Ցանկացած հասարակության մեջ լրիվ նորմալ ֆիզիկական տեսողություն ունեցողների ճնշող մեծամասնությունը կույր է հասարակական երևույթները տեսնելու ու գնահատելու իմաստով, որը բնական և նորմալ է:
Այդ հասարակություններում աննորմալ է այն, որ նրանց մնացած մասն էլ, ըստ էության, չի տարբերվում մեծամասնություն կազմող կույրերից:
Նման հասարակություններում տիրող ամենահիմնական թյուրիմացությունը այն է, որ, լավագույն դեպքում, կիսակույր փոքրամասնությունը իրեն համարում է ոչ միայն հասարակական երևույթները լավ տեսնող ու գնահատող, այլ նաև՝ բարձրագույն իմաստով տեսանող:
Բացի դրանից, նման տգետ հասարակությունները նաև խուլերի պակասություն չեն զգում, անկախ նրանից, որ բոլորն էլ ունեն նորմալ ֆիզիկական լսողություն, որի պատճառը ուրիշներին լսել չկարողանալն է, որն ունի մի քանի պատճառներ:
Առաջին պատճառն այն է, որ իրենց տգիտությունը չի թողնում նրանց ընկալել ու հասկանալ ուրիշների ասածը, մանավանդ, որ ուրիշները նաև հազվադեպ են ասում հասկանալու արժանի որևէ բան:
Երկրորդ պատճառն այն է, որ, բոլորի կարծիքով, իրենք տիրում են վերջնական ճշմարտությանը և ուրիշին լսելը մի պարզ ժամավաճառություն է:
Եվ ամեն մեկը, առանց դիմացինին լսելու, անհամբեր սպասում է՝ իր պարզունակ կարծիքը արար աշխարհին ներկայացնելու համար:
Նման գավառական բնույթի դիալոգների ու մոնոլոգների ամենաէական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ աշխարհում դրանց մասին որևէ հզոր մեկը չգիտի, քանի որ մենք անկախ ենք, ու աշխարհն էլ մեզ չի հետաքրքրում:
Սեփական յուղի մեջ տապակվելու կենսափիլիսոփայությունը տիպական է աշխարհից անտեղյակ տգետ հասարակության համար:
Պավել Բարսեղյան