Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ճանաչենք մեզ և մեր պատմությունը

Ճանաչենք մեզ և մեր պատմությունը
28.08.2024 | 13:27

Մ. թ. 885-ի այս օրը՝ օգոստոսի 26-ին, Բագարանում, Գևորգ Ա Գառնեցի կաթողիկոսի ձեռամբ, իշխանաց-իշխան Աշոտ Բագրատունին օծվեց Հայոց թագավոր (որպես Աշոտ Ա Մեծ), սա Աշոտ Ա Բագրատունու, որպես հայոց թագավոր միջազգային ճանաչումն էր, բայց նա հայոց իշխանների և հոգևոր դասի կողմից հայոց թագավոր էր հռչակվել դեռևս 869-ին, իսկ 870-ականներից Հայաստանը փաստացի անկախ էր։

Անկախացած և ռազմաքաղաքական վերելքի ուղին բռնած Հայաստանը շուտով գրավեց նաև Բյուզանդիայի ուշադրությունը: Մակեդոնական (Հայկական) կայսերատան հիմնադիր Վասիլ 1-ը (867-886) առաջիններից մեկն էր, որ փորձեց շահել Աշոտ Բագրատունու զինակցությունը՝ ընդդեմ խալիֆայության: Սակայն Աշոտ Բագրատունին, բարեկամական հարաբերություններ հաստատելով Վասիլ 1-ի հետ, խոհեմաբար չեզոքություն պահպանեց հակամարտող կողմերի միջև:

Մութավաքիլ խալիֆը հայ-բյուզանդական մերձեցումը կասեցնելու և Աշոտ Բագրատունուն սիրաշահելու նպատակով 885 թ. նրան ճանաչեց «թագավոր Հայոց և Վրաց»: Հայոց արքայի գահը ճանաչեց նաև Վասիլ I կայսրը:

Բագրատունյաց նորահիմն և միջազգային ճանաչման արժանացած թագավորության իրավասությունը տարածվում էր Հայաստանի մեծագույն մասի վրա, բացառությամբ Բյուզանդիային միացված արևմտյան «աշխարհների» (Փոքր Հայք, Բարձր Հայք, Ծոփք) և խալիֆայության Զազիրա կուսակալությանը կցված հարավային որոշ գավառների:

Հայ և արաբ պատմագիրների հաստատմամբ Աշոտ I Բագրատունու գահակալման տարիներին (885-890) հայկական պետության սահմանները հարավում ընդգրկում էին Կորճայք և Աղձնիք նահանգների մեծ մասը՝ մինչև Ջազիրա, հարավ-արևելքում հասնում էին Ատրպատական, արևելքում՝ մինչև Պարտավ, արևմուտքում՝ Ծոփք և Բարձր Հայք, հյուսիս-արևմուտքում՝ մինչև Եգերաց աշխարհ, հյուսիսում՝ մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթան և Ալանաց դուռը: Աշոտ 1-ի գերիշխանությանր ենթարկվեցին վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունին և Հայոց Արևելից կողմերի (Արցախ, ՈՒտիք) թագավոր Համամ Բագրատունին:

Հայոց և վրաց միացյալ թագավորության հյուսիսային սահմաններն ամրապնդելու մտահոգությամբ Աշոտ 1-ը 887 թ. արշավեց մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթան, ընկճեց տեղի անհաշտ ցեղերին, իսկ Եգերաց աշխարհի թագավորին հարկադրեց ընդունել իր գերիշխանությունր:

Աշոտ 1-ի գահաժառանգ որդին՝ իշխանաց իշխան Սմբատը, զենքի ուժով ճնշեց Գուգարքի և ՈՒտիքի իշխանների անհնազանդությունը և նրանց ենթարկեց Բագրատունյաց գահին: Այնուհետև Աշոտ 1-ը զբաղվեց Բագարան մայրաքաղաքի կառուցապատմամբ, երկրի պաշտպանական համակարգի բարելավմամբ և բանակի (40 հազար հեծյալ մարտիկ) հզորացմամբ՝ մահից հետո իր որդի Սմբատին թողնելով կայուն և վերընթաց զարգացում ապրող թագավորություն:

862 թ. Արաբական խալիֆայությունից ճանաչվել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխան:

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ