ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԱԶԳԱՅԻՆԸ ՄԱՅՐԵՆԻ ԵՐԿԻՐՆ Է, ԹՌԻՉՔԱԴԱՇՏ` ԴԵՊԻ ԵՐԿԻՆՔ»

«ԱԶԳԱՅԻՆԸ ՄԱՅՐԵՆԻ ԵՐԿԻՐՆ Է, ԹՌԻՉՔԱԴԱՇՏ` ԴԵՊԻ ԵՐԿԻՆՔ»
28.10.2011 | 00:00

«Դուք ասացիք` կապույտը կարոտի գույն է, և կարոտեցիք մեր մեծ հայրենիքը, հարցրիք` ի՞նչ է ուզում հայի հոգին այսօր, ի՞նչ ազգության է հայ մտավորականը, և նայեցիք մտավոր ու հոգևոր զարգացումների ուղղությամբ, գրեցիք` ազգայինը մայրենի երկիրն է, թռիչքադաշտ` դեպի երկինք, խոստովանեցիք` չեմ սիրում նույն ճանապարհն անցնել երկրորդ անգամ, և երբեք չկրկնեցիք ձեզ: Միշտ նոր և ուրիշ, իսկ բոլորը միասին` ադալյանական»,- օրերս այս խոսքերը հնչեցին Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում, որտեղ նշվեց արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, հրապարակախոս ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻ 75-ամյակը:
«Գրական արձակում ունենք եռավարպետություն` Նորայր Ադալյան, Պերճ Զեյթունցյան, Ռուբեն Հովսեփյան, որը մեծ դպրոց է սերունդների համար»,- բացման խոսքում ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը: ՀԳՄ քարտուղար Դավիթ Մուրադյանի բնորոշմամբ` Ադալյանը ժամանակի հետ նորանում է ու յուրաքանչյուր նոր գրքով ինքնահայտնաբերվում է շրջապատում միանգամայն նոր ոճի մեջ, նոր ժանրային տիրույթներում, հաղթահարելով ժամանակի նյութը, պատասխանելով այս ժամանակի մարտահրավերներին:
Երիտասարդ տարիներին Նորայր Ադալյանն ասել է. «Շուտով ես կմեծանամ և մի գեղեցիկ օր կբացեմ ինձ համար մեր կյանքի ամենաբազմազան առեղծվածները»: Եվ յուրաքանչյուր տարի ընթերցողի դատին է հանձնել իր գործերը: Շուրջ 30 գրքի հեղինակ է («Մրջնանոց», «Սև քառակուսի կարմիր անապատում», «Ծաղրածուն մեծ քաղաքում», «Կապույտ Երզնկա», «Ապոկալիպսիս»), նրա տասնյակից ավելի պիեսները բեմադրվել են Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:
Նորայր Ադալյանն իր խոսքում ընդգծեց, որ ապրում ենք դժվարին ժամանակներ` ամեն առումով: «Դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, բայց մեր ժողովուրդն ունեցել է պետականության գիտակցություն և զգացողություն` ի դեմս իր գրականության, իր պատմագրության, իր հասարակական գիտությունների, իր ճարտարապետության, ասպարեզներ, որոնք փոխարինել են մեր պետականազուրկ դարերը»: Գրողի կարծիքով` եթե այդ թանկ արժեքները չլինեն, առկա պետականությունը կարող է և վտանգվել: Նա հորդորում է` պահել մեր անցյալի թանկ ու հոգևոր արժեքներն ավելի, քան նյութականը, լինել քիչ բիզնեսմեն և ավելի հոգևոր մարդ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2075

Մեկնաբանություններ