ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՊՐԵԱՄԲՈՒԼԱ-ՊՐԵԱՄԲՈՒԼԱ, ՄԵԶ ԱՅՍՏԵՂ ԷԼ ՎԱՏ ՉԵՆ ԿԵՐԱԿՐՈՒՄ

ՊՐԵԱՄԲՈՒԼԱ-ՊՐԵԱՄԲՈՒԼԱ, ՄԵԶ ԱՅՍՏԵՂ ԷԼ ՎԱՏ ՉԵՆ ԿԵՐԱԿՐՈՒՄ
29.01.2010 | 00:00

Սոչիի հանդիպումը եկավ հաստատելու` ղարաբաղյան խնդիրն այս փուլում ևս լուծում չունի, եթե անգամ դրանով զբաղվում է Ռուսաստանը:
Ոչ այն պատճառով, որ կացնային մենթալիտետով առաջնորդվող Ռուսաստանին խորթ են բանակցային գործընթացները, և նրա մոտ լավ է ստացվում «սապոգով մաչիտը»: Չէ: Պարզապես այդ «սապոգը» լրիվ մաշվել է Աբխազիայի ու Օսիայի դեպքերից հետո: Ասել է` պատերազմի-ուժի կիրառման նույն «ջուրը» Ղարաբաղի դեպքում Ռուսաստանը հաստատ չի կարող մտնել` թե՛ յուրահատկության խնդրի, թե՛ դրանում ներգրավված կողմերի բազմազանության պատճառով: Մնում է բանակցելը` «շնից մազ պոկելն էլ քյար է» սկզբունքը կիրառելով:
Սակայն հետաքրքիրն այստեղ այն է, որ Ռուսաստանը բանակցային գործընթացը թե՛ հայ-թուրքական, թե՛ ղարաբաղյան դեպքում կառուցում է «պրեամբուլային» սկզբունքի վրա: Ասել է` Ռուսաստանի համար պարզից էլ պարզ է. այս երկու գործընթացներից և ոչ մեկն այս պահին հնարավոր չէ հասցնել վերջնահանգրվանի: Հազար ու մի պատճառով: Բայց, նախ և առաջ, տարածաշրջանի և գերտերությունների միջև չավարտված առևտրի: ՈՒստի Ռուսաստանը փորձում է հնարավորինս շատ շահել սկսված և կարծես դադարի գնացող այդ երկու գործընթացներում էլ` տարածաշրջանում իր վերահսկողությունը դարձնելով անշրջելի թե՛ քաղաքական, թե՛ «խողովակաշարային» առումներով:
Հաշվենք. Սահմանադրական դատարանը ՀՀ օրենքներին հայ-թուրքական արձանագրությունների համապատասխանությունը դիտարկում էր այն նույն օրը, երբ Մոսկվայում Էրդողանը բանակցում էր Մեդվեդև-Պուտին երկյակի հետ:
Ասել է` Հայաստանը խիստ գիտակցված (իհարկե, ոչ առանց Ռուսաստանի «դաբրոյի») սառեցրեց հայ-թուրքական գործընթացը: Որովհետև ոզնուն էլ էր պարզ` ՍԴ-ի որոշումը սառը ցնցուղ էր լինելու Թուրքիայի համար (թող իզուր չասվի` հայկական կողմը վատ էր բանակցել, ՍԴ-ն «լավացրեց» այդ ընթացքը, պարզապես խաղն էր փոխվել, և մերոնք փորձեցին այդ փոփոխությամբ առաջնորդվել):
Հիմա չենք քննարկում խնդիրը, որ հայաստանյան այդ մոտեցումը (ՍԴ-ի մասով), գրագետ լինելուց զատ, նաև ձեռնտու էր այն առումով, որ ազդանշանեց Հայաստանի` խաղի լիարժեք կողմ լինելու մասին: Եվ հետո` զսպեց թուրքական օրավուր աճող ամբիցիաները:
Ընդ որում, «պրեամբուլաներով» առաջնորդվելու Ռուսաստանի «step by step» գործելաոճը եթե ոչ ռուս-ամերիկյան բացահայտ համաձայնության, ապա լուռ «վերաբեռնման» արդյունք է, որովհետև «ամբուլատոր» այդ գործունեությունը երկու կողմերին էլ հնարավորություն է տալիս լրջորեն մանևրելու:
Հիշենք, որ հայ-թուրքական գործընթացից դուրս ճողոպրելու հնարք Թուրքիան վաղուց էր մտմտում. Թուրքիայի համար հայ-թուրքականի ողջ հմայքը երբեք ու երբեք Ադրբեջանն ու նրա «օկուպացված» տարածքները չի եղել: Երբեք: Թուրքիան այս մասով ունեցել է և ունի մեկ գերխնդիր` քրդական հարց, որի լուծման համար պատրաստ է հայ-թուրքական հարաբերություններում լուրջ զիջումների:
Ոչնչի չհասավ Թուրքիան քրդական հարցով: Չէ, ավելի շուտ «հասավ». շուտով Հյուսիսային Իրաքի (հիշեք, թե այնտեղ ինչ նավթ է հորդում) քրդերի «ինքնավար» առաջնորդին` Մասուդ Բարզանին, կընդունի անձամբ Օբաման:
Դառնանք ղարաբաղյան պրեամբուլային: Հիշենք` մադրիդյան նորովի «ընթերցումները» կողմերին հանձնելիս, վաղուց արդեն զառամախտով տառապող ԵԱՀԿ ՄԽ-ն խոստովանեց, որ այս խնդրի հետ կապված իր երևակայությունն արդեն սպառվել է, «ատամները թափվել» են, «ձեռքերը դողում» են, իսկ «աչքերը» ընդհանրապես «չեն տեսնում»:
Ասել է` կամ կողմերը պետք է համաձայնեն նրանց ներկայացրած նոր սկզբունքների հետ, կամ երկարատև «թայմ-աուտի» անհրաժեշտություն կառաջանա:
Եվ ուրեմն` «սարտիրներում մաչիտը» թողած, «խիրուրգ»-բանակցողի վերածված Ռուսիան հագավ սպիտակ ձեռնոցները և արագ գործի անցավ «ամբուլատորիայում», բոլոր հնարավոր ուղղություններով էմիսար-բանագնացներ ուղարկեց Հայաստան, մի քիչ էլ` Ադրբեջան, փոխադարձաբար էլ «էմիսարներ» ընդունեց` մի ձեռքով տեր կանգնելով ադրբեջանական գազին, մյուսով` խնդրի լուծման «նախաձեռնողականությունն» ու «համոզելու գործը» վերցնելով բացառապես իր ուսերին։ Անգամ ինֆորմացիոն արտահոսք կազմակերպեց, թե` բա չեք ասի, մեր ախպերներ, Մեդվեդև Դիման հայ է` լրիվ հայ, Նախշիկյան ազգանունով ծնողներից (մենք էլ ասում ենք` խի՞ է էդքան «նախշուն» Դիման)։ Հա, էլի, իրենց` գազը, մեզ` ապատեղեկությունը, որպես շոյանք մեր ինքնասիրությանը։ Մեկ այլ արտահոսք էլ կազմակերպվեց, թե Ղարաբաղն արդեն բանակցային կողմ է։ Ֆիքսված:
Ռուսաստանը փորձում է կողմերին ստորագրել տալ այդ պրեամբուլան, ինչպես նախորդ օրն ասել էինք` խաղաղապահների մասին ինչ-որ կերպ այնտեղ դրույթ սղացնելու գերխնդրից ելնելով: Սա է նրա իդեֆիքսը: Ասել է` Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ գործընթացի սառեցումից, գարնանից առաջ հասնի նրան, որ նման մի փաստաթուղթ լինի իր «սունդուկում»:
Իսկ հիմա ուշադրություն դարձնենք Սոչիի հանդիպումից հետո հայազգի Լավրովի առաջ քաշած հաջորդ թեզին. կողմերն իրենք պետք է գնան տուն, նստեն բուխարու կողքին, ձեռները դնեն ճակատին ու մտածեն` ինչ առաջարկներ են անում չհամաձայնեցված կետերի շուրջ:
«Մատուշկա»-Ռուսաստանը մտածում է` այդ երկու շաբաթվա ընթացքում հասնել նրան, որ կողմերը մի կետ էլ միմյանց հետ համաձայնեցնեն ու խցկեն «ամբուլայի» մեջ: Այո, ինչպես ասացինք, ապագա խաղաղապահների ռուսական մանդատին առնչվող:
Առաջ ընկնելով էլ կարծենք, որ «պրեամբուլային» այս ողջ խաղը նաև Միացյալ Նահանգների սրտով է: Բանն այն է, որ պրեամբուլայի` իրավական հիմք ունենալու մասին երկու «ուրվական» է շրջում թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում, թե՛ գերտերությունների շահերի ծիրում։ ա) Իրավական տեսանկյունից այն համարվում է համաձայնագիր-արձանագրության լիարժեք մաս: բ) ԱՄՆ-ը, Քոուլի ու Գորդոնի շուրթերով, ասում է` «ամբուլաները» ոչ մի կապ չունեն իրավական ձևակերպումների ու փաստաթղթերի հետ, և արձանագրությունները խորհրդարաններում կվավերացվեն այն տեսքով, ինչ տեսքով ստորագրվել են:
Մի խոսքով, պրեամբուլաները նրա՜ համար են, որ մի լա՜վ առևտուր գնա Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև այս ընթացքում:
Ասել է` եթե Ռուսաստանին հաջողվի այնտեղ սղացնել խաղաղապահների մասին դրույթն ու ստորագրել տալ փաստաթուղթը, ապա ԱՄՆ-ը կկարողանա այդ «մեծագույն ձեռքբերումը» օգտագործել ու փրկել Մերձավոր Արևելքում` Իրաքում, Իրանում, Աֆղանստանում «խրված», վարկանիշի խոշոր անկում արձանագրած Օբամայի իմիջը` ապրիլի 24-ի սպասվող «արհավիրքից» առաջ, քանզի վերջինիս երևակայությունը նույնպես սպառվել է, ու նա չգիտի` ինչ ասել հայ համայնքին, ինչով հիմնավորել փաստը, որ այս անգամ էլ «ցեղասպանություն» բառը շրջանցեց: Էլ չենք խոսում ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչման խոստումի մասին:
Գուցե այդ «պրեամբուլայի» արդյունքում Օբաման նույնիսկ հաջողացնի և համոզի՞ թուրքերին` արձանագրությունները ստորագրել ու սահմանը բացել:
ՈՒ թե ստացվի այդ «հափի էնդը», ապա ղարաբաղյան խաղի նախաձեռնությունը մեխանիկորեն կանցնի ԱՄՆ-ին` ջուր ածելով ռուսաց թագավորի բոլոր կարգի նամակների և ամբուլատորիաների, այնտեղ ամրագրված դրույթների վրա:
ՈՒ էդ ժամանակ էլ արդեն ոտքի կկանգնի Ռուսաստանը, կասի` էդ հո դաղալություն էր, պրեամբուլան հաշիվ չէր:
ՈՒ էդպե՜ս շարունակ։
Էս ամենում լավն էն է, որ մենք, օրինակ, կոնկրետ ու խորապես կասկածում ենք «հափի էնդի» վրա, և կարծում, որ ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի մինչև ապրիլի 24-ը:
Դո՞ւք էլ եք կասկածում։ Բա, դե, տեսնո՞ւմ եք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1747

Մեկնաբանություններ