ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՊԵՏՔ Է ԳՆԱՍ ՌԻՍԿԻ, ՃՇԳՐԻՏ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ԱՆԵՍ ՈՒ ՀԱՂԹԵՍ»

«ՊԵՏՔ Է ԳՆԱՍ ՌԻՍԿԻ, ՃՇԳՐԻՏ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ԱՆԵՍ ՈՒ ՀԱՂԹԵՍ»
25.06.2010 | 00:00

«Հայ-իրանական հարաբերությունները հատկապես կարևորվում են Իրանի շուրջ սեղմվող միջազգային պատժամիջոցների և ռազմական հարձակումների սպառնալիքի համատեքստում։ Հայաստանն ունի եզակի հնարավորություն և անգամ պարտավորություն չմիանալու հակաիրանական այդ ճակատին, պահպանելու ու զարգացնելու կոմունիկացիոն, էներգետիկ ու տեխնոլոգիական կապերն ԻԻՀ-ի հետ։ Մեր այդ իրավունքը հիմնվում է համաշխարհային հանրության լուռ համաձայնության պայմաններում տասնամյակներով Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակման իրողության վրա, որը չի թողնում մեզ քաղաքական ու տնտեսական այլընտրանք։ Բացի այդ, Արցախի ու Նախիջևանի շուրջ վերջերս սրվող լարվածությունը հայ-իրանական շահերի ընդհանրության ևս մի կարևոր դաշտ է ստեղծում, այն է` տարածաշրջանում օտարերկրյա զինուժի ներթափանցման անընդունելիության սկզբունքը, որը հավասարապես կարևոր է ինչպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Իրանի համար»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում «Հայ-իրանական հարաբերություններ. անտեսված հնարավորությունների տասը տարի» թեմայի շրջանակներում փաստեցին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆՆ ու ՀԱՅԿ ԲԱԼԱՆՅԱՆԸ։
Բանախոսները ներկայացրին երկու երկրների հարաբերություններում բաց թողնված հնարավորությունները և դրանց պատճառահետևանքային կապը (Հայաստան-Իրան երկաթուղու կառուցում, հայ-իրանական գազամուղ, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործում, Մեղրիում համատեղ հայ-իրանական նավթավերամշակման գործարանի շինարարություն և այլն)։ «Միակ երկիրը, որն այսօր շահագրգռված է տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանմամբ, Իրանն է։ Սթափ քաղաքականություն պետք է վարել, որ լուրջ գործընկերոջ տպավորություն թողնես։ Եթե վարում ես «դաբրոների» քաղաքականություն` խուսանավելով, ոչ մի քայլ չանելով, դա ռեալ գործողությունների չի հանգեցնի»,- ասաց Հայկ Բալանյանը։
Չնայած լուրջ բացթողումներ եղել են երկու երկրների հարաբերություններում, ինչի մեղավորը, ակումբի հյուրերի կարծիքով, Հայաստանն է, այդուհանդերձ, վերջերս Սերժ Սարգսյանն սկսել է խոսել Իրանի գործոնի մեծացման անհրաժեշտության մասին։ Այս առնչությամբ Տիգրան Խզմալյանը նշեց. «Չենք պնդում, որ Իրանի գործոնն ընդհանրապես չկա։ Իրանը ներկա է մեր և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական կյանքում, սակայն Իրանի և Հայաստանի շահերի համատեքստում դա բավարար չէ։ Ավելին, մենք ենթարկվում ենք հակաիրանական ճակատին, որը փորձում է Իրանը մարգինալացնել»։ «Արտաքին քաղաքականությունը չի կարող իրականացվել բոլորին բավարարելու սկզբունքով։ Պետք է գնաս ռիսկի, ճշգրիտ հաշվարկներ անես ու հաղթես»,- ամփոփեց Հայկ Բալանյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ