ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԴԻՎԵՐՍԻԱ. ՀԻՄԱՐԱՑՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ

ԴԻՎԵՐՍԻԱ. ՀԻՄԱՐԱՑՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ
14.12.2010 | 00:00

Ներկայիս Ադրբեջանի ռազմական գաղափարախոսությունն ու հայեցակարգը իրականում ստեղծվել են ոչ թե պաշտոնական Բաքվում, այլ հարևան Թուրքիայում։ Սակայն այն պրակտիկորեն ձևավորվում է Ադրբեջանում` կազմավորելով զինված ուժերն ու հատուկ ծառայությունները։ Ադրբեջանն աննախադեպ ոգևորությամբ իրականացնում է լայնածավալ միլիտարիզացիայի ծրագիր, որը հատկանշվում է ռազմատեխնիկայի ձեռքբերմամբ, բանակի որակյալ կադրերի պատրաստմամբ, հատուկ ստորաբաժանումների ձևավորմամբ, ժամանակակից սպառազինմամբ և այլն։ Այսօր արդեն կազմավորված է ժամանակի մարտահրավերներին դիմակայող մեքենայացված արդիական բանակ` առավելագույնս հագեցած հարձակողական սպառազինությամբ, տակտիկական բազմաձևությամբ ու ռազմավարությամբ։ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր առջև խնդիր է դրել ստեղծելու տարածաշրջանում քանակական առումով ամենամեծ, և մարտունակության առումով ամենազորեղ բանակը։ Գլխավոր շտաբը հենց այս առումով էլ նպատակադրվել է ռազմական գործողություններից առաջ նրա քանակը 125-ից հասցնել 165 հազար զինվորականի։ Նախ նրանց մեծ դժվարություններով, սակայն վերջնականապես հաջողվեց լուծել գլխավոր խնդիրներից մեկը` հրամանատարական կազմի պատրաստումն ու կադրային սպայակազմի ձևավորումը։ Բանակի սպայակազմում ներառված են տարբեր կատեգորիայի ու որակի խմբավորումներ, խորհրդային բանակի ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ սպաներ, արցախյան պատերազմում ձևավորված մարտական սպաներ, նոր սերնդի սպաներ, Թուրքիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում և այլ պետություններում զինվորական կրթություն ստացած բարձրակարգ սպաներ և այլն։
Ադրբեջանում այսօր առկա է ռազմատեխնիկական մեծ ներուժ, ստեղծված են ռազմական ենթակառույցներ, անցկացվում է ակտիվ ռազմական գաղափարախոսություն պատերազմի կողմնակից քաղաքական ուժերի կողմից։ Բանակի գաղափարախոսությունը, կառուցվածքն ու օպերատիվ ծրագրերը մեկ անգամ ևս հաստատում են, որ տվյալ բանակն ունի հարձակողական նպատակ։ Արագ ռազմականացումն ու սպառազինումը նրա քաղաքական ղեկավարության կողմից թելադրվում են հակամարտության ուժային լուծման նախապատրաստության իրողությամբ։ Հակառակ այն հանգամանքին, որ Ադրբեջանի ժողովրդի և հասարակության բարոյալքումը բավականին մեծ խոչընդոտ կարող է դառնալ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման պարագայում, մյուս կողմից էլ` Ադրբեջանի նավթային գործոնների օգնությամբ արցախյան հակամարտության խնդրի լուծման հույսերի այդպես էլ չիրականացումը կարող է Ադրբեջանին հասցնել կապիտուլյացիայի, այնուամենայնիվ, Ադրբեջանը ձգտում է բացարձակ ռազմական միջոցների կիրառմամբ հասնել խնդրի կարգավորմանը։ Հենց այս տեսանկյունից էլ փորձենք պարզել ԼՂՀ-Ադրբեջան սահմանագոտում վերջերս տեղի ունեցող ռազմական գործողությունների կատեգորիան, որից էլ բխելու է նախ դրանց գործադրած միջոցների, ապա իրական նպատակների բացահայտումը, ինչու չէ, նաև հակառակորդ բանակի մարտական պատրաստվածության աստիճանն ու մակարդակը։
Ըստ ՀՀ պաշտոնական հաղորդագրությունների, ԼՂՀ-Ադրբեջան սահմանագոտում տեղի ունեցող մարտական գործողությունները միանշանակորեն արձանագրվեցին որպես Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիաներ։ Մինչդեռ ցանկացած մարտական գործողություն չի կարող արձանագրվել որևէ կերպ, քանի դեռ հետախուզական տեղեկությունների հիման վրա չի փաստվել դրա իրական էությունը։ Հետախուզությունը հակառակորդին հիմարացնելու արվեստ է, սակայն նրա չնչին թերացումը հեշտությամբ վերածվում է սեփական արվեստը հիմարացնելու լավագույն միջոցի։ Հարկ է նշել, որ դիվերսիան բավականին լուրջ կատեգորիա է, և նրա գործունեության տարածքը ոչ թե սահմանային գոտիներն են, այլ հակառակորդի խոր թիկունքը։ Սակայն, նախ, պարզենք, ըստ էության, ինչ է դիվերսիան, հետախուզադիվերսիոն խմբերի (ՀԴԽ) մարտավարությունը, նրանց դերն ու նշանակությունը նախապատերազմական իրավիճակներում։
«Դիվերսիա» բառն ունի լատինական ծագում («Diversion»), որը պարունակում է բազմաձևությամբ առաջացած շեղումների իմաստը։ Ռազմական այս ինքնատիպ գիտությունը խտացված է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական անվտանգության կառուցվածքների բացարձակ իմացությամբ։ Դիվերսիոն գործունեության դաշտը, լինելով բազմաճյուղ և բազմաբնույթ, միևնույն ժամանակ բաժանվում է հիմնականում երկու գլխավոր գոտիների. ա) «ռազմական միջավայր», բ) «քաղաքացիական միջավայր»։ Առաջինն ընդգրկում է այն բոլոր շինությունները, տարածքներն ու ենթակառուցվածքները, որոնք գտնվում են զինվորական և կիսառազմականացված ծառայությունների տնօրինության ներքո։ Երկրորդն ընդգրկում է ոչ ուժային գերատեսչություններին պատկանող այն հիմնարկներն ու տարածքները, որոնք գտնվում են կառավարության ու դաշնակից պետությունների կամ խոշոր հիմնարկների տնօրինության տակ, սակայն ներգրավված են ազգային անվտանգության համակարգում։
Երկու գոտիների պարագաներում էլ դիվերսիոն հարվածներն իրականացվում են առկա երկու մեթոդների կիրառմամբ` 1. «բացահայտ ռազմական միջոցներ», 2. «կենցաղային միջոցներ»։ Դիվերսիայի էությունն այն է, որ արդեն իսկ իրականացված հարվածներից հետո հակառակորդի տարածքում արձանագրվում է միայն կատարված փաստը, և ռազմական փորձագետների կողմից այն որակվում է, մի կողմից, իբրև պատահականությունների, բնական աղետի, դժբախտ պատահարի, անզգուշությունների հետևանք, մյուս կողմից` որպես խափանարար գործունեություն, սաբոտաժ և այլն (այն պայմանավորված է մարտական առաջադրանքի էությամբ և բնույթով), սակայն ոչ երբեք դիվերսիա։ Դիվերսիոն գործունեության ճիշտ բացահայտման կամ նրա խափանման դեպքում այն դադարում է դիվերսիոն բնույթ ունենալուց, և կատարվածն արձանագրվում է որպես սաբոտաժ, ասպատակություն և այլն։ Մինչդեռ վերջիններս նույնպես դիվերսիայի մաս են կազմում, պայմանով` եթե այն օգտագործվում է միայն շեղման նպատակով և ունի այդ հատկանիշները որակող ձեռագիր։ Հարվածի ենթարկված օբյեկտները հաճախ միայն միջոց են դիվերսիայի հատուկ գործողությունները թաքցնելու, շեղումներ առաջացնելու, իրական նպատակները թաքցնելու համար։ ՀԴԽ-ները մասն են Գլխավոր շտաբի, Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) հատուկ նշանակության ստորաբաժանումների։ Նրանք ստեղծված չեն դիրքային, խրամատային մարտերի կամ սահմանային գոտիներում լոկալ մարտական գործողություններ իրականացնելու, ինչպես նաև պատերազմական գլոբալ խնդիրներ լուծելու համար, սակայն վերջնականորեն նրանք են վճռում պատերազմների ընթացքն ու ելքը։ ՀԴԽ-ն իր գործունեությունը ծավալում է հիմնականում հակառակորդի թիկունքում։ Աննկատ անցնելով ճակատային գիծը կամ պետական սահմանը, նպատակ է հետապնդում լիարժեք վերահսկողության տակ վերցնելու ռազմավարական նշանակություն ունեցող գոտիները, հանրապետական, միջքաղաքային նշանակություն ունեցող կենտրոնական մայրուղիները, զուգահեռ ճանապարհները, արահետներն ու ոլորանները, պետական կառավարման օբյեկտները, ենթակառույցները, վարչական շենքերը, միջուկային սպառազինման, կենսաբանական, զանգվածային բնաջնջման կենտրոնակայանները, կամ, ըստ մարտական առաջադրանքի, ոչնչացնում է դրանք։ Այս պարագայում խտրականություն չի դրվում, որ հարձակման թիրախները կարող են տեղակայված լինել տարածաշրջանից դուրս կամ մեկ այլ պետության սահմանային տարածքում։ ՀԴԽ-ի ներթափանցումը ճակատային գծով իրականացվում է աննկատ, չթողնելով որևէ հետագիծ։ Նախապես իրականացված հետախուզության արդյունքում ընտրված անցման տակտիկական խորությունը կտրում-անցնում է միանգամից և մինչև գործողությունների ավարտը մնում է ոչ միայն քողարկված, այլև նրա առկայության որևէ փաստարկ չի ֆիքսվում հակառակորդի հետախուզության կողմից։ ՀԴԽ-ի հետախուզական գործունեությունը չի սահմանափակվում հակառակորդի ռեսուրսների լիարժեք տիրապետումով, այլ զուգահեռաբար իրականացվում են ինչպես երկրաբանական տոպոգրաֆիական, նույնպես էլ ռելիեֆային, կենսոլորտային հետազոտություններ, դրանց արդյունքները նույնպես օժանդակ տարրեր են։ Ըստ պատերազմական իրավիճակի, հակառակորդի խոր թիկունքում լայնածավալ գործողություն իրականացնելու արդյունքում, քայքայելով զորախմբերի նյարդերն ու համբերությունը, նախ` կտրում է ճակատային գիծը խոր թիկունքից, հակառակորդին թողնելով որևէ օժանդակությունից զուրկ, ապա նախապատրաստում է դեսանտային ուժերի գրոհները ողջ տակտիկական խորության ուղեգծերում։ Մարտական գործողությունների ընթացքում չեն կրկնվում տակտիկական հնարքները, մինչդեռ իրականացվում են օրինաչափությունից դուրս «անտրամաբանական» կտրուկ շրջադարձեր։ ՀԴԽ-ն իր շարժերն իրականացնում է անհավանական և անիմաստ տարածքներով։ Գործում է ինքնուրույն և մեկուսի։ Մարտական առաջադրանքի իրականացման համար միջոցներն ու ձևերն ընտրում են ըստ ռազմական իրավիճակի, հաճախ փոփոխելով գործունեության ոճն ու տակտիկական քայլերը։ Ըստ առաջադրանքի պատրաստ են իրականացնելու մարտական ապակողմնորոշող գործողություններ ցանկացած զինյալ խմբավորմանը հատուկ ձեռագրային ոճով, մինչև իսկ աշխարհում գործող տարբեր պետությունների հատուկ ծառայությունների ստորաբաժանումների տեսակին և ձևերին հարիր։ Մեծ նշանակություն է տրված ոչ միայն հարվածի ենթարկվող պետության անվտանգության համակարգի իմացությանը, այլև նրա` որպես ժողովրդի, որպես էթնոխմբի ազգային նախասիրությունների, ցեղային հոգեբանության, պայքարի կուլտուրայի և այլ գործոններին։ Սակայն, ինչպես նշվում է ՀՀ պաշտոնական հաղորդագրություններում, Ադրբեջանի դիվերսանտներն անթաքույց գրոհներ են իրականացնում ԼՂՀ սահմանների վրա, և մինչև իսկ ձախողված գրոհային դիվերսանտների մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, վահաբիստական շարժման ակտիվիստների լուսանկարներ, զոհի մարմնի վրա հատուկ ստորաբաժանման տարբերանշանի դաջվածք և այլն։ Այս իրողությունն էլ իր հերթին ընդունվել է որպես տիպիկ ադրբեջանական թերհասունության օրինակ։ Մինչդեռ խնդիրներն ավելի քան լուրջ են և պահանջում են վերանայել ինչպես կատարված դեպքերն ու դրանց շարժառիթները, այնպես էլ քաղաքական տարրերն ու ուղղվածությունը։ Մի կողմից` վերծանելով ՀՀ պաշտոնական հաղորդագրությունները, մյուս կողմից` հիմնվելով հետախուզական մի քանի կանոնների վրա, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից դեռ նոր միայն պիտի իրականացվեն դիվերսիոն գործողություններ, սակայն ոչ միայն ԼՂՀ սահմանային գոտում, այլև նրա խոր թիկունքում։ Մինչ այժմ իրականացած մարտական գործողությունները` ուղեկցված բջջային հեռախոսներով, ձեռագրային առումով, մոտ են ռուսական հատուկ ծառայությունների օժանդակ խմբերի ոճին, որոնք այս պարագայում ժամանակ առ ժամանակ գրոհի տպավորություն ստեղծելով` մարտի են բռնվում հակառակորդի սահմանապահ ուժերի հետ` ստիպելով նրանց, նախ, վերաձևավորել ուժերի դասավորությունը` պաշտպանականից անցնելով դիմադրության, ինչն իրենից ներկայացնում է նոր ուժերի տեղաբաշխում, կառուցվածքային ու դիրքային փոփոխություն, օժանդակ կրակակետերի ավելացում, դիմադրության նոր օջախների ստեղծում և այլն, ապա իրենց նախընտրած հատվածում ստեղծել գլխավոր ուժերի կենտրոնացում։ Որպես ընդունված կանոն, գլխավոր ուժերը կենտրոնանում են այն հատվածում, որտեղ ավելի ակտիվ են մարտական գործողությունները, իսկ դրանք լինում են միայն պաշտպանական թույլ օղակների վրա։ Հաճախ թույլ են համարվում այն օղակները, որոնք բացարձակապես լավ պաշտպանված են և լրացուցիչ օժանդակության կարիք չունեն։ Մինչդեռ այս գործողություններին զուգահեռ ռազմական գործողությունները լոկալ հատվածի աջ և ձախ թևերով ապահովում են ՀԴԽ-ի աննկատ թափանցումը հակառակորդի ճամբար։ Ընդհանուր առմամբ ԼՂՀ սահմանային ողջ երկայնքով մեկ Ադրբեջանի զինված ուժերը բավական մեծ հաջողությամբ իրականացնում են ռուսական «կՏՎպւՌ ՉՏռվօ» տակտիկական տեխնոլոգիաները, որը, ըստ էության, իրենից ներկայացնում է բազմահազար աննկատելի և դեռևս չգոյացած այն իրավիճակը, որը նշանակություն չունեցող մի շարք գործոնների հետ տարրալուծվելով վերաձևավորվելու է ապագայում իբր հստակ մարտական խնդրի, սակայն տվյալ պարագայում այլևս անլուծելի։ Դիվերսիոն խմբերի բացահայտումն ու վերացումը բավականին բարդ և դժվարագույն խնդիրներից մեկն է աշխարհի բոլոր հատուկ ծառայությունների համար։ Այն պահանջում է, նախ, ավելին, քան մասնագիտական, ապա և հետախուզական ծառայությամբ բավական բարձր մակարդակի ապահովում, սիստեմատիկ և մեթոդիկ մոտեցումներ։ ՀՀԶՈՒ-ն բավականաչափ հագեցած է մասնագիտական պրոֆեսիոնալ բարձրակարգ սպայակազմով ու հատկապես ՀԴԽ-ների և օտար պետություններում հատուկ օպերացիաներ իրականացնող զորախմբերի զսպման և վերացման առումով։ Այս պարագայում դժվար չէ ԼՂՀ-ի սահմանների 10-12 կմ խորությամբ զուգահեռներով հատուկ տակտիկական ուղղվածության ստորաբաժանումների միջոցով իրականացնել ռազմարշավներ, որոնք կուղեկցվեն բացարձակապես հետախուզական սկզբունքներով։ Մինչև իսկ ցածր տակտիկական մակարդակով կազմակերպված ռազմարշավները եթե չեն բացահայտում ՀԴԽ-ների առկայությունը, ապա զգալի ժամկետով խափանում են կազմակերպվող դիվերսիաները։ Մինչդեռ անհավանական իրավիճակներ ստեղծելու մեթոդներով կարելի է հակառակորդին կանգնեցնել տրամաբանությունից զուրկ, անլուծելի խնդրի առջև։ Սա արդեն պատերազմական մշուշն է, որն իրենից ներկայացնում է այն իրավիճակը, ուր անհնար է իմանալ հակառակորդի բոլոր անհրաժեշտ գործոններն ու կորչում է սեփական ուժերի հաշվեկշիռը։ Եթե անհստակ առաջադրված խնդիրը միջոց է հակառակորդին անորոշության մեջ պահելու, ապա դրան զուգորդված վճռական գործողությունները որոշում են մարտի ելքը։ ՀՀ և ԼՂՀ ՊՆ գլխավոր շտաբները բավականին մեծ աշխատանքներ ունեն այս առումով իրականացնելու, և ժամանակն է արդեն զսպողական քաղաքականությունը փոխարինելու «ժամանակի մարտահրավերներ»-ին դիմակայող համահունչ ռազմավարությամբ։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ «Դրո» գործով մահվան դատապարտված

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ