ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ-ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Ո՞ՐՆ Է ՀՈԳԵՊԵՍ ԱՎԵԼԻ ԱԶՆԻՎ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ-ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Ո՞ՐՆ Է ՀՈԳԵՊԵՍ ԱՎԵԼԻ ԱԶՆԻՎ
08.06.2010 | 00:00

Ղարաբաղյան խնդիրը եղավ ու մնաց անկախ Հայաստանի հոգևոր-«ֆիզիկական» և, իհարկե, քաղաքական հայելին, որի մեջ երևացին հայոց բոլոր «հմայքներն ու թշվառությունները»: Խիստ համաժամանակյա:
Թողնենք պատմաբաններին և հոգեբաններին խնդրի քննարկումը, թե ինչպես է լինում, որ ընդամենը երկու տասնամյակի ընթացքում հայոց երկու նախագահները (Քոչարյանին «դիտելու» ենք ներքևում, այս պահին նկատի ունենք Լևոն Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին) բախվում են նույնատիպ խնդիրների, և տասը (կամ տասներկու) տարի առաջ չսերտած դասը կրկնվում է մեզանում թե՛ «թշնամի միջազգային հանրության», թե՛ ներքին բարդությունների առումով: Ընդ որում, առանձին քննարկման թեմա է խնդիրը, թե ինչպես տասը տարի անց խաղի կողմ է դառնում այն նույն նախագահը, որն իր մաշկի վրա էր զգացել այդ խնդիրների ու տարուբերումների ողջ ծանրությունը: Հիմա արդեն` հակառակ կողմից:
Մեզանում, ինչպես այլուրեք, չկա «իմաստունների խորհուրդ», որը կքններ այդ հարցերի պատասխանները, կգտներ ազգի գենետիկ, կոդային կորսված առանձնահատկությունները` առկա դեգրադացիան շտկելու, «օձի կծածն օձի թույնն է բուժում» սկզբունքը կիրառելու, էթնիկ դիմակայության ֆոնը և ընդերքային կոդը վերականգնելու համար: Չկա նման գիտակցում և` վերջ:
ՈՒստի «քննենք» այն, ինչ կա:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԱՍԵԼԻՍ ՂԱՐԱԲԱՂԸ «ՏԱԼԻՍ» ԵՆՔ
Եթե այնպես լիներ, որ ձերբակալված ընդդիմադիր տղերքի խնդիրը չլիներ (այդպես էլ անպատասխան մնաց հարցը` Սերժ Սարգսյանի ինչի՞ն էր պետք նրանց «փակված» մնալը. դա նրան ավելի վնա՞ս, թե՞ օգուտ տվեց միջազգային, ներքաղաքական, մարդկային առումներով. ուղղակի ոչ մի կերպ չես հասկանում` եթե Նիկոլը պիտի գրի այնպես ու այնքան, ինչքան գրում է այսօր, եթե Սասուն Միքայելյանի հաշվով նախագահը պետք է անվերջ հրահանգ տար` ուշադիր եղեք նրա առողջության նկատմամբ, լավ վիրահատեք, ապա... մի խոսքով), ապա Հայաստանում եզակի ու շատ հետաքրքիր դերաբաշխում կարող էինք ունենալ ընդդիմություն-իշխանություն խաղում: «Երրորդ» ուժի մասնակցությամբ: «Երրորդ» ասելով` նկատի ունենք ազգայնական ուժերին` ՀՅԴ և «հարակիցներ» կոնֆիգուրացիայում:
Բայց քանի որ մեզանում չկա դերաբաշխում և գրագետ խաղի մշակույթ, ինչպես է կայացած երկրներում, հայտնի երգի պես` «ամեն մարդ իրա դարդին» քաղաքականությունն է իրականացվում` լավագույն դեպքում, վատագույն դեպքում` արտաքին քաղաքական այս կամ այն կենտրոնի աչալուրջ հսկողության ներքո:
Այո, դուրսը ևս երբեք չի թույլ տալու, որ հայ տեսակը բացի իր կոդը, օգտվի այդ անսպառ հարստություն-ռեսուրսից, խելացի դերաբաշխումով խաղա, որովհետև այդ դեպքում արդեն շնորհի տակ եղող էթնոսն ընդունակ կլինի ընդհանրական շատ անսպասելի ու ճշգրիտ լուծումների, ինչի դեմն առնելը, իսկապես, դժվար կլինի: ՈՒ որպեսզի էս անռեսուրս` աննավթ-անգազ երկրում որևէ խնդիր չունենա, հարգարժան «թշնամի միջազգային հանրությունը» պետք է սնի հայոց բոլոր ամբիցիաները` զարկ տալով մերոնց էմոցիոնալ-զգայական գենին` պրագմատիզմի մենաշնորհը պահելով իրեն:
Մի խոսքով, լիբերալ հռչակումների ուժերը (դե, գոնե Ղարաբաղի, հարևանների հետ հարաբերությունների, եվրոպական արժեքների դավանման)` ի դեմս այսօր «բեմին վրա քալող» ընդդիմության ու իշխանության, գոնե այդ որդեգրումներում սինխրոն չեն խաղում և ոչ մի հարցում` սկսած ղարաբաղյանից, ավարտած ներքաղաքականով:
Հայաստանի իշխանության և ընդդիմության հաջորդական «հմայքներից» մեկն էլ այն է, որ նախագահները միմյանց բացարձակ չեն վստահում: Չեն վստահում անգամ այն հարցերում, որոնց առնչությամբ գիտեն` «չի տալու Սերժը Ղարաբաղը», «չէր տալու Լևոնը Ղարաբաղը»:
Աշխատող ավելի լավ կարգախոս, քան է` «Ղարաբաղը ծախում» են, չի եղել ու չկա:
Չնայած հանուն արդարության պետք է ասել, որ ինչ-որ խաղ կամա-ակամա նաև առկա է (եթե չհաշվենք Անի Գևորգյանի «շուրջ» տեղի ունեցածը և Դավիթ Քիրամիջյանի վերջին ձերբակալությունը) ընդդիմության և իշխանության միջև: Ազատության հրապարակ-ոստիկաններ «ղալմաղալին» եթե վերաբերվենք որպես «պայքարի մոդիֆիկացիայի», ապա ոստիկաններն օգնեցին, որ ընդդիմության նկատմամբ ընդգծված հետաքրքրությունն ամռան և մեռնող քաղաքական այս սեզոնին պահպանվի:
Մյուս կողմից էլ` գիտենք (մամուլի հրապարակումներից և` ոչ միայն), որ ընդդիմությունը, ի դեմս Տեր-Պետրոսյանի, շատ «չի խոչընդոտելու» իշխանություններին, եթե վերջիններս հանկարծ ու փորձեն ինչ-ինչ լուծումներ տալ ղարաբաղյան խնդրին (էս գլխից պնդենք մեր երբեմնի միտքը, որ նման բան չի լինելու), և հետո` Տեր-Պետրոսյանը թույլ չի տալու, որ բողոքավոր կրիտիկական զանգվածը «կանգնի» և Հայաստանում իրականացնի Ռուսաստանի երազած սոցիալական բունտը:
Հաջորդիվ` իշխանությունն էլ իր հերթին է փորձելու «հոգալ», որ ընդդիմությունը չկորցնի իր «հմայքները» և կարողանա պայքարի լարի վրա մնալ մինչև 2012-ի ընտրություններ` ոչ թե նոսրացած, այլ ուժերի ծաղկուն շրջանով: Ընդդիմությունը հաջորդ խորհրդարանում պետք է։ Բոլոր առումներով: Նախ` «բարեփոխիչ» ու «թարմացնող»: Եվ հետո` ԲՀԿ-ից և մնացյալներից ձայներ «առգրավելու»: Այո, իշխանությունները խնդիր են դրել առավել որակյալ խորհրդարան ունենալու, որը նաև կհամապատասխանի քաղաքական քարտեզին:
Ի դեպ, ընտրությունների նախաշեմին, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կստեղծվի «մաքուր-անաղարտ-սրտացավ» մարդկանց մի թիմ ևս, որը նույնքան «սրտաբաց ու սրտահույզ» զրույցի կբռնվի ընտրողի հետ: Այո, այն կլինի իշխանական պրոյեկտ, որն արդեն ձայներ կտանի ՀԱԿ-ից և մնացածներից: Փաստորեն, «մնացածները» մի քանի ֆլանգով են աքցանի տակ առնվում:
Իսկ որ ՀԱԿ-ը խնդիրներ ունի իր ներսում և մինչև 2012-ը կարող է որոշակի նոսրացում ապրել, նույնպես գաղտնիք չէ:
Այսպես, ՀԱԿ-ում կան զուտ արևմտյան վեկտորի կողմնակիցներ (ՀՀՇ, «Արմատ», Դավիթ Շահնազարյան...), որոնց առանձնապես շատ չեն ոգևորում ՀԱԿ-ի սիրավեպերը, ասենք, ոչ անհայտ պարոն Սեչինի, իմա` Ռուսաստանի հետ (իսկ այդպիսի էմիսարներ, որոնք լրջորեն «ուղևորված» են դեպ Ռուսաստան, նույնպես առկա են ՀԱԿ-ում):
Արևմտականների մոտ, բոլոր դեպքերում, տարակույսներ առաջացնում է Տեր-Պետրոսյանը. նա վերջերս սկսել է շատ հակվել դեպ Ռուսաստան. 98-ի տառապանքը նրան, թերևս, փորձ է «հաղորդել». Տեր-Պետրոսյանը կարծում է, որ առանց Ռուսաստանի ոչ մի խնդիր Հայաստանում չի լուծվի. սա մեզ պատմում են ՀՀՇ-ի, «Արմատի» տղերքը, որոնց զահլեն էնպե՜ս է գնացել մայր-Ռուսաստանից:
ՀԱԿ-ում առկա են նաև ներքին խնդիրներ, որոնք վերաբերում են ոչ միայն վերը նշված ղարաբաղյան, արտաքին քաղաքական հարցերին, այլ ապագա լիդերությանը: Ճիշտ է, կռիվը կա, սակայն կա նաև տեսակետը, որ Տեր-Պետրոսյանը գոնե տեսանելի ապագայում իր լիդերությունը որևէ մեկին «չի տալու». ոչ միայն այն պատճառով, որ ՀԱԿ-ը ոտքի վրա պահելու գործում նրա խարիզման անգնահատելի է, Տեր-Պետրոսյանը պարզապես շատ լավ է հասկանում, որ եթե ձեռքը քաշեց, ապա ՀԱԿ-ը կտապալվի որպես միավոր, որովհետև լիքը լիդերացուներ կան այնտեղ... Չմոռանանք, որ այնտեղ է երբեմնի լիդեր Ստեփան Դեմիրճյանը, այնտեղ է Արամ Զ. Սարգսյանը, Լևոն Զուրաբյանի մասին է խոսվում, պակաս լիդերներ չեն Արարատ Զուրաբյանը, Ալիկ Արզումանյանը, իսկ Դավիթ Շահնազարյանը` ընդհա՜նրապես։
ՀԱԱԳԱ ԱՍԵԼԻՍ ՇՐԹՈՒՆՔՍ ՃԱՔՈՒՄ Է
Ասել ենք` ՀՀ երկրորդ նախագահը քննարկման անսպառ նյութ է` «ֆիզիկական-հոգևոր-քաղաքական» առումներով: Այսօր բավարարվենք առկա փաստով:
Այսպիսով, երեք տարի շարունակ խոսվող թեմային ընդդիմադիրներն առարկայական տեսք հաղորդեցին: 280-էջանոց հայցը` «կից» 4 հազար 5 հարյուր էջով ուղարկվեց Հաագա:
Լա՞վ է դա, թե՞ ոչ, չքննարկենք: Կա փաստը: Ի վերջո, սա ևս այն նույն շարքից է, ուր մեծ է «իմաստունների խորհրդի» կարիքը, որ պատճառաբանվի. ինչո՞ւ հայոց «արքաներից» մի մասի հետ այսպես է պատահում:
Չխորանալով հարցադրումների մեջ` ճի՞շտ էր, թե՞ ոչ` Հաագա սեփական նախագահի դեմ «գործ» տալը, և արդյո՞ք հայոց ոգին այնքան հասուն չէ, որ այդ պատճառներն իր ոգու դաշտերում որոնի ու արդարադատության իր օրրանում բալասանի վիրավոր մարմնի այդ «մասը». արդյոք Քոչարյանը պատճա՞ռ էր, թե՞ հետևանք, և որպես նախադեպ` հասնելով Հաագային, այնտեղից ո՞ւր է գնալու, երբ բոլորս միասնական ենք` պատճառ-հետևանք շղթայի մեջ, թե դա միայն Քոչարյանի «տարածքն» է` իրեն պետք է թողնել:
Անցնենք քաղաքական մոտիվացիային ու ասենք` մի քանի ամսվա ընթացքում սա երրորդ «դիպվածն» էր, որը մեկընդմիշտ կանխեց Քոչարյանի քաղաքական վերադարձի որևէ հնարավորություն: Ընդ որում, այդ բոլոր պրոցեսները տեղի ունեցան ոչ այնքան քաղաքական, որքան հոգևոր ոլորտում:
Առաջին կորուստը Քոչարյանի համար, թերևս, իր ամենամերձավոր զինակցի` Գրիշա Սարգսյանի մահն էր: Վերջինս էր ողջ Հայաստանով մեկ (և ոչ միայն) լուրջ հանգույցներ ու կապեր ապահովում:
Երկրորդ «դիպվածը» Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցից ժամեր առաջ ողջ թիմի «ներիշխանական» ոտքի հանումն էր, որը պետք է հոգեբանական հզոր ազդակ դառնար` «Քոչարյանը վերադառնում» է ռեֆրենով և, շղթայական ռեակցիայի վերածվելով, իրական վերադարձ կերտեր:
Ո՛չ արտաքին աշխարհը, ո՛չ ներքին` հայոց աշխարհը, բացի որոշ բացառություն-անհատներից, շատ չազդվեցին դրանից: ՈՒ էստեղ Քոչարյանի համար ոչ այնքան վարչապետ դառնալ-չդառնալը, վերադարձ-չվերադարձն էր ամենաէականը, որքան ֆիքսումը, որ ինքը հոգեբանորեն զատվել, հեռացել է այն ամբողջությունից, այն աուրայից, որի վրա մոգական զորություն ուներ, որը կոչվում էր հայոց ընդհանրական մենթալ պլան:
Վերջինը սա էր` ընդդիմության Հաագա ուղարկած գործը: Այն իրավաբանական ոչ մի հետևանք չունի: Գիտենք: Զուտ քաղաքական գործիք է: Ընդորում` դարձյալ հոգեբանական: Ընդորում, ոչ միայն ներքին օգտագործման, այլև արտաքին: Դրսի ուժերն էլ այն հարկավոր պահին կկիրառեն: Եթե սկսեցին կիրառել, դա կլինի ազդակ, որ ղարաբաղյան հարցը լուծման ընթացքի մեջ է հայտնվել։
Բոլոր դեպքերում, հոգեբանական այդ կորուստները գոնե Ռոբերտ Քոչարյանի համար խիստ օգտակար են` վճարման ստադիա թևակոխելու առումով։ Այն հոգուն ազատագրում է բերում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1192

Մեկնաբանություններ