Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ցինիզմի դեմ լավագույն դեղն ուռա- հայրենասիրությունը չէ

Ցինիզմի դեմ լավագույն դեղն ուռա- հայրենասիրությունը չէ
09.09.2024 | 20:22

Ալեն Սիմոնյանը ցինիզմի մաստեր կլաս է ցույց տալիս, երբ ասում է՝ ԼՂՀ չկա, որովհետև Արցախի իշխանություններն այն լուծարել են:

Այս թեմային բազմաթիվ անգամներ անդրադարձել եմ՝ բերելով բազմաթիվ փաստեր. Արցախը կործանվել է Նիկոլ Փաշինյանի նախապատերազմյան և հետպատերազմյան քաղաքականության հետևանքով, իսկ Սամվել Շահրամանյանը, ով հանգամանքների բերումով հայտնվել էր նախագահի պաշտոնում, ընդամենը խեղդամահ եղած Արցախից անջատել է արհեստական շնչառության սարքը:

Այսուհանդերձ, եթե Արցախի գերեզմանափորը Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն են, դա չի նշանակում, որ խորհրդարանական ընդդիմության «ռոմանտիկ» պահանջներն արդարացված են:

«Մենք պետք է լրջորեն քննարկենք Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը չեղարկելու հարցը, որովհետև ԼՂ, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, և նման կարգավիճակ ՀՀ-ում այլևս չկա»,- ասում է Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան հանձնաժողովի նիստ անցկացնելու ընդդիմության պահանջի:

Այս պարագայում՝ Սիմոնյանի հետ դժվար է վիճել, եթե նույնիսկ անվիճելի փաստ է, որ Փաշինյանն է կործանել Արցախն ու նրա պետականությունը:

Երբ գոյություն չունի Արցախ, դիվանագիտական հարթության վրա գոյություն չունի նաև ԼՂ խնդիր, անիմաստ է նաև պահել այն մարմինները, որոնք Արցախի սուբեկտության խորհրդանիշներն էին, այդ թվում՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը:

Այլ խնդիր է, որ Հայաստանի իշխանությունը պարտավոր է՝ գոնե ոչ ֆորմալ, ոչ հրապարակային հանդիպումներ ունենալ արցախահայության ներկայացուցիչների հետ՝ մեր հայրենակիցների կենսական հարցերին լուծում տալու համար:

Իշխանությունները դա չեն անում և դա նրանց ցինիզմի դրսևորում է, բայց ցինիզմի դեմ լավագույն դեղն ուռա- հայրենասիրությունը չէ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 8562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ