ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԼՈՒՐԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԼՈՒՐԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ
13.04.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում հաստատվեց այն ճշմարտությունը, որ կյանքը բանականությամբ ապրող մարդու համար կատակերգություն է, իսկ զգացմունքներով ապրող մարդու համար` ողբերգություն:
Ապրիլի 8-ին ռուս-ամերիկյան «վերաբեռնումը» համաձայնագրային արտահայտություն ստացավ. Պրահայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրեցին հարձակողական սպառազինությունների կրճատման գործողությունների փաթեթ: 1992 թվականից գործող նախորդ համաձայնագրի ժամկետն ավարտվել էր 2009-ի դեկտեմբերին: Կողմերը պարտավորվում են մեկ երրորդով կրճատել մարտական լիցքերը, երկու անգամ` ռազմավարական կրիչների սահմանային մակարդակը: Նոր համաձայնագիրը 10 տարով է, կարող է երկարացվել ևս 5 տարով, նախատեսվում է, որ երկու երկրների խորհրդարանները կվավերացնեն համաժամանակյա:
Ղրղզստանում նորից ծաղկեցին կակաչները. նախագահ Կուրմանբեկ Բակիևը, թեև պաշտոնապես հրաժարական չի տալիս, բայց գործնականում կորցրել է իշխանությունը: Մայրաքաղաքում ավերածություններն ու կրակոցները մի քանի օր մոլեգնելուց հետո դադարում են, իշխանությունը ստանձնել է ժամանակավոր կառավարությունը Ռոզա Օտունբաևայի գլխավորությամբ: Նա էլ խոստանում է նոր ընտրություններ կես տարուց հետո: Չի բացառվում, որ Ղրղզստանը լինի խորհրդարանական հանրապետություն: Կակաչների հեղափոխությամբ իշխանության եկած Բակիևը իշխանափոխության մեղավոր համարում է արտաքին ուժերին:
Ոմանց համար մեծ հուսախաբություն, ոմանց համար սպասված խոսք էր ՀՀ նախագահի հայտարարությունը, որ վարչապետի փոփոխության լուրերն անհիմն են. «Այսօր, երբ տնտեսությունը կամաց-կամաց վերականգնվում է, ի՞նչ խոսք կարող է լինել տնտեսական թիմի փոփոխության մասին»: Իսկ նախարարների բախտը չի բերում. «Մշտապես կարող են փոխվել նախարարները, և դա ճգնաժամի կամ տնտեսական քաղաքականության հետ որևէ առնչություն չունի»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Ապրիլի 6-ին ՀԱԿ-ի հերթական հանրահավաքն էր, որտեղ գործեց «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» կարգախոսը` պրոլետարների փոխարեն «իրավապաշտպաններ» ընթերցումով: Նրանք եկել էին կոնֆերանսի և միացան ընդդիմության հանրահավաքին` իրենց ձայնը հնչեցնելու հանուն «քաղաքական բանտարկյալների ազատ արձակման, 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների պատճառով զոհվածների մահվան հանգամանքների հետաքննության, խոսքի ազատության ու արդարադատության իրականացման, անազատության մեջ գտնվողների նկատմամբ խոշտանգումների բացառման», ինչպես ասաց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը և կոնֆերանսի մյուս մասնակիցների հետ ազատություն պահանջեց քաղբանտարկյալների համար:
Պաշտոնական այցով Ֆրանսիայում էր Թուրքիայի վարչապետը, նա նախագահ Նիկոլա Սարկոզիին է փոխանցել Աբդուլլահ Գյուլի հրավերը: Սարկոզին ընդունել է, բայց հիշեցնելով, որ Ֆրանսիան ստանձնել է G-20-ի նախագահությունը, նշել է, որ այցը հնարավոր է հոկտեմբերից հետո: Սարկոզին չի խուսափել պաշտոնական Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում Փարիզի բացասական դիրքորոշումը կրկնելուց:
«Trend» գործակալության հաղորդմամբ` Թեհրանը հակամարտող կողմերին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման առաջարկներ: ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին հույս է հայտնել, որ կողմերը կձեռնարկեն դրական քայլեր հակամարտության կարգավորման առնչությամբ:
Ասուլիսներում սովորաբար կրկնվում են հայտնի ճշմարտություններ, բայց երբեմն ինքնատիպ մտքեր էլ են հայտնվում: Օրինակ` Ղարաբաղում ու Հայաստանում ստեղծված վիճակի պատճառը Սամվել Բաբայանը համարել է... քաղաքական դաշտը, որը, նրա կարծիքով, «90 տոկոսով վաղուց պետք է գնար թոշակի, բայց մարդիկ չեն գնում: Մի ամբողջ հաղթանակ` 16 տարի, մսխեցին իրենց խելքից: Ե՛վ այսօրվա իշխանությունները, և՛ երեկվա, և՛ բոլորը»: Ճշմարտության դեմ ի՞նչ ասես: Օրինակ` ի՞նչ և ինչո՞ւ է անում քաղաքական դաշտում զինվոր Սամվել Բաբայանը, ինչո՞ւ է Երևանից բողոքում, թե մի ամբողջ հաղթանակ է մսխվել: Իսկ գուցե ճիշտ է վերադառնալն ու հաղթանակը տեղում պաշտպանե՞լը:
Անկարայում էլ ասուլիս է տվել Ահմեթ Դավութօղլուն և ասել է. «Առաջիկա շաբաթներին մենք հույս ունենք նորմալացնել Հայաստանի հետ հարաբերությունները` գործընթացը տանելով ճիշտ ուղղությամբ, իր բնական հունով»:
«Washington Post»-ն էլ գրել է. «Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները ծրագրում են հանդիպել ԱՄՆ-ում` նոր շունչ հաղորդելու հարյուրամյա թշնամանքին վերջ տալու և սահմանը բացելու ջանքերին»:
Անցած շաբաթ Հայաստանում էր Թուրքիայի վարչապետի հատուկ բանագնացը: Նա գրավոր ու բանավոր ուղերձներ է փոխանցել ՀՀ նախագահին: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը Թուրքիայից ակնկալում է գործնական քայլեր, որոնք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացում վճռական տեղաշարժ կերաշխավորեն: Ֆերիդուն Սինիրլիօղլին Սերժ Սարգսյանին հավաստիացրել է, որ թուրքական կողմը պատրաստակամ է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում առաջընթաց ապահովել: Նա նաև Վաշինգտոնում Էրդողան-Սարգսյան հանդիպման առաջարկ է արել, որն ընդունվել է: Շատ սահուն «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիան նախագահից փոխանցում է վարչապետին. եթե գործընթացը սկսել են Սարգսյանն ու Գյուլը, ինչո՞ւ են շարունակում Սարգսյանն ու Էրդողանը: ԱՄՆ-ը նրա՞ն է հրավիրել համաժողովի, ոչ թե Գյուլին, բայց կարող էր և նրան հրավիրել: Դա պատճառ չէ:
Թուրքիայի վարչապետի բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլին ապրիլի 9-ին գործուղվել է և Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` նրան փոխանցելու Գյուլի ուղերձը և Էրդողանի նամակը: Ալիևը պատմել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ադրբեջանա-հայկական բանակցությունների մասին: Սինիրլիօղլին պատմել է թուրք-հայկական հարաբերությունների մասին: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը լրագրողներին ասել է. «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի և Բաքու ժամանած փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլու հետ զրույցներում նրանք ինձ հավաստիացրել են, որ Թուրքիան մնում է իր նախկին դիրքերում և՛ ղարաբաղյան հակամարտության, և՛ հայ-թուրքական սահմանի բացման հարցում»:
Ապրիլի 12-13-ին Վաշինգտոնում տեղի է ունենում միջուկային անվտանգության հարցերով համաժողով, որին մասնակցող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաժողովի շրջանակներում քննարկումներ կունենա ԱՄՆ-ի նախագահի, Թուրքիայի վարչապետի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլին կայցելեն տարածաշրջան: Ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի համար այցը վերջինն է:
Հասարակությանը վերստին անակնկալ մատուցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. պարզվեց, որ, ի թիվս տասնյակ այլ հարցերի, նա նաև թութքի բուժման հարցերում է հմուտ: Բայց, ելնելով նախկին բարձր դիրքից, զբաղվում է միայն համապատասխան կարգավիճակ ունեցող հիվանդներով: Այնուհանդերձ, նրան դիմելը վտանգավոր է, որովհետև սխալ ախտորոշման պարագայում ճիշտ բուժումը հազվադեպ է: Որ ախտորոշումն առնվազն ինքնակենսագրական է, վկայում է նրա անհարիր հակադարձումը ՀԱԿ-ի հանրահավաքում իր հասցեին հնչած քննադատությանը: Եթե Ռոբերտ Քոչարյանն իր պատասխանը բարձրաձայնելիս «մի քիչ շարժել է այն, ինչը նորմալ մարդկանց մոտ ուղեղ է կոչվում», ինչպես ինքն է բնորոշում, ապա գերադասելի է անշարժ վիճակը` այդպես ավելի անվտանգ է: Իսկ թե ինչքան արդյունավետ նախագահ է նա եղել 10 տարում, թողնենք պատմաբանների ապագա հանձնաժողովները որոշեն, այնքան հարափոփոխ կատեգորիա է ճշմարտությունը քաղաքականության մեջ:
70 տարի հետո Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը երկրորդ անգամ հարվածեց լեհերին: Կատինում գնդակահարված լեհական բանակի սպայակույտի հիշատակը հարգելու համար Վարշավայից Սմոլենսկ չվերթի ժամանակ վթարվեց լեհական թիվ 1 բորտը` նախագահի Տու-154 ինքնաթիռը: Նախագահ Լեխ Կաչինսկուց և առաջին տիկին Մարիա Կաչինսկայից բացի, ինքնաթիռում էր 95 մարդ` խորհրդարանի երեք փոխնախագահները, լեհական բանակի ղեկավարությունը, Ազգային բանկի նախագահը, վտարանդի վերջին նախագահը, պատգամավորներ և այլ բարձրաստիճան պաշտոնատարներ: Լեհաստանում մի շաբաթով սուգ է հայտարարված, մեկօրյա սուգ է հայտարարվել և Ռուսաստանում: Սահմանադրության համաձայն` նախագահի պարտականությունները ստանձնել է Սեյմի նախագահը` Բրոնիսլավ Կոմորովսկին: Նա էլ, ոչ ուշ, քան երկու ամսում, պետք է կազմակերպի նախագահական ընտրությունները: Սմոլենսկի հողը իրենց համար անիծված են անվանել լեհերը, որ օդային աղետից հետո դեռ շոկի մեջ են: Լեխ Կաչինսկուն հետմահու Վրաստանի ազգային հերոսի կոչում է շնորհել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` իբրև Վրաստանի մեծ բարեկամի ու պաշտպանի: Իր ցավակցություններն է հայտնել Հռոմի պապը: Լեխ Կաչինսկու աճյունն արդեն տեղափոխվել է Վարշավա, առաջին տիկնոջը, ցավոք, ոչ: Բրոնիսլավ Կոմորովսկին արդեն սկսել է խորհրդակցությունները խորհրդարանական ուժերի հետ:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ