Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Թվերի լեզվով

Թվերի լեզվով
25.11.2023 | 22:03

Մարդուս կյանքի միջին տևողությունը յոթանասուն տարի է: ՈՒզի-չուզի մի ութ-ինը ժամը պետք է քնի, որը կազմում է այդ հերն անիծած յոթանասուն տարվա մեկ երրորդը: Քնի այս պարագան սոսկալի անաչառ է, այսինքս կապ չունի թե դու ով ես - վսյո, պիտի քնես:

Յոթանասունից հանած մեկ երրորդ, տակը մնում է քառասունհինգ տարի:

Իր կյանքի մեկ երրորդն էլ մարդը պետք է աշխատի, այսինքն քառասունհինգից հանած ևս մեկ երրորդ, տակը մնաց քսան տարի:

Հինգ տարին հատկացնենք դմբո մանկությանը, հինգ տարին՝ կամ մայրամուտի պես սիրուն, կամ մայրամուտի պես տխուր ծերությանը՝ նայած, թե ինչ հանգամանքում և հատկապես ինչ երկրում ես գտնվում - տակը մնաց տասը տարի:

Էս տաս տարվա մի տարին թող հիվանդ լինես, մի տարին՝ ավտոբուսներում և ճանապարհներում լինես, մի տարին խանութի հերթերում, մի տարին չինովնիկների փաստաթղթային քաշքշուկներում, մի տարին էլ սաղ օրը ուզեցած լինել սատկել - մնաց հինգ տարի՜...

Բայց այս դժնդակ թվաբանության մեջ այդ միակ հինգ տարին, որ քո հաճելին ու վեհությունն է եղել՝ այնքան է ճնշված այն վաթսունհինգ տարուց, որ չես էլ հիշում, թե ինչ է այն եղել, որտեղ է այն եղել, կամ եղե՞լ է այն արդյոք:

Երբ Երրորդ մաս նստած ցերեկով գարեջուր էինք խմում, երբ կյանքը թվում էր դեռ առջևում, ընկերներիցս մեկը հազար ինը հարյուր կարծեմ իննսուն մեկ թվին հետևյալն ասաց.

«Մեր կյանքը սա է. նստում ես խցկված մարշրուտկա, որ գործի հասնես, քեզ զգում ես կանսերվի շպրոտի պես, վերջը ահա հենց մոտդ մեկը իջնում է, ուզում ես տեղը շունչ առած նստել, մին էլ տեսնում ես, այտա, սա հենց այն կանգառն է, ուր նաև դու պիտի իջնես»:

Եվ ես որքան հիշում եմ՝ ասացի.

«Ես հաստատ համոզված եմ, որ կյանքը մի կապույտ այգաբացի պես դեռ նոր-նոր սկսվելու է այդ կանգառում իջնելուց հետո»:

Մինչև հիմա էլ ես այդ համոզմունքին կառչած մի կռատուկ եմ, մի փուշ, որին հնարավոր չէ պոկել Աստծու փեշերից:

Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 4959

Մեկնաբանություններ