավորը` Ծաղիկ Ռուբոն, ներեցեք, Ռուբեն Գևորգյանը: Ճիշտ է, իր խորիմաստ ու միշտ անտեղի ելույթներով հիմա արդեն նա ոչ թե տղամարդկային ժլատ արցունքներ է քամելու հանրապետականներից, այլ բարգավաճականներից, որովհետև նրանց համամասնական ցուցակով է մտնում Ազգային ժողով: Ինչպես չզարմանաս` ուրախության զարմանքով:
ՈՒ մինչ այսպիսի դարակազմիկ իրադարձություններ են լինում Հայաստանում, աշխարհում հաղթահարում են համաշխարհային ճգնաժամը. Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր, էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Պոլ Կրուգմանը հայտարարել Է, որ որոշ մասնագետների կանխատեսած «աշխարհի տնտեսական վախճանը» չկայացավ` ԱՄՆ-ի էկոնոմիկան սկսել է հաղթահարել անկումը: «Մենք չափազանց ահավոր ճգնաժամ վերապրեցինք, սակայն դրա հատակն արդեն հաղթահարված Է, և վերսկսվել Է համաշխարհային էկոնոմիկայի աճը», -ասել է Հելսինկիում Կրուգմանը: Եթե իրականում ճգնաժամը հաղթահարվել է ոչ միայն Նոբելյան մրցանակակիրների մակարդակով, այլև տնտեսության անկման դադարի ու նույնիսկ աճի, ուրեմն, իսկապես, կեցցե գիտությունը:
Ավելի կարևոր գործով էին զբաղված հայ գիտնականները` մասնավորապես գիտությունների ազգային ակադեմիայի. սեպտեմբերի 23-ին նրանք ընդհանուր ժողով գումարեցին ու իրենց միահամուռ «ադաբրյամսն» ընծայեցին իշխանություններին, ավելի ճիշտ` վերջին շրջանում «Հայաստանի ղեկավարության վարած քաղաքականությանը` ուղղված հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանը շրջափակումից դուրս բերելուն»: Ելույթներ են ունեցել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ակադեմիայի մի շարք անդամներ: Նրանց կարծիքով` առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի ուժեղացմանը, նախաստորագրված փաստաթղթերն այդ քաղաքականությունը շարունակելու հիմք են ստեղծում, Հայաստանի դիվանագիտությունը Թուրքիայի հետ հարաբերություններում հետամուտ կլինի ազգային կարևոր խնդիրների լուծմանը: Բնավ զարմանալի չէ, ինչպես զարմանալի չի լինի, եթե որոշ ժամանակից որոշ գիտնականներ որոշ պարգևների արժանանան: Զարմանալին այլ է` «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան իր մասնագիտացված կառույցների հետազոտություններով կշարունակի օժանդակել Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացմանը»: Եթե ակադեմիկոսներն իրենց խոսքի տերը լինեն, հաստատ սահմանադրական փոփոխությունների կարիք կլինի: Չզարմանա՞ս:
Իհարկե, եղան և բոլորովին չզարմանալի իրադարձություններ: «ԱՄՆ-ի վարչակազմն անընդունելի է համարում ստատուս քվոն հայ-ադրբեջանական հակամարտությունում»` ընդունելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին` ասել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ-ի նոր վարչակազմը վերահաստատում է իր աջակցությունը ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել «բանակցային գործընթացի այս կարևոր պահին կառուցողական լինել իրենց հրապարակային հայտարարություններում»: Համանախագահները հանդիպել են նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին. «Երկու նախարարները և համանախագահները վերահաստատեցին իրենց նվիրվածությունը հիմնարար սկզբունքների վրա հիմնված բանակցություններին և քննարկեցին հոկտեմբերի սկզբին համանախագահների` տարածաշրջան կատարելիք ուղևորությունը: Համանախագահներն ուղևորվելու են Հայաստան և Ադրբեջան` նախապատրաստելու ԱՊՀ Քիշնևյան գագաթաժողովի շրջանակներում նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը»:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը սպառնում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը: Նա հերթական անգամ պատմել է օկուպացված տարածքների, փախստականների, ոչնչացված հուշարձանների հեքիաթը և կոչ է արել` քայլեր ձեռնարկել հայկական զորքերը գրավյալ տարածքներից դուրս բերելու, փախստականներին վերադարձնելու, հաղորդակցության ուղիները բացելու համար. «Դա թույլ կտա վերացնել հակամարտության հետևանքները և հիմք կստեղծի տարածաշրջանում հարատև խաղաղություն ու անվտանգություն հաստատելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը մշակելու համար»: Մամեդյարովը վերջում հույս է տվել նստաշրջանի մասնակիցներին` «Հայաստանի համաձայնությունը` հակամարտությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, քայլ առ քայլ կարգավորելու ուղղությամբ, դրական նշան է»:
Նույն ամբիոնից ելույթ ունենալով` Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիփ Էրդողանն ասել է, որ վերջին 7 տարիներին Թուրքիան հարևանների հետ շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար: «Ոչ մի խնդիր հարևանների հետ» սկզբունքի շնորհիվ էական առաջընթաց է գրանցվել հարևանների հետ երկկողմ հարաբերություններում. «Հունաստանի հետ երկխոսությունը շարունակվում է, իսկ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու փնտրտուքը նպաստավոր պահ է ստեղծել և արդեն սկսել է պտուղներ տալ»: Թուրքիայի վարչապետը հայտարարել է. «Մենք կարծում ենք, որ կովկասյան հակամարտությունները, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրը, պետք է լուծվեն: Ժամանակն է, որ Կովկասում էլ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա երկարաժամկետ լուծումներ գտնվեն»: Մեկնաբանությունների կարիք կա՞...
Սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին քննարկել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ կողմերն ի սկզբանե բանակցությունները վարել և համաձայնությունների են եկել այն փոխըմբռնմամբ, որ երկու երկրների հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, և այս սկզբունքից հետքայլի որևէ փորձ կարող է վտանգել ողջ գործընթացը։ Փիթեր Սեմնեբին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը հայ-թուրքական բանակցությունների կարգավորման գործընթացին և հույս հայտնել, որ Հայաստանի պատմական նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի:
ՀՀ նախագահը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանն ասել է, որ անկախ նրանից` հրապարակված արձանագրությունները կստորագրվեն, թե ոչ, կվավերացվեն, թե ոչ, քննարկումները լավ հարթակ են` խոսելու հարաբերությունների և խնդիրների մասին: Նախագահը կաթողիկոսին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ից մեկշաբաթյա այցելություններ է սկսելու Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի հայկական գաղթօջախներ` լսելու գաղթօջախների հայության տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Մինչև հոկտեմբեր քիչ ժամանակ կա` անհրաժեշտ պատասխաններն անհրաժեշտ պահին անհրաժեշտ հարցերի ստանալու համար:
ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքում տեղի ունեցավ աշխարհի առաջատար 20 երկրների գագաթաժողովը` օրակարգում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարումն էր: Թեպետ գագաթաժողովը տնտեսական էր, գլխավոր իրադարձությունը եղել է քաղաքական` Իրանի երկրորդ միջուկային գործարանի շինարարության մասին տեղեկատվությունը: Բոլոր երկրները, այդ թվում` Ռուսաստանը, պահանջել են Իրանից հարգել միջուկային զենքի չտարածման միջազգային օրենքները: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իրանին` ուրանի հարստացման նոր գործարան կառուցելու համար. «Այս գաղտնի գործարանի կառուցման փաստն ընդգծում է ՄԱԿ-ի բանաձևերին և ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին չհետևելու Իրանի կեցվածքը: Մենք ակնկալում ենք, որ ՄԱԳԱՏԷ-ն անհապաղ հետաքննություն կսկսի և զեկույց կներկայացնի գործադիր տնօրենների խորհրդին»` ասել է Բարաք Օբաման: Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Իրանը նոր պատժամիջոցների կենթարկվի, եթե մինչև դեկտեմբեր չկատարի միջուկային ծրագրին վերաբերող բոլոր պահանջները: Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բրաունն էլ բողոքել է, որ Իրանն «անընդհատ ստում է»: Թեպետ նախկինում Իրանը պնդում էր, որ միջուկային վառելիքի զտման և հարստացման միայն մեկ գործարան ունի, Պիտսբուրգի գագաթաժողովի օրերին Նյու Յորքում գտնվող Մահմուդ Ահմադինեժադն անմիջապես հերքել է մեղադրանքները` հայտարարելով, որ գործարանը բոլորովին էլ գաղտնի չի կառուցվել, և պատրաստակամություն է հայտնել ընդունել ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներին: Զարմանալի է, որ հենց Պիտսբուրգում բացահայտվեց «գաղտնի» գործարանի գոյությունը:
Աշխարհում, հարկավ, շատ ավելի զարմանալի, շատ ավելի գաղտնի ու, միանշանակ, շատ ավելի հետաքրքիր իրողություններ կան, բայց մեզ ի՞նչ:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1645

Մեկնաբանություններ