ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ»

«ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ»
15.10.2010 | 00:00

«Իրատես de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
«Ադրբեջանահայության հարցը ոչ մի բանակցությունում չի շոշափվում, կարծես մոռացված է։ Այնինչ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել, ու դրա մասին ոչ մի ատյանում չի բարձրաձայնվել։ Պահանջում ենք, որ բոլոր միջազգային կազմակերպությունները լրջորեն զբաղվեն այս հարցով, որովհետև առանց ադրբեջանահայության հարցի լուծման անհնար է հակամարտությունը կարգավորել»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ ՌՈՄԱՆ ԳՈՒԼԲԱՆԴՅԱՆԸ։ Լրագրողների հետ հանդիպման էին եկել նաև կազմկոմիտեի անդամ ԱՐԱՐԱՏ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ և կազմկոմիտեի կոնսուլտատիվ խորհրդի անդամ ԱՐԱՄ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ։
Նշելով, որ ԵԱՀԿ խմբի փաստահավաք վերջին առաքելությունն արտաքին ուժերի պատվեր էր, քանի որ նրանք նախ և առաջ պիտի ուսումնասիրեին ադրբեջանահայերի թողած տարածքները, Գուլբանդյանն ասաց. «Ոչ թե մոնիթորինգ էին անցկացնում, այլ աուդիտորական ինսպեկցիա։ Ե՛վ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վրա ճնշում կա` ազատագրված տարածքները վերաբնակեցնելու առումով։ Կես միլիոն հայություն ցեղասպանության հետևանքով կանգնել է լուրջ խնդիրների առաջ։ Թեև նրանց ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում գրկաբաց ընդունեցին, բայց դա էլ նույն ցեղասպանության շարունակությունն էր, քանի որ հենց այդ երկրները պետք է բոլոր ջանքերը գործադրեին ու ազատագրված տարածքներում պայմաններ ստեղծեին նրանց վերաբնակեցման համար։ Սակայն հակառակը եղավ, այնպես, ինչպես 1915-ի ցեղասպանությունից հետո»։ Բանախոսը նաև ընդգծեց, որ ստեղծելու են հանձնաժողով, որը կուսումնասիրի 1988-1992-ի և ղարաբաղյան պատերազմի տարիների իրադարձություններն ու միջազգային հանրությունից կպահանջի պատժել այդ ցեղասպանությունն իրականացնողներին։ Ի միջի այլոց, Գուլբանդյանը կարծում է, որ Հայաստանի իշխանություններն այս հարցում ոչ ակտիվ քաղաքականություն են վարում, այդ իսկ պատճառով ադրբեջանահայության խնդիրները լիարժեքորեն չեն բարձրաձայնվում։
«Շատ անհասկանալի է` ինչպես է ԵԱՀԿ Մինսկի հանձնախումբը երաշխավորելու իմ վերադարձը հայրենի բնօրրան։ Մենք, ի դեմս Ադրբեջանի, գործ ունենք ցեղասպան իշխանությունների հետ։ Իհարկե, չենք պնդում, թե բոլոր ադրբեջանցիները ցեղասպան են, որովհետև այնտեղ կան մարդիկ, որոնց քաղաքակրթությունը խորթ չէ։ Բայց նրանց իշխանության մեջ նստած է գազանը և ցանկացած պահի կարող է արթնանալ։ Ո՞վ կարող է երաշխիք տալ, թե այնտեղ վերադարձող մարդիկ կրկին չեն ենթարկվի ցեղասպանության։ ՈՒստի նրանց վերադարձը բացառվում է»,- շեշտեց կազմկոմիտեի անդամ Արարատ Ծատուրյանը, հավելելով, որ ինչպիսի ուժ էլ խաղաղապահ առաքելություն իրականացնի, հերիք է մի պահ նրանք «քնեն», ադրբեջանցիներն իրենց գործն անելու են։ Ծատուրյանն առաջարկում է, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու միջազգային այլ կառույցների կողմից ստեղծել հետաքննիչ մարմին, որը կզբաղվի ցեղասպանություն իրագործած հանցագործների հայտնաբերմամբ ու պատժով։
«Ներկա դրությամբ հայտնվել ենք այնպիսի տարածաշրջանում, որը երկու կողմից շրջապատված է ցեղասպան պետություններով, ու մենք պետք է ստեղծենք պաշտպանական համակարգ, քանի որ մշտապես ինքնապաշտպանական խնդրի առաջ ենք կանգնած»,- արձանագրեց Արամ Մանուչարյանը։
Կազմկոմիտեի անդամների կարծիքով` պետք է ազատագրված տարածքներում պայմաններ ստեղծվեն ադրբեջանահայերի բնակեցման համար։ Ի դեպ, առաջիկայում նախատեսվում է կազմկոմիտեի համագումարը, որը կառաջարկի ազատագրված տարածքներում ստեղծել ադրբեջանահայության իրավաքաղաքական միավորում։ Այն կհամագործակցի և՛ Հայաստանի, և՛ ԼՂՀ իշխանությունների հետ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ