Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պետականությունն այն կարևոր արժեքն է և առանցքը, որի շուրջ պիտի կառուցվի մերօրյա կրթությունը

Պետականությունն այն կարևոր արժեքն է և առանցքը, որի շուրջ պիտի կառուցվի մերօրյա կրթությունը
22.11.2023 | 17:37

Մի փոքր անդրադարձ պետրոս ղազարյանի հերթական հաղորդմանը, որն այս անգամ ևս կոչված էր պաշտպանելու հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագիրքը և վերջինիս հեղինակին։

Այն, որ հերթական անգամ հրավիրված չէին առարկայական մասնագետներ՝ որպես հակառակ կարծիք հնչեցնողներ (ինչպես դասագիրքը կազմելիս չեն եղել այլ հեղինակներ), արդեն իսկ կանխակալ մտայնության, սուբյեկտիվ մոտեցման, գրքի բովանդակային պրոպագանդայի և անհատական վախի ցուցիչներ են։

Առանձնացրել եմ հաղորդման ընթացքում առավել ցայտուն մտայնություն արտահայտող մտքերը.

* մեր պատմությունը խեղաթյուրում է անցյալը։ Եթե պատմությունը կեղծում ենք` ի՞նչ դասեր պիտի քաղենք, չենք կարող հասկանալ անցյալը։ Հին քարտեզներից շատերը թեական են։

* Հարց՝ ո՞վ է տվել իրավունք ոչ միայն դատափետել սեփական պատմությունը, այլև այն որակել սուտ, կեղծ, խեղաթյուրված։ Սա ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն, և վաղը մեր դեմ պատմաքաղաքական հայց ներկայացնելու պատրաստ Ադրբեջանի համար հրաշալի պաշտպանական հիմք և աղբյուր։ Խնդրեմ՝ հայ պատմագետներն իրենց բերանով են ասում, որ իրենց պատմությունը կեղծ է, քարտեզներն էլ՝ թեական։

* Հայոց պատմությունը ներկայացվում է լոկ հայրենասիրական, միֆական իրականության մեջ։ Ինքնաքննադատության փոխարեն զուտ վիպականացում է։ Չկա քաղաքական վերլուծություն՝ զուտ առասպելներ են։ Գերակայողը առասպելներն են, ոչ թե պատմությունը։

Հետևություն՝ նման հայտարարություն անողը պարզապես զրոյացնում է իրեն նախորդած մի ողջ հայ պատմագիտական մտքի ներկայացուցիչներին՝ Բ․ Հարությունյան, Ա․ Մելքոնյան, Վ․ Բարխուդարյան, Հ․ Մարգարյան, Ռ․ Գասպարյան, Ա․ Մովսիսյան և այլոք։ Փոշիացնում է նրանց կատարած աշխատանքը և ասում, որ լավը, առաջադեմը, ճշմարիտը ինքն է, ասել է թե՝ մինչ Սմբատ Հովհաննիսյանը հայ պատմագիտական միտք չի եղել, իսկ եղածն էլ միֆ է, առասպել ու խեղաթյուրում։

Չգիտենք Եղեռնի պատճառները (ուշագրավ է, որ չի գործածվում Ցեղասպանություն բառը)։

ՈՒշագրավ հայտարարություն, քիչ մնար ասեին՝ ա՛յ, եթե պատճառները իմանանք, միգուցե չշտապենք աշխարհից պահանջել, որ դատապարտի այդ ոճրագործությունը, միգուցե Օսմանյան Կայսրությունը իր հիմնավոր պատճառներն ուներ Ցեղասպանություն գործելու, միգուցե հայերն են հրահրել, միգուցե թուրքերը հայերից են պաշտպանվել․․․

Հին միջնադարյան կարծրատիպերով առաջնորդվելն է մեզ բերում նման խնդիրների։

Այսօր ունենք գերխնդիր՝ Հայաստանի ղեկին մեկն է,

1. ով պատերազմից առաջ սրբացնում էր Արցախը, իսկ հետո պարզեց, որ Շուշին բնավ էլ հայկական չէր:

2. Ով իր իսկ ղեկավարած երկրի սուվերեն տարածք մտած թշնամուն ոչ միայն դուրս չի հանում, այլև զիջում է ռազմավարական նշանակության դիրքեր և որակում՝ էդքան կիլոմետրի համար պիտի կռվե՞նք, ի՜նչ է:

3. Ով իշխանության եկավ՝ խոստանալով որևէ բան չանել ժողովրդից գաղտնի, բայց գաղտնի կապիտուլյացիա ստորագրեց և հանձնեց Արցախը:

4. Ով Արցախի հայաթափության և սպանությունների ժամանակ, երբ իր իսկ ԱԳՆ խոսնակը ՄԱԿ-ում հայտարարում էր Արցախում կանանց ու երեխաների սպանության մասին, «Հ1»-ի եթերով նույն պահին հայտարարում էր, որ Արցախում խաղաղ բնակչության հանդեպ ուղիղ սպառնալիք չկա, ինչն էլ որպես հիմնավորում բերեց Ադրբեջանի ներկայացուցիչը:

5. Ով երկրի սահմանների աղետալի պաշտպանված լինելու ֆոնին վեց միլիոն է հատկացնում թմրամոլ ու հայհոյախառը ռեփերի հայաստանյան չկայացած համերգի համար:

6. ՈՒմ օրոք քաղաքապետի օծման արարողակարգը պաշտպանական թանկ ու արդիական սպառազինություն արժե:

7. Ով ասում է, որ չգիտի Ադրբեջանին զիջումներ անելու կարմիր գիծը որն է, և այլն, և այլն։

Հարց՝ ի՞նչ են կարծում Սմբատ Հովհաննիսյանը և նրա համախոհները, չլինի՞ թե միջնադարյան կարծրատիպերն են պատճառը, որ մեր երկրի ղեկավարը և նրա իշխանական խմբակը նման խնդիրներ են առաջացնում Հայաստանի և հայ ժողովրդի համար։

Նորը, իրականը, արդիականը մեծ ցավով է անցնում։ Մեզ մոտ ընդդիմանում են ճշմարտությանը։

Հարց՝ ո՞րն է այդ արդիականը և ո՞ր ճշմարտության մասին է խոսքը.

1. դասագիրք խցկել Արցախը Ադրբեջանի կազմում ինքնահնար ու ինչ-ինչ նոր մեթոդ հետապնդող քարտե՞զ:

2. Ոչ մի խոսք չասե՞լ Էրեբունի-Երևանի մասին:

3. Քրիստոնեությանը անդրադարձ կատարել հայերի կողմից առաջինը ընդունելու դարակազմիկ իրադարձությունից հետո՞ միայն:

4. ՈՒրարտու դասի քարտեզում ՈՒրարտուի մեջ չներառե՞լ այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը, ասել է թե՝ Հայաստանը և հայերը կապ չունեն ՈՒրարտուի հետ, այնինչ պատմական աղբյուրներում Արցախի մասին առաջին վկայությունները Վանի թագավորության ուրարտական շրջանից են:

5. Եվ այլն, և այլն։

Չկան պատմության մեջ կրկնություններ, կան միտումներ։

Հարց՝ ի՞նչ միտում է տեսնում հեղինակը Հայաստանի ղեկավարների կողմից այսօր։

Գրքի հանդեպ արշավը քաղաքական նկատառումներ ունի։ Ժամանակին գործել է դասագրքի մաֆիա, իսկ հիմա դասագիրքն էժան է։

Ասել է թե՝ այսօր լուրջ, գիտակ ու մտահոգ պատմագետները, ովքեր բողոքի ձայն են բարձրացրել այս աղետալի դասագրքի հարցում, նրանք քաղաքական ուղղորդում ունեն։ Ով է նման որակում անելու իրավունք տվել սմբատ հովհաննիսյանին։

Իրենց պատկերացրած հայրենասիրությունը չէ, պաթոս չէ, հիմնավոր է, խաբեությամբ չէ։ Պետք է ուրիշ քաղաքացի՝ ուրիշ մտածողությամբ։

Հարց՝ հեղինակի պատկերացրած հայրենասիրությունը ո՞րն է, իսկ քաղաքացին էլ միգուցե աշխարհաքաղաքացի՞ն է։

Թերևս, այս ուրիշ քաղաքացի ձևավորելու համար է դասագրքի էջ 26-ի այս հարցադրումը՝ հիմնավորի՛ր: Արդյոք բարենպաստ պայմանները կարո՞ղ են մարդկանց մղել ավելի սերտորեն համագործակցելու միմյանց հետ և մտածելու կյանքն ավելի բարվոք դարձնելու մասին։ Ինչու՞ չէ, Ադրբեջանի հետ այսօր ներարկվող խաղաղության օրակարգը կարող է վաղը մեր կյանքը ֆինանսապես բարվոք դարձնել։

Դիրքորոշում պիտի ձևավորվի աշակերտի մոտ։

Հարց՝ ի՞նչ դիրքորոշման մասին է խոսքը, երբ դասագրքում հեղինակը գրում է՝ աշակերտն իրավունք չունի արտահայտելու իր անձնական դիրքորոշումը (9-րդ էջում կգտնեք հետևյալ միտքը՝ Կիրառի՛ր քո առարկայական գիտելիքը՝ առանց քո անձնական դիրքորոշումն արտահայտելու)։ Դիրքորոշում նշանակում է որևէ բանի վերաբերյալ տեսակետ՝ վերաբերմունք, գնահատում։ Եթե հեղինակը ի սկզբանե զրկում է աշակերտին նյութի վերաբերյալ իր անձնական դիրքորոշումը, իր տեսակետը արտահայտելուց, արդեն պարզ է, որ նա ուզում է, որ աշակերտը դառնա իր՝ սուբյեկտիվ ու պարտադրված տեսակետի կրողը։

Դասագիրքը ևս սկզբնաղբյուր է, կարող ես քննարկել, հղում անել։ Ծրագրում է հետագայում ավելի լայնածավալ աշխատություններ կազմել։

Փաստորեն միանձնյա հեղինակած իր այս դասագիրքը դարձնում է հիմնարար աղբյուր հետոյի համար։ Սա ահագնացող վտանգ է, ուրիշ ոչինչ։

Ողջամիտ դիտարկումների դիսկուրսին պատրաստ են։

Ասել է, թե՝ ինչ արվել է, դրանք անհեթեթ, ոչ գիտական և, որ ամենակարևորն է, քաղաքական արշավի արտահայտություններ էին։

Հերոսների և դավաճանների կառույց է մեր պատմությունը։ Վարդան և Վասակ։ Չէ՞ որ երկուսն էլ ուզում էին թագավոր դառնալ, ուղղակի նրանց ծրագրերը բախվեցին իրար։

Հերոսները մարմնավորում են տվյալ հասարակության արժեքներն ու իդեալները: Հերոսի գաղափարը ազդեցիկ տարր է ազգային ինքնության կառուցման գործում և կարող է կարևոր դեր խաղալ ոգեշնչման, սոցիալական համախմբման և ներսում արժեքների փոխանցման գործում։ Հերոսի կերպարը կարող է դառնալ դիմադրության, միասնության և ազգային վճռականության խորհրդանիշ: Պատմական կամ ժամանակակից հերոսները կարող են քաջալերել քաղաքացիներին միասին հաղթահարելու մարտահրավերները:

Հերոսի գաղափարի մերժումը բերում է սոցիալական համախմբվածության, ոգեշնչման նվազմանը, հատկապես, եթե քաղաքացիներն այլևս չունեն ընդհանուր պատմություններ կամ խորհրդանշական գործիչներ: Դառնում է դժվար կամ անհնարին համախմբել ժողովրդին մարտահրավերների դեպքում, քանի որ համախմբող, ոգևորող, միասնական և պայքարող կերպարներ այլևս չեն լինում։

Սա էլ հենց այն ՄԵԾ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ միտումն է, որ առաջ է տարվում այս դասագրքով և ԿԳՄՍ նախարարության կողմից որդեգրած ողջ կրթական քաղաքկանությամբ՝ զրկել սերունդը ոգեշնչող բոլոր հասկացություններից՝ լինի այն հերոս, պատվավորի, թե վաստակավորի կոչում, թե մեկ այլ բան։ Քանի որ այդպես է պետք այսօր մեր իշխանությանը, որ վաղը նիկոլին չասեն դավաճան, այլ այս իրավիճակում այսպես գործող ու այսպես ելք փնտրած անձ, և չփորձեն համախմբվել ու դիմադրել։ Չէ որ պատմությունը և իրադարձությունները, ըստ Սմբատ Հովհաննիսյանի, զուտ մոդելներ են, իրավիճակներ՝ իրենց այս կամ այն ելքերով, ուրիշ ոչինչ։ Դե հիմա, եթե մի ղեկավարի վարած քաղաքականության ելքը լինի երկիր կորցնելը, հիմա էդպես է ուրեմն ստացվել, այ քեզ բան, կարևորը վերջինիս չասենք դավաճան ու չպայքարենք ոչ նրա, ոչ թշնամու դեմ, քանի որ թշնամի բառն էլ է վատ, սխալ ու միջնադարյան ընկալման կարծրատիպ։

Եվ վերջում պարզապես առաջարկ սմբատ հովհաննիսյանին, ով, փաստորեն, ուղնուծուծով տարված է պատմական ճշմարտությունները վեր հանելու հարցով։ Խնդրում եմ աշխատությամբ կամ աշխատություններով հանդես գալ, որտեղ սմբատ հովհաննիսյանը կմերկացնի Ադրբեջանի ինքնահնար, կեղծ ու խեղաթյուրված պատմության հատվածները, չէ՞ որ վերջիններս արդեն Մաշտոցին են հասել, ով, ըստ նրանց, չի գրել հայոց այբուբենը և պարզապես հնարովի և անանուն հոգևորական է:

Ի վերջո, ինչու՞ սմբատ հովհաննիսյանն ինքը չսկսի կիրառել իր այդքան գովելի նոր և արդիական մտածելակերպի մեթոդը։ Մեկ անգամ կիրառելը 10 անգամ ուրիշին բանավոր սովորեցնելուց լավ է։ Խնդրեմ, թող ողջ իր գիտական ներուժը և գիտելիքները ուղղի Ադրբեջանի պատմական կեղծիքները ջրի երես հանելու ուղղությամբ, դրանով անկասկած կնպաստի մեր պետականության ամրապնդմանը։ Չէ՞ որ, ինչպես ԿԳՄՍ նախարարը նշեց՝ պատմությունը՝ որպես ամենաառանցքային դասընթացներից մեկը, այն առարկաներից է, որում պետականության արժեքը պետք է ամրապնդվի, իսկ պետականությունն այն կարևոր արժեքն է և առանցքը, որի շուրջ պիտի կառուցվի մերօրյա կրթությունը։ Դե, հարգելիներս, Ի ԳՈ՜ՐԾ։

Անժելա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3793

Մեկնաբանություններ