ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ի՞ՆՉԸ ՄԱՐՍԵՆՔ

Ի՞ՆՉԸ ՄԱՐՍԵՆՔ
23.03.2010 | 00:00

Ինչի՞ համար են ասուլիսները։ Այս հարցն առավել քան տարողունակ է ու առաջին հայացքից այնքան ակնհայտ պատասխան ունի, որ հարցը դարձնում է անհեթեթ: Բայց իրականում լրիվ հակառակն է: Ճշտենք` ասուլիսները հրավիրվում են ինչ-որ բան ասելու, ինչ-որ բան չասելու և ինչ-որ բան իմանալու նպատակով: Սա` ասուլիս հրավիրողի տեսակետից, բայց կա նաև ասուլիս գրողի, ասուլիս ընթերցողի կամ դիտողի տեսակետը: Պատկերացնո՞ւմ եք` ինչ բազմազանություն:
Մարտի 22-ի ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը, ով հատկապես պերճախոս լեզու ունի, անդրադառնալով իշխանափոխության հնարավորության մասին նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի տեսակետին, ասել է. «Այսօր ՀՀԿ-ն և կոալիցիան ունեն բավականաչափ ուժ, և նոր մարդիկ մեզ պետք չեն: Եթե հարկ լինի, ապա հնարավոր է, ինչ-որ հարցերում մենք դիմենք Ռոբերտ Քոչարյանին, որպես փորձառու գործչի: Բոլոր դեմոկրատական երկրներում նախկին պաշտոնյաներն օգնում են հաջորդ իշխանություններին, կիսվում են իրենց փորձով: Սակայն հաճախ փոխել պաշտոնատար անձանց` ճիշտ չէ։ Թույլ տվեք մարսել մարտի 1-ը»:
Սկսենք սկզբից։ Ստացվում է` ՀՀԿ փոխնախագահը ՀՀԿ-ն դուրս է դնում կոալիցիայից, եթե ասում է «ՀՀԿ-ն և կոալիցիան», բայց դա, առանձնապես ոչինչ, համարենք լեզվի սայթաքում: Անհասկանալին և վտանգավորը մտքերի հետագա ընթացքն է. «...հաճախ փոխել պաշտոնատար անձանց` ճիշտ չէ, թույլ տվեք մարսել մարտի 1-ը»: Փաստորեն, Ռազմիկ Զոհրաբյանը մարտի 1-ը ենթագիտակցորեն, թե ուղղակիորեն կապում է Ռոբերտ Քոչարյանի հետ: Իհարկե, դա առանձնապես մեծ գյուտ ու հայտնագործություն չէ, բայց երբ հնչում է ՀՀԿ փոխնախագահի շուրթերից, դառնում է խոստովանանքի պես: Սա` մեկ, երկրորդ` առավել անհասկանալին ու վտանգավորը` «թույլ տվեք մարսել մարտի 1-ը»: Այսինքն` ի՞նչը մարսենք։ Տասը մարդու մա՞հը, հարյուրավոր վիրավորներին, համազգային շո՞կը, երկրի խայտառակությո՞ւնը։ Ի՞նչը մարսենք: Եվ` ո՞վ մարսի: Ի՞նչ է նշանակում այդ «մարսել»-ը: Մի՞թե նման խնդիր կարող է ունենալ իշխանությունը: Կամ` ընդդիմությունը: Կամ` ժողովուրդը: Որևէ նորմալ մարդ: Այդ տրամաբանությամբ մարսել մարտի 1-ը, փաստացի նշանակում է մոռանալ, լռության մատնել, ուրանալ, հերքել: Բայց չէ՞ որ նույն իշխանությունը խնդիր է դնում բացառել մարտի 1-ի կրկնությունը: Ա՞յս ճանապարհով: Եվ այնուհանդերձ, նույնիսկ դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ Ռազմիկ Զոհրաբյանը Հայաստանը համարում է դեմոկրատական երկիր ու բերում է «բոլոր դեմոկրատական երկրների» օրինակը, որտեղ նախկին պաշտոնյաներն օգնում են հաջորդ պաշտոնյաներին: Դեմոկրատական երկրներում ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ, ընտրություններից հետո մարտի 1-եր չեն լինում: Իսկ եթե նույնիսկ լինում են, մարսելու խնդիր ոչ ոք չի դնում:
2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա իրադարձություններից հետո, երբ դեռ մի շաբաթ Բաղրամյան պողոտայի մայթերին երևում էին բուռն գիշերվա հետքերը, ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը շնորհակալություն հայտնեց երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին` իրավապահների գործադրած պրոֆեսիոնալիզմի համար: Իհարկե, լրագրողները նրան չհասկացան, և Արսենյանը դեռ երկար ստիպված էր բացատրել, որ իր շնորհակալությունը շատ տեղին է ու շատ անհրաժեշտ, քանզի ամբողջ գիշեր ու լուսաբացին ծավալված իրադարձություններում ոչ մի զոհ չի եղել: Իհարկե, Արսենյանին չէին հավատում, ասում էին` պատրվակ է գտել: Բայց մարդը, փաստորեն, ճիշտ էր։ Մնում է պարզել և Զոհրաբյանին տեղեկացնել` իսկ ո՞ւր է ՄԱԿ-ը:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1327

Մեկնաբանություններ