Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Վախթանգ Դարչինյան, Նորայր Բախտամյան... Ո՞վ կլինի հաջորդը

Վախթանգ Դարչինյան, Նորայր Բախտամյան... Ո՞վ կլինի հաջորդը
07.11.2008 | 00:00

ՍՊՈՐՏ
Մարզական աշնան վերջին ամիսը պակաս հետաքրքիր ու լարված չի լինի, քան անցած ամիսները։ Օրացուցային պլաններում դեռևս կան չլրացված վանդակներ, կան չխաղարկված մեդալներ, որոնք սպասում են իրենց հասցեատերերին։ Նոյեմբերի առաջին իսկ հատվածը նշանավորվեց Վախթանգ Դարչինյանի փայլուն հաղթանակով։ Վանաձորի հանրահայտ դպրոցի ներկայացուցիչը պրոֆեսիոնալ բռնցքամարտի ողջ պատմության մեջ առաջինը նվաճեց առաջին թեթևագույն քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը։ ՈՒզում ենք հավատալ, որ նրա ոսկե վերելքն անպայման կոգևորի մեր այն մարզիկներին, ովքեր այս ամիս կմասնակցեն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին։
Մասնավորապես խոսքը վերաբերում է բռնցքամարտիկներին, ովքեր արդեն երեկվանից Լիվերպուլում սկսեցին պայքարը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար։ Անգլիական այս քաղաքն առաջիկա տասն օրը կլինի մեր ուշադրության կենտրոնում, իսկ ահա Բանգկոկում մեկնարկած հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության օդամուղ ատրճանակի եզրափակիչ մրցումներն արդեն ավարտվել են։ Մրցաշրջանի ընթացքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության փուլերում լավագույն արդյունք ցույց տված մարզիկները նոյեմբերի 5-ին վիճարկեցին հաղթողի կոչումը։ ՈՒրախությամբ պետք է նշենք, որ այս անգամ էլ գերազանց հանդես եկավ Եվրոպայի առաջնությունների բազմակի արծաթե մեդալակիր, երևանցի Նորայր Բախտամյանը։ Հայաստանի վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի սանը 588 միավորով ճանաչվեց երկրորդը՝ ընդամենը երկու միավորով զիջելով ուկրաինացի մրցակցին։ Հիշեցնենք, որ սա Նորայրի նման երկրորդ հաջողությունն է։ Առաջինն Աթենքի օլիմպիական խաղերի ավարտից հետո էր, իսկ գլխավոր մրցատեղին դարձյալ Բանգկոկն էր։ Մինչ այս մրցումները Նորայր Բախտամյանը մասնակցեց նաև ՈՒկրաինայի բաց առաջնությանը և նվաճեց չեմպիոնի կոչումը։
***
Այս ամիս դարձյալ դիտելու բան կունենան ծանրամարտի երկրպագուները։ Նոյեմբերի 24-28-ը Հունաստանում կանցկացվեն առաջին համաշխարհային ուսանողական խաղերը։ Հայաստանից մրցահարթակ դուրս կգան ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողներ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը՝ աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին և սանը, մեծահասակների Եվրոպայի չեմպիոններ, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյան կրտսերը, Հռիփսիմե Խուրշուդյանը, ինչպես նաև Գյումրու մանկավարժական ինստիտուտից՝ Նազիկ Ավդալյանը։ Այս մրցումներով երկաթախաղի մեր վարպետները կավարտեն հերթական քառամյա փուլը, որը նվաճումների առումով աննախադեպ է։ Անցած չորս տարում Հայաստանի դյուցազունները նվաճել են 178 մեդալ, որից 56-ը՝ ոսկե։ Կարծում ենք՝ հունական ստուգատեսում ևս մեր պատվիրակներն անմասն չեն մնա խաղարկվելիք պարգևներից։
***
2008-ը բարձր նոտաներով են ավարտում սամբիստները։ Բոլորովին վերջերս Կորեայի Փուսան քաղաքում անցկացված ոչ օլիմպիական մարզաձևերի համաշխարհային չորրորդ խաղերում պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը (74 կգ) և երևանցի Արմեն Իսպիրյանը (82 կգ)։ Այժմ մեր մարզիկներին սպասում է ևս մեկ լուրջ քննություն։ Խոսքը վերաբերում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում։ Այստեղ կորոշվեն նաև մարտական սամբոյի աշխարհի չեմպիոնները։ Հայաստանից կմասնակցեն 7-8 մարզիկներ, այդ թվում՝ Աշոտ Դանիելյանը, Արմեն Իսպիրյանը և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուզան Սարգսյանը։
***
Հաջորդ մարզաձևը, որը դեռ հաշիվները չի փակել օլիմպիական տարվա հետ, ձյուդոն է։ Անցած ամիս մեր հանրապետության երկու ներկայացուցիչ մասնակցեց տղամարդկանց ԱՄՆ-ի առաջնությանը։ 66 կգ քաշային Մեսրոպ Բարբարյանն առաջնությունն ավարտեց երրորդը, իսկ 73 կգ քաշային Ղազարոս Գրիգորյանը հասավ մինչև եզրափակիչ և բավարարվեց արծաթե պարգևով։ Վարշավայում անցկացված պատանիների Եվրոպայի առաջնությունում վատ տպավորություն չթողեց Արտյոմ Բաղդասարյանը, որը տուն վերադարձավ բրոնզե պարգևով։ Այս ամիս մեր մարզիկները կմասնակցեն Զագրեբում անցկացվելիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Տատամի դուրս կգան գյումրեցիներ Արթուր Սրապյանը (60 կգ), Համբարձում Տոնոյանը (66 կգ), 73 և 90 կգ քաշային կարգերում Հայաստանը կներկայացնեն երևանցիներ Ռոբերտ Վարդանյանն ու Հակոբ Առաքելյանը։ Աղջիկների պայքարին կմասնակցի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, 56 կգ քաշային Անուշ Հակոբյանը (Նոր Հաճն)։
***
Հաջորդ մարզաձևը, որից նույնպես ակնկալիքներ ունենք, սպորտային մարմնամարզությունն է։ Այժմ մեր ուժեղագույն մարմնամարզիկները մասնակցում են Հրանտ Շահինյանի գավաթի ավանդական խաղարկությանը, իսկ նոյեմբերի 13-17-ը մեր երկու ընդգծված առաջատարները՝ Վահագն Ստեփանյանն ու Հարություն Մերդինյանը, կմասնակցեն Շտուտգարտում անցկացվելիք «Ա» խմբի աշխարհի գավաթի խաղարկությանը։ Մեր պատվիրակները վերջին տարիներին բավականին հաջող են հանդես եկել Եվրոպայի առաջնություններում և աշխարհի գավաթի խաղարկություններում, այնպես որ այս անգամ էլ նրանցից ակնկալում ենք բարձր արդյունքներ...
Այսպիսին է մարզական նոյեմբերի ներկապնակը, իսկ թե ինչ գույներ կպարգևի նա մեզ, կպատմենք առաջիկայում։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5587

Մեկնաբանություններ