ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԳՈՒՑԵ ԽՆԴԻՐԸ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՌՈՒ ՊԱՀԵ՞ԼՆ Է

ԳՈՒՑԵ ԽՆԴԻՐԸ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՌՈՒ ՊԱՀԵ՞ԼՆ Է
20.07.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում վերստին շոգ էր, բայց արդեն մոտալուտ աշնան հիշեցումով, իսկ աշնանը հաշվում են ճտերը, որ անկարգ ու անկապ բազմացել են գարնանն ու ամռանը:
Կուսակցությունները սկսել են համագումարներ անել: Համարյա մեկ տարի ու ավելի պարբերաբար հետաձգվող համագումարը վերջապես գումարեց «Ժառանգությունը»: Ինչպես և սպասվում էր` մի քիչ վատ խաղացված թատրոն, մի քիչ ներքին ու արտաքին քաղաքականություն, մի քիչ սեփական ընկալմամբ հայրենասիրություն ու արդեն անթաքույց դարձող իշխանասիրություն. ահա ինչ երևակեց «Ժառանգության» համագումարը: Վերջապես Րաֆֆի Հովհաննիսյանը շինծու ժողովրդավարության շրջանն իր կուսակցության շրջանակներում ավարտեց ու հանդգնեց ստանձել կուսակցության ղեկավարությունը, ինչը և՛ ռազմավարական, և ՛մարտավարական քայլ էր: Մարտավարական` հիշեցնելու, որ ինքը, այնուամենայնիվ, գրավոր թե բանավոր գործող, բայց քաղաքական դեմք է, ոչ միայն նամակներ է գրում ու պատասխաններ ստանում իր կուսակիցներից, այլև կարող է նրանց հետ կենդանի հաղորդակցվել, նույնիսկ ղեկավարել: Ռազմավարական` հերիք է ժողովրդավարություն ու նոր տիպի կուսակցություն խաղալ, որտեղ կարող են ղեկավար դառնալ բոլորն ու յուրաքանչյուրը, կուսակցությունն ունենում է ու ունի մեկ ղեկավար, ում հետ էլ պետք է վարել նախընտրական բանակցությունները: Շատ լուրջ խնդիր ունի լուծելու Րաֆֆի Հովհաննիսյանը` ապացուցել, որ համարժեք մրցակից է ՀՅԴ-ին` ընդդիմության ձայները տրոհելու համար, ուրեմն պետք չէ քաղաքական և ֆինանսական միջոցները նոր ուժ ստեղծելու վրա վատնել, այլ պետք է բաշխել ՀՅԴ-ի ու «Ժառանգության» միջև` հնարավորինս նվազեցնելու համար ՀԱԿ-ի ձայները: Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ապացուցի իշխանությանը, որ իբր ընդդիմություն է, բայց կառավարելի (ականջդ կանչի, Արտաշես Գեղամյան` ինչ հարուստ փորձ ուներ այդ գործում), ընտրողներին, որ ընդդիմություն է և վստահելի (այս խնդիրը լուծելու համար ինչքան պետք է զգույշ լինել ՀԱԿ-ի հետ հարաբերություններում), կուսակիցներին, որ բոլոր խաղերի ավարտից հետո կունենան հենց այն, ինչի համար անդամագրվել են «Ժառանգությանը» (նույն խնդիրները կարող էին լուծել ավելի հեշտ` այլ կուսակցությունների գաղափարների ու ծրագրերի իրականացմանը նվիրվելով):
Հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստում ելույթ է ունեցել: «Ո՛չ Հայաստանը, ո՛չ անջատողականները, ո՛չ ինչ-որ երրորդ կողմ չի կարող առանց Ադրբեջանի համաձայնության որևէ կարգավիճակ տալ Լեռնային Ղարաբաղին: Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմից դուրս չի լինի», ասել է Ալիևը` այդ դիրքորոշումը համարելով ադրբեջանական ժողովրդի ու պետության, միջազգային միջնորդների տեսակետը: Նա կարծում է, որ ՄԽ համանախագահների առաջարկները նշանակում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում, հայկական զորքերի դուրսբերում օկուպացված շրջաններից և հարկադրված տեղահանվածների վերադարձ հարազատ վայրեր: Ալիևը հիշեցրել է, որ բյուջեում կատարված փոփոխություններով ռազմական ծախսերը հասցվել են 1,5 միլիարդ դոլարի, լրացուցիչ 500 միլիոն է հատկացվել ռազմական հարցերի լուծմանը. «Դա մասն է մեր նպատակամիտված քաղաքականության, քանի որ մենք ապրում ենք պատերազմի պայմաններում և պետք է ուշադրություն դարձնենք երկրի ռազմական ներուժին»: Ադրբեջանի նախագահը նորից ու նորից փառաբանել է իր երկրի բանակի մարտական հզորությունը, ժամանակակից զենքերը, զինամթերքները, պաշտպանական հզոր արդյունաբերությունը: «Հայ-ադրբեջանական, լեռնայինղարաբաղյան հակամարտությունը կլուծվի ադրբեջանական ժողովրդի կամքի համաձայն: Երբ հայկական կողմն ասում է, որ Լեռնային Ղարաբաղը ինչ-որ ժամանակ կլինի անկախ, դա նրանց երևակայությունն է, ցանկությունը, երազանքը», ասել է Ալիևը: Նա անդրադարձել է նաև պատերազմին. «Հայաստանում ոմանք կարծում են, որ հաղթել են պատերազմի առաջին փուլում: Ես կարծում եմ, որ նրանք տանուլ են տվել: Ադրբեջանը զինադադարի ընթացքում անցել է մեծ ու հաջող ճանապարհ: Մենք հասել ենք մեծ բարձունքների: Ադրբեջանն այսօր մի երկիր է, որ մեծ հարգանք է վայելում միջազգային մասշտաբով, տարածաշրջանում կարևոր դեր է խաղում: Առանց մեր մասնակցության չի լուծվում ոչ մի հարց»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հաջողությամբ փոխարինում է ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզային, որ իբր «պատահաբար» շատ «բնականորեն» բացահայտում էր բանակցությունների բովանդակությունը, հետո, իհարկե, հաջորդում էին հերքումները, պարզվում էր` լրագրողներն են սխալ հասկացել կամ մեկնաբանել, բայց գործն արված էր լինում: Էլմար Մամեդյարովը Բաքվում ասուլիսում «պատահաբար» ասել է, որ Ադրբեջանը համաձայն է Հայաստանի գրաված Քելբաջարի ու Լաչինի շրջանները հինգ տարում վերադարձնելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկին. «Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ առաջարկում էր Քելբաջարը և Լաչինը Բաքվի վերահսկողությանը հանձնել միայն 10 տարի հետո, իսկ Ադրբեջանը պնդում էր, որ դրանք պետք է վերադարձվեն 1 տարվա ընթացքում»:
Հիշողությունների դուռը բացած Մամեդյարովը շարունակել է. «Նախագահ Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացի սկզբնական փուլում Երևանը կրճատեց այդ ժամկետները մինչև 7 տարի, իսկ Ադրբեջանը հանդես եկավ առաջարկով` 3 տարվա ընթացքում հայկական զորքերը Քելբաջարի ու Լաչինի շրջաններից հանելու մասին»: Մամեդյարովն ասել է նաև, որ սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ Ռուսաստանն առաջարկներ է ներկայացրել հակամարտության լուծման վերաբերյալ, այդ թվում` Քելբաջարի ու Լաչինի վերադարձը ներառող:
Մինչ տրամաբանական կլիներ, որ ստելու պարագայում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին հերքեին ՄԽ համանախագահները, այդ արեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը. «Դա բացահայտ սուտ է: Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի վերահսկողության տակ Լաչինի և Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը: Այդ հարցը չի քննարկվել նաև նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում»:
Հուլիսի 17-ին Ալմաթիում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հայտարարություն են արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները: Նրանք արձանագրել են, որ Ալմաթիում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ և հիշեցրել են 2009-ի դեկտեմբերի 1-ին Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների ընդունած հայտարարությունը ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու հակամարտող կողմերի պարտավորության մասին` հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների հավասար իրավունքներ ու ինքնորոշում: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը կարծում են, որ հակամարտության հաղթահարման բոլոր տարրերը մտածվել են որպես մի ամբողջություն, և ընդհանուր թվից մի քանի տարր վերցնելու ցանկացած փորձ հավասարակշիռ լուծման հասնելը դարձնում է անհնար: Նրանք կարծում են, որ մինչև այժմ հակամարտող կողմերի ջանքերը բավարար չեն եղել տարաձայնությունները հաղթահարելու համար, և ափսոսանք են հայտնել 2010 թ. հունիսի 18-19-ի լուրջ ռազմական միջադեպերի ու հետագա կտրուկ հրապարակային հայտարարությունների առիթով: Հայտարարությունը նշում է, որ հատկապես ուժի կիրառումն է հանգեցրել ներկա իրավիճակին, և դրա կրկնակի կիրառումը կարող է բերել տառապանք, ավերածություններ, թշնամություն, ինչը կշարունակվի սերնդեսերունդ: Հեղինակները հաստատել են խաղաղ համաձայնության հասնելու գործում հակամարտող կողմերին աջակցելու հավատարմությունը, այնուհանդերձ, «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական պատասխանատվությունն ընկած է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների վրա»: Մեկնաբանելով հայտարարությունը` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ շեշտադրվում են հակամարտության լուծման երեք սկզբունքները, որոնց չի կարելի ընտրովի մոտենալ: Ադրբեջանը խոսում է միայն տարածքային ամբողջականության մասին, բայց խոսքը երեք սկզբունքներին է վերաբերում: Եթե Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստ է այդ դրույթներով աշխատելու միայն տարածքների վերադարձից հետո, դա մեկ սկզբունքի սպեկուլյացիա է:
Ալմաթիում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները` առանց մամուլին տրվող հաղորդագրության: Մամուլի համար հայտարարություն չի արվել նաև ՄԽ համանախագահների հետ հանդիպումից հետո: Միայն Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը հույս ուներ համաձայնության գալ Հայաստանի հետ, սակայն Հայաստանը կրկին բարձրացրել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ըստ Մամեդյարովի` Հայաստանը ցանկություն չունի հարցը կարգավորելու: Սկզբից պետք է լուծել տարածքների հարցը, և եթե վերադարձվեն հինգ հարավային շրջանները, Ադրբեջանը համաձայն է բացելու բոլոր կոմունիկացիաները: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ևս ասել է, որ սպասում էին արդյունքների, բայց ոչինչ չի ստացվել:
Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Թուրքիան հանդես չի եկել Ղարաբաղի հակամարտության գոտի թուրք խաղաղարարներ ուղարկելու առաջարկով և նման ծրագիր չունի:
ՆԱՏՕ-ն կարող է առժամանակ բացել հայ-թուրքական սահմանը, իսկ գուցե` ոչ: Արտակարգ իրավիճակների դեմ համախմբված գործելու և գործընկեր պետությունների համագործակցությունը խորացնելու նպատակով Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգող կենտրոնը ամեն տարի ՆԱՏՕ-ի շրջանակներում կազմակերպվող ցամաքային զորավարժություններն այս տարի անցկացնելու է Հայաստանում` սեպտեմբերի 11-17-ին, 20 երկրների, նաև Թուրքիայի մասնակցությամբ: Այդ առիթով հնարավոր է, որ ժամանակավորապես բացվի հայ-թուրքական սահմանը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բուրաք Օզուգերգինը հայտարարել է, որ սահմանի բացման նախապատրաստական աշխատանքները բացառիկ են և պայմանավորված են զորավարժություններով` նպատակը զորավարժություններում անհրաժեշտ տեխնիկան ցամաքային ճանապարհով Հայաստան փոխադրելն է: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հերքել է այդ լուրերը` ասելով, թե Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացումը քննարկման թեմա չէ:
ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական գագաթաժողովում որոշում է ընդունվել մինչև 2010-ի վերջը ԵԱՀԿ գագաթաժողով անցկացնել Աստանայում:
Իտալիայի «Corriera della Sera» թերթի հետ հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Թուրքիան պետք է դառնա Եվրամիության անդամ, այլապես դաշինքներ կփնտրի Արևմուտքից դուրս: «Թուրքիան Արևմուտքի համար ահռելի ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է, որը միշտ միացրել է Արևելքն ու Արևմուտքը: Այն հանգամանքը, որ Թուրքիան մահմեդական գերակշիռ բնակչությամբ ժողովրդավարական երկիր է, նույնպես նրան դարձնում է տարածաշրջանի իսլամական այլ երկրների համար մոդել: Նա ՆԱՏՕ-ում Արևմուտքի դաշնակիցն է, թուրքական տնտեսությունն էական աճ է արձանագրում». այս փաստարկները Օբաման բավարար է համարում Թուրքիան Եվրամիություն ընդունելու համար, իսկ գուցե խնդիրը Չինաստանից ու Ռուսաստանից Թուրքիան հեռու պահե՞լն է:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ