ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՄԵԿՆԱՐԿԸ ՁԱԽՈՂՎԵՑ

ՄԵԿՆԱՐԿԸ ՁԱԽՈՂՎԵՑ
29.10.2010 | 00:00

Մեկնարկեց կանանց բասկետբոլի Եվրագավաթի 2010-2011 թվականների խաղարկության խմբային մրցաշարը: Երևանի «Հատիսն» այս տարի ընդգրկված է F խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռուսաստանի առաջնության նախորդ մրցաշրջանի 6-րդ թիմ Նովոսիբիրսկի «Դինամո-ԳՈՒՎԴ»-ն ու իսրայելական «Էլիցուր Ռամլան»: Անցած տարվա համեմատ «Հատիսի» կազմում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ: Նախորդ կազմի արտասահմանցի խաղացողներից թիմում մնացել են ուկրաինուհիներ Աննա Պոկոևան, որն այժմ «Հատիսի» ավագն է, Գաննա Զարիցկան և Հայաստանի քաղաքացիություն ստացած ամերիկուհի Ամանդա Ջեքսոնը: Թիմ է վերադարձել հորվաթ Իվա Սերդարը: Այս տարի «Հատիսը» համալրվել է մի շարք փորձառու բասկետբոլիստուհիներով: Մասնավորապես, թիմում ընդգրկվել են բարձրահասակ ամերիկուհի Էրիկա Դևիսը և հորվաթ Մարտինա Զուբակը, ինչպես նաև կանադուհի Քեյլա Չեպդելայնը, ամերիկուհի Քիանա Չեյնին և ամերիկահայ Քրիստինե Քեփենեկյանը: Հույս կա, որ այս տարի «Հատիսը», շնորհիվ պահեստայինների անհամեմատ երկար նստարանի, ավելի հաջող հանդես կգա եվրոպական ասպարեզում:
Առաջին խաղում մեր թիմը Նովոսիբիրսկում հյուրընկալվեց տեղի «Դինամո-ԳՈՒՎԴ»-ին: Խաղն անհաջող ընթացավ «Հատիսի» համար, որը զիջեց 50-79 հաշվով (ըստ խաղափուլերի` 9-21, 9-15, 19-21, 13-22): Մեր թիմի բասկետբոլիստուհիները մրցակցին զիջեցին բոլոր գործոններով` և՛ թիմային խաղով, և՛ համաձայնեցված գործողություններով, և՛ անհատական վարպետությամբ: Ինչպես երևում է, «Հատիսի» նոր կազմը դեռ խաղակցված չէ, և թիմային լավ գործողություններ մշակելու համար գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանից ժամանակ կպահանջվի: Ռուսական թիմի հետ խաղում միավորներ վաստակեցին խաղահրապարակ մտած տասը բասկետբոլիստուհիներից միայն հինգը` Ամանդա Ջեքսոնը` 15, Քիանա Չեյնին` 12, Աննա Պոկոևան ու Էրիկա Դևիսը` 11-ական և Քեյլա Չեպդելայնը` 1:
Հուսանք, որ մինչև իսրայելական թիմի հետ նոյեմբերի 4-ին Երևանում կայանալիք հանդիպումը «Հատիսը» կկարողանա կարգավորել խաղը և կուրախացնի բասկետբոլի հայ երկրպագուներին:

Կլինի առաջինը
«Իրատես de facto»-ի նախորդ համարում գրել էինք, որ նոյեմբերի 1-ին ՖԻԴԵ-ն կհրապարակի շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակը, որտեղ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ամենայն հավանականությամբ, 2801 միավորով կզբաղեցնի 3-րդ տեղը: Սակայն, ճշտված տվյալներով, ՖԻԴԵ-ն դեռևս չի հաշվարկել սեպտեմբերին Շանհայում կայացած «Մեծ սաղավարտի» մրցաշարի արդյունքները, որտեղ Լևոնը հանդես եկավ անհաջող և կորցրեց 2,6 վարկանիշային միավոր: Եթե այսօր կամ վաղը չինական կողմը, ինչպես կարգն է, ՖԻԴԵ-ին չներկայացնի այդ մրցաշարի արդյունքները, ապա նոյեմբերյան վարկանիշային աղյուսակում Արոնյանը կլինի առաջինը.
1. ԱՐՈՆՅԱՆ 2804
2. Անանդ 2804
3. Կառլսեն 2802
4. Կրամնիկ 2793
5. Տոպալով 2786

Իսկ հաշվի առնելով Շանհայի մրցաշարի և այս օրերին չինական մեկ այլ քաղաքում` Նանկինում տեղի ունեցող մրցաշարի արդյունքները, վարկանիշային «կենդանի» աղյուսակի լավագույն հնգյակը երեկվա դրությամբ ունի հետևյալ տեսքը.
1. Կառլսեն 2808,3
2. Անանդ 2805,5
3. ԱՐՈՆՅԱՆ 2801,4
4. Կրամնիկ 2790,6
5. Տոպալով 2775,0
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 22097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ