ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ` ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՄԲ

ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ` ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՄԲ
06.12.2011 | 00:00

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց «Մանկական Եվրատեսիլ-2011» երաժշտական մրցույթը, և հաղթող ճանաչվեց Վրաստանը ներկայացնող «Քենդի» («Candy») խումբը` «Քենդի մյուզիք» երգով:
Հայաստանը ներկայացնող Դալիթան, «Welcome to Armenia» երգով, զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը` 13 մրցակիցների շարքում: Հայաստանից և Վրաստանից բացի, առաջին հնգյակում են Նիդերլանդները, Բելառուսը և Ռուսաստանը:
Հայաստանին միավորներ տվեցին բոլոր երկրները, բացի Լիտվայից:
Հայաստանն առավելագույն 12 միավոր շնորհեց Վրաստանին: Ասել ենք, չէ՞, որ հայերս պաթոլոգիկ անհիշաչարությամբ ենք տառապում. ընդամենը մեկ տարի անց արդեն մոռացել ենք, թե որքան «շռայլ» գտնվեց մեր հարևանը Վլադիմիր Արզումանյանի նկատմամբ նախորդ «Մանկական Եվրատեսիլում»:
Ինչևէ, բարեկամ խաղացող մեր հարևանները հաղթեցին, բայց այս անգամ էլ պատահեց այն, ինչ պատահում է վրացիների հետ վաղնջական ժամանակներից ի վեր. վրացական հաղթանակ` հայկական գործոնի առկայությամբ: Վրաստանցի աղջիկների հնգյակում մեր հայրենակցուհին էր` Աննա Խանչալյանը, ով առանձնապես երջանիկ ու հպարտ էր, որ հաղթանակի բերկրանքն իրեն վիճակվել է ապրել Հայաստան աշխարհում:
Չենք կարող չնշել, որ «Քենդիի» նախապես ներկայացրած տեսահոլովակն ավելի հաջողված էր, քան կենդանի ելույթը մեր մարզահամերգային համալիրում: Իսկ, օրինակ, Բելառուսի ներկայացուցիչ Լիդիա Զլաբոդսկայան («Բարության հրեշտակներ» երգով) և Մակեդոնիայի ներկայացուցիչ Դորիան Դլական («Ֆրակ» երգով) նույնքան համակրելի էին ու բարության շնչով պարուրված, ինչպես իրենց տեսահոլովակներում:
Ինչ վերաբերում է մեր Դալիթային, ապա նա իր հաջող ելույթով արժանապատվորեն իրականացրեց հյուրընկալ և հպարտ տանտիրուհու առաքելությունը (հաղթահարվում է այս տարվա ավագների մրցույթում ձևավորված սինդրոմը): Մեր համերգասրահում տիրող տրամադրությունն ու գունեղ ձևավորումը, վստահ ենք, երկար ժամանակ չեն մոռանա շոուի հանդիսատեսն ու մասնակիցները: Մրցույթի կարգախոսը` «Հասի՛ր բարձունքին» («Reach for the top»), հնարավորություն էր ընձեռել կազմակերպիչներին մեկ անգամ ևս աշխարհին ի ցույց դնելու մեր սրբազան լեռան` Արարատի խորհրդանշական պատկերը, հանգամանք, որ գաղափարապես արդարացնում է եվրատեսիլյան տոնի վրա հսկայական գումարներ ծախսելու իրողությունը:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2012»-ը կանցկացվի Նիդերլանդներում:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1638

Մեկնաբանություններ