ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԱՇԽԱՐՀՆ ԱԿԱՆՋԱԼՈՒՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

«ԱՇԽԱՐՀՆ ԱԿԱՆՋԱԼՈՒՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
12.10.2010 | 00:00

Երկար գլուխ ցավեցնել պետք չէր` հասկանալու, թե ինչու է էս անձրևին-ցրտին Հայաստան եկել ՄԱԿ-ի «շկոլայով» անցած Սլովենիայի համակրելի նախագահը:
Մանավանդ որ հազիվ մի երկիր էր գտնվել, էն էլ ԵՄ անդամ, որ Հայաստանից քիչ բնակչություն ուներ: Երկու միլիոն: Մենք իրենց համեմատ, փաստորեն, համարյա գիգանտ ազգ ենք: Դե, էլի՛:
Առավել հետաքրքիր էր այցը հայաստանյան նախաձեռնողական արտաքին քաղաքականության ֆոնին, որովհետև ավելի գիգանտ և խիստ «օրհնված ոտով» երկրի նախագահի` Մեդվեդևի այցից և ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրի կնքումից հետո մեզանում մի տեսակ քաղաքական ապատիան դեռ չէր հաղթահարվել: Մեկ էլ ու խնդրեմ` ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովից, ԵԱՀԿ` Աստանայում դեկտեմբերյան համաժողովից ժամեր առաջ մեր հյուրն է պարոն Թյիրկը (տառադարձում մի արեք` չնայած հանգամանքին, որ անգլերեն այն հնչում է «Թըրք», զի նա շատ համակրելին էր), համ էլ որ` պարոն Թյիրկը ահագին հետաքրքիր մեսիջներ հղեց մի շարք` Ադրբեջանի, Թուրքիայի և նույնիսկ Ռուսաստանի ուղղություններով, ռեֆրենով` «Աշխարհն ականջալուր պետք է լինի Հայաստանին»:
ՈՒ «ականջալուրն» սկսել էր իրենցից: Այո, Սլովենիան, իր նախագահի դեմքով, առաջին անգամ էր ժամանում Հայաստան:
Հայտնի օրինաչափություն է` Արևելյան Եվրոպայի, մանավանդ այս կարգի ու «կալիբրի» երկրների նախագահները համարվում են ԵՄ դեսպաններ, որոնք բավականին բարձր մակարդակով ԵՄ և միջազգային «փաթեթներն» ու հանձնարարականներն են տանում աշխարհին:
Պարոն Թյիրկը կարող է «դիդակտիկ նյութ» լինել Հարավային Կովկասի համար, մանավանդ որ կարողացել է եզակի խաղաղությամբ ապահարզան ստանալ Հարավսլավիայից ու այսօր էլ նույն խաղաղասերն է:
Ի դեպ, տնտեսական ճգնաժամից էլ Սլովենիային սիրով և հավատով պաշտպանում է հարգարժան Համաշխարհային բանկը (չնայած չար լեզուներն ասում են, որ ԲՀԿ առաջնորդը այստեղ ևս որոշակի «գնումներ» է կատարել` հողի տեսքով, և փաստորեն այդ ներդրումները նույնպես նպաստում են Սլովենիայի բարգավաճմանն ու տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը. փաստն առաջիկայում կճշտենք ԲՀԿ-ից):
Այսպիսով, Դանիլո Թյիրկը Հայաստան էր ժամանել ԵԱՀԿ գագաթաժողովի աշխատանքներն առանձին վերցրած Հայաստանի հետ «համաձայնեցնելու» առաքելությամբ: Թող բարձր չհնչի: Գաղտնիք չէ, որ միջազգային հանրությունը, ղարաբաղյան խնդրով շահագրգիռ Եվրոպան և ԱՄՆ-ը, համ էլ Ռուսաստանը, ցանկանում են, որ Աստանայում ինչ-որ դեկլարացիա ստորագրվի հակամարտող կողմերի միջև: Միջազգային հանրությանը, սակայն, առաջին հերթին պետք է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն:
Եվ այդ գետնին վրա դիվանագիտական մեծ դպրոց անցած Թյիրկն այնքան նուրբ առաջ տարավ խաղը, որ առաջին հայացքից շատ դժվար էր գտնել, թե, ի վերջո, ի՞նչ մեսիջ է հղում նա` ի ծագս աշխարհի, այդքան հանգամանալից պատասխանելով միջազգային արդարադատության դատարանի կողմից Կոսովոյի միակողմանի անկախության ճանաչման հարցին: Նա սկսեց շատ հեռվից, բացատրեց, որ Կոսովոն առանձին դեպք էր` այս-այս պատճառներով, շարադրեց հայտնի փաստերը, որոնցից մեզ համար կարևորը հետևյալն էր. «1998-ի որոշակի հրադադարից հետո ՄԱԿ-ը հայտնեց, որ Կոսովոն միջազգային սպառնալիք է միջազգային խաղաղության համար: Եվ 1999-ին Կոսովոն դրվեց միջազգային վարչարարության ներքո»:
Հասկացաք, չէ՞: Չէ՞: Դե, լա՜վ, էլի՛: Ի՞նչ կա չհասկանալու: Ադրբեջանին մեսիջ հղվեց, որ` եղբա՛յր, եթե քո դիվերսիոն ակտիվությունը շարունակես ու այն վերածես ուժի սպառնալիքի կամ ռազմական ուժի կիրառման, ապա... Ղարաբաղը թերևս նույնպես դառնա «առանձնահատուկ դեպք»` նույնքան «առանձնահատուկ» հետևանքներով հանդերձ:
Իսկ ինչու` ո՞չ։
Զգուշացում էր նաև Ռուսաստանին` նույն կոնտեքստով: Գիտենք, որ արևմտյան շատ փորձագետներ անվերջ մտահոգություն են հայտնում Ռուսաստանի կողմից, ինչպես եղավ Օսիայի և Աբխազիայի դեպքում, Ղարաբաղում ևս ղեկավարվող բլիցկրիգի սանձազերծման, սեփական խաղաղապահներին այդ պատրվակի տակ այնտեղ մտցնելու առնչությամբ:
Ահա այդ պահին էլ աս ու լիսին «խառնվեց» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` արձանագրումով. իրավական մոտեցումը մեկն է լինում (ոնց որ «ճիշտը»). «Ինքնորոշման յուրաքանչյուր դեպք, այո, յուրահատուկ է, չի կարելի բոլոր դեպքերը նույն հարթության վրա դիտարկել, սակայն իրավական որոշումները պետք է բխեն նույն հիմքերից»:
Դո՛ւ ասացիր:
Չէ, չասացիր, որովհետև քիչ հետո նույն Սերժ Սարգսյանի խոսքերից պարզվեց, որ ղարաբաղյան ինքնորոշումը «դաբլ» իրավական դաշտում է:
Հիմա էլ Սերժ Սարգսյանն սկսեց պատմե՜լ, թե ոնց եղավ, ինչպես եղավ, որ Ղարաբաղը, որը չէր համակերպվում իր վիճակի հետ նույնիսկ Ստալինի ռեպրեսիաների օրերին, վերցրեց ու ինքնորոշվեց, հետո «վաղը եղավ պատերազմ». «Դաժան պատերազմ, Ղարաբաղը կարողացավ դիմակայել ու պահպանել իր ինքնորոշումը», ասաց Սերժ Սարգսյանը` հնչեցնելով ասուլիսի հաջորդ կարևոր միտքը ` Ղարաբաղը, ի տարբերություն Կոսովոյի, դիմակայեց առանց ՆԱՏՕ-ի օգնության (և թե ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանն էն անգամ` Ռասմուսենի կենդանի ներկայությամբ ասում, որ կռիվ եղավ տարածաշրջանում, կարո՞ղ է ՆԱՏՕ-ն չգա, մի քիչ դժվար կամ հեշտ է հասկանալը):
ՈՒ հենց էստեղ էլ պարզվեց, որ ՆԱՏՕ-ն, իսկապես, «կգա»: Ոչ մեկը ոչ մի բան չէր հարցրել պարոն Թյիրկից, իսկ ինքն ահա հարկ համարեց իր ներածական խոսքում ասել, որ ինքն ու Սերժ Ազատովիչը դեմ առ դեմ հանդիպմանը քննարկել են նաև անվտանգության խնդիրներ, զի աշխարհում անվտանգության նոր սխեմաներ են մշակվում:
Այո, ԵՄ երիտասարդ անդամը մեկընդմիշտ ասաց, որ Ռուսաստանի (էս էն Ռուսաստանը չէ՞, որի հետ մենք 49 տարվա ռազմական պայմանագիր ունենք. ոնց որ` էն է), ասել է` Մեդվեդևի առաջարկած Եվրասիական անվտանգության համակարգը Եվրոպան համարում է ընդունելի, և փորձ է արվում այդ համակարգն ու ՆԱՏՕ-ն համադրել «զմիմյանս»:
Գաղտնիք չէ, որ նոյեմբերին Լիսաբոնում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը (որին մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը. օրերս այդ հրավերը նրան փոխանցեց Հ/Կ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը), ինչպես նաև զուգահեռ ընթացող ՆԱՏՕ-ԵՄ համաժողովներն աշխարհի համար լինելու են խիստ առանցքային: Այնքան առանցքային, որ այնտեղ քննարկվելու են մի կողմից` ամերիկյան դոկտրինն ու տեսլականը ՆԱՏՕ-ի ապագային առնչվող, ի դեմս «երկաթյա լեդի» Մադլեն Օլբրայթի զեկույցի, մյուս կողմից` ՆԱՏՕ-ի ու ԵՄ բրյուսելյան կենտրոնակայանի զեկույցը, որոնք ԱՄՆ-Ռուսաստան-ԵՄ համագործակցության տարբեր մոդուսներ են:
Եվ պարոն Թյիրկի խոսքից հասկանալի դարձավ, որ Ռասմուսենն ու Մեդվեդևը լիարժեք փոխըմբռնում ունեն եվրոպական երկրների կողմից:
Հասանք հաջորդ` Աստանայում սպասվելիք մեսիջին: ԵԱՀԿ գագաթաժողովին, ուր, ինչպես ասացինք, «որոշներն» ակնկալում են Ղարաբաղի հարցով ինչ-ինչ դեկլարացիայի ստորագրում: Այսպես կոչված` վստահության դեկլարացիայի:
Պարոն Թյիրկն ուղիղ երեք անգամ կրկնեց հետևյալ միտքը (մի անգամ ասուլիսի սկզբում, երկու անգամ` ավարտին). ԼՂ հարցում պետք է առաջ շարժվել զգուշորեն, վստահության շրջանակ ձևավորելով կողմերի միջև. «Ես երջանիկ կլինեի ավելի հավակնոտ ծրագրերից խոսել, այնուհանդերձ, պետք է ամեն ինչ անել` նպաստելու վստահության ամրապնդմանը»:
Որ ասում է` «ուրախ կլինեի հավակնոտ ծրագրերց խոսել», նշանակում է` դեսպանորդը չի՞ հաջողել Հայաստան կատարած իր առաքելությունում: Մանավանդ որ ասուլիսի ներածական խոսքում Սերժ Սարգսյանն էլ իր հերթին էր ասել. «Որքան շուտ Ղարաբաղը միանա բանակցային գործընթացին, այնքան մեր ակնկալիքները դրական լուծման ուղղությամբ շատ կլինեն»:
Իսկ թե դա, է՜, երբ կլինի, քանի նման ԵԱՀԿ գագաթաժողով կանցնի, Աստված գիտի:
Թե՞ սա էլ հայկական կողմի յուրօրինակ մեսիջն էր, որ եթե բան է` նման մի դեկլարացիա ստորագրվի Աստանայում, այլևայլ դրույթներին զուգահեռ, այնտեղ ֆիքսում կգտնի հետագա բանակցություններին Ղարաբաղի մասնակցության կետը ևս:
Հա, ի դեպ, փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, որ եթե հանկարծ հնարավոր լինի Աստանայում նման դեկլարացիա ստորագրել, ապա այն հիմք է դառնալու հայ-թուրքական սահմանի բացմանը:
Գլխներիդ ձուն գա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1173

Մեկնաբանություններ