(իրավիճակը ոչ թե պայթյունավտանգ է, այլ արդեն պայթել է)
Տեսանելի է‚ որ իշխանական ողջ թիմը՝ սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից‚ վերջացրած իշխանական ֆեյքերով‚ ցուցադրաբար ընդունել է մի դիրք‚ թե իբր իրենց առանձնապես չի անհանգստացնում կառավարության ամենաերկար անունն ունեցող կառույցի՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության սուպերղեկավարի շուրջ ստեղծված բավականին լարված իրավիճակը։ Սակայն‚ այնուամենայնիվ‚ նաև ակնհայտ է‚ որ լարվածությունն աստիճանաբար ավելի է խորանում ու ընդլայնվում թե՛ թեմաների‚ թե՛ ներգրավվող հասարակական-քաղաքական շերտերի առումով‚ ինչը բավականին լուրջ անհանգստություններ է առաջացնում իշխանական վերնախավում։ Նույնիսկ այն փաստը‚ որ անձամբ Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ ոճով՝ զգացմունքային ու ոչ դիվանագիտական դրսևորումներով‚ փորձում է պաշտպանել իր զինակցին‚ ոչ թե հանդարտեցնում է կրքերը‚ այլ է՛լ ավելի է շիկացնում։
Իրականում խնդիրը միայն Արայիկ Հարությունյանը չէ. այն աստիճանաբար սկսում է կրել համակարգային բնույթ։ Թեև հանրության սևեռումը դեռևս մի նախարարության վրա է‚ սակայն‚ ըստ էության‚ այդ մի նախարարությունն իր մեջ ներառում է կարևոր ոլորտներ՝ կրթություն‚ գիտություն‚ մշակույթ‚ սպորտ։ Եվ եթե մենք ուշադիր վերլուծենք իրավիճակը‚ ապա կտեսնենք‚ որ Արայիկ Հարությունյանի հետ կապված ճգնաժամը տարածվում է բոլոր այդ ոլորտների վրա։ Մասնավորապես‚ կրթության բնագավառում խնդիրներ են առաջացել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հետ կապված‚ մշակույթի ասպարեզում ռումբի դեր կատարեցին տրանսգենդեր մարզիկի մասին նկարահանվող ֆիլմն ու մետրոյի կայարանում ֆուտուրիստական ներկայացման բեմադրումը։ Այս ամենը մերկացրեց Արայիկ Հարությունյանի կողմից տարվող ամբողջ քաղաքականությունը։ Իսկ վերջին օրերին գրեթե պայթեց ամբողջ մարզական աշխարհը։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրեթե ամբողջ մարզաշխարհը պաշտոնական՝ ֆեդերացիաների մակարդակով (բացի շախմատից ու ֆուտբոլից) ոչ ասաց Արայիկ Հարությունյանի քաղաքականությանը։ Փաստորեն‚ կարող ենք արձանագրել‚ որ այս նախարարի ղեկավարած բոլոր ոլորտներում կա ճգնաժամ։ Եվ այդ թեմաները նույնիսկ ոչ թե պայթյունավտանգ են‚ այլ արդեն պայթել են։ Եվ այժմ ընդդեմ այս նախարարի ու նրա քաղաքական կուրսի իրականացվող ակցիաները վերաբերում են նրա ղեկավարած բոլոր ոլորտներին։
Տեղի ունեցողի դեմ իշխանության կողմից շրջանառվող գլխավոր փաստարկներից մեկն այն է‚ որ բոլոր թեմաներն ու շարժումներն ուղղորդվող են և քաղաքական ենթատեքստ են պարունակում։ Իհարկե‚ հանրությանը շեղելու համար իշխանության կողմից հանրային‚ քաղաքական քննարկումների դաշտ ներմուծած այս օրակարգը զավեշտալի է։ Հասկանալի է‚ որ եթե ընդվզումներն ընթանում են ոլորտի քաղաքական պատասխանատուի՝ նախարարի դեմ‚ ապա դրանք քաղաքական բնույթ ունեն։ Արայիկ Հարությունյանի գրաված պաշտոնը քաղաքական է‚ ավելին՝ նա Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից է‚ ուստի այս բոլոր գործընթացները միանգամայն քաղաքական են։
Ի վերջո‚ ո՞վ է Արայիկ Հարությունյանը։ Նախ և առաջ Արայիկ Հարությունյանն իր կերպարում ամփոփում է միաժամանակ քաղաքական‚ հասարակական‚ քաղաքացիական մի քանի շերտեր։ Նախ և առաջ այս նախարարն իր արժեհամակարգով‚ իր քաղաքական հայացքներով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրներից է։ 2008 թվականին այդ թիմի անդամ է եղել‚ և նա որպես գործիչ ձևավորվել է 2008 թվականի ընտրական գործընթացների ու դրանց հաջորդած իրադարձությունների ազդեցության ներքո։ Եվ երբ 2008 թվականից հետո Տեր-Պետրոսյանից տարանջատվեց երիտասարդների այն թիմը‚ որը հետագայում պետք է համախմբվեր նոր շարժման՝ «Քաղաքացիական պայմանագրի» շուրջ‚ Արայիկ Հարությունյանը ՀՀ առաջին նախագահին լքողների թվում էր։
Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին ամենամոտ կանգնած մարդկանցից էր‚ ավելին‚ «Քաղաքացիական պայմանագրի» առաջին պաշտոնական ղեկավարն էր։ Դա այն ժամանակն էր‚ երբ Նիկոլ Փաշինյանը շատ էր խոսում քաղաքական ինստիտուցիոնալիզմի մասին՝ ասելով‚ որ առաջնորդներ չպետք է լինեն։ Իհարկե‚ նրա այդ թեզն այսօր շատ ծիծաղելի է հնչում‚ երբ տեսնում ենք‚ թե վերջինս ինչպիսի մենիշխանություն է սահմանել երկրում ու կառավարությունում։
Նկատենք նաև‚ որ Արայիկ Հարությունյանը կարկառուն սորոսական է‚ ավելին‚ ինչպես Սորոսի հիմնադրամի խոշոր մասնագետ Նարեկ Մալյանն է ասում‚ ի տարբերություն այլ սորոսականների‚ որոնք ընդամենը շարքային գրանտակերներ են‚ Արայիկ Հարությունյանն աշխատավարձով ծառայողներից մեկն էր` «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ‚ և իր տեսակետներով ամբողջովին հարում է այս կառույցի գաղափարախոսությանը։ Չի կարելի չհամաձայնել Նարեկ Մալյանի հետ‚ որ մեծ տարբերություն կա Սորոսից մեկ-երկու անգամ դրամաշնորհ ստացողի և այդ ցանցի մեջ մտած աշխատավարձով աշխատողի միջև։ Իսկ սորոսական կառույցները եթե մի քանի լումա գումար են տալիս ինչ-որ մեկին‚ նաև մեծաթիվ կոմպրոմատներ են հավաքում վերջինիս մասին։
Հետաքրքիր է նաև Արայիկ Հարությունյանի կերպարը հասարակական դաշտում։ 2012 թվականից‚ երբ նա զբաղվում էր քաղաքական գործունեությամբ‚ սևեռվել էր օտարալեզու դպրոցների դեմ պայքարին և դրա առաջամարտիկներից էր։ Եվ ինչպես սպասելի էր‚ սորոսական քաղաքացիական դպրոց անցածի հիմնական թիրախը եղել է միայն ռուսաց լեզուն։ Այսինքն՝ նրա պայքարը ոչ թե անգլիական կամ ֆրանսիական‚ այլ հենց ռուսական դպրոցների դեմ էր։ Ռուսաֆոբական ուղղվածությամբ այս գործիչը նախարար դառնալուց հետո էլ շարունակում էր իր մարտավարությունը։ Նախարար դառնալուց հետո նա պարտադրեց‚ որպեսզի հայաստանյան հեռուստատեսային միակ ռուսալեզու նախագիծը՝ «Ի՞նչ‚ որտե՞ղ‚ ե՞րբ»‚ դառնա հայերեն։ Այս հարցը մեծ սկանդալ առաջացրեց ռուսական մամուլում։ Նա պետության աջակցության դիմաց պարտադրեց հաղորդման հայերենացումը։ Արայիկ Հարությունյանի ռուսաֆոբությունը բոլորին հայտնի է‚ ու պատահական չէ‚ որ ռուսական վերլուծական մամուլը Նիկոլ Փաշինյանի կառավարության ու վերջինիս հակառուսական տրամադրությունների մասին խոսելիս առաջին հերթին շեշտում է հենց սուպերնախարար Արայիկ Հարությունյանի անունը՝ հիշատակելով նրա սորոսական ծագումը։
Ահա այսպիսի քաղաքական‚ հասարակական հետագիծ ունի այս սուպերնախարարը։ Սակայն կա ևս մեկ նրբերանգ։ Այս մարդը մտնում է Նիկոլ Փաշինյանի այն շատ փոքր շրջանակի մեջ‚ որը համարվում է ՀՀ վարչապետի հենարանը՝ անվիճելի‚ վստահելի հենարանը‚ որը Նիկոլ Փաշինյանի աչքերն ու ականջներն է։ Առաջին հայացքից կարող է թվալ‚ թե այդ այդ մարդկանց թիվը շատ է‚ սակայն իրականում հակառակն է։ Ընդամենը մի տասնյակ մարդ կարելի է հաշվել‚ որ իրոք հավատարիմ են վարչապետին և առաջին իսկ առիթի դեպքում չեն լքի նրա նավը։ ՈՒ այդ փոքրաթիվ մարդկանց Փաշինյանը փորձում է չհանձնել։
Զարմանալի չէ‚ որ Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանին պահելու համար գնում է լուրջ իմիջային ու քաղաքական կորուստների։ Դրա ամենավառ օրինակն այն է‚ որ առանց լուրջ փաստարկների փորձում է պաշտպանել Արայիկ Հարությունյանի կրթական նորարարությունները‚ սկանդալային քայլերը‚ անգամ ամբողջ աշխարհի առջև Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնից իր անձնական պաշտպանության ներքո վերցրեց տրանսգենդեր Մելին‚ ինչն ուղղակի խայտառակ արձագանք ունեցավ։ Այն գուցե այսօր նրա դեմ չի կիրառվում‚ սակայն վաղը‚ երբ Փաշինյանի իշխանությունն է՛լ ավելի թուլանա‚ պատմական կոմպրոմատ դարձած այս փաստն անկասկած հիշատակվելու է։
Պարզ է‚ որ այն‚ ինչ այսօր կատարվում է Արայիկ Հարությունյանի շուրջ‚ խորանալու է։ Ասել‚ թե դա կբերի քաղաքական անակնկալների‚ հրաժարականի‚ այնքան էլ ճիշտ չէ։ Սակայն եթե Նիկոլ Փաշինյանը ահագնացող զարգացումներ ու մեծացող զանգվածներ տեսնի իր դեմ‚ չի բացառվում, որ իշխանությունը պահելու համար նա հանձնի Արայիկ Հարությունյանին կամ ցանկացած մեկին‚ առավել ևս‚ որ Նիկոլ Փաշինյանը հայտնի է որպես պայմանավորվածություններ չպահող‚ դավանանք ու սկզբունքներ չունեցող անձնավորություն։ Նկատենք‚ որ այս պահի դրությամբ նման զարգացում չի ուրվագծվում. բողոքող զանգվածն առայժմ ուսանողական և դասախոսական մասնագիտական շրջանակներն են‚ որոնց բարձրացրած հարցերի առանցքը կրթական և գիտական բարեփոխումներն են։ ՈՒ զարմանալիորեն օտարալեզու դպրոցների դեմ պայքարող Արայիկ Հարությունյանի թիրախն այսօր դարձել են հայոց լեզուն‚ հայ ժողովրդի ու հայոց եկեղեցու պատմությունը։ Անժխտելի է‚ որ այս պայքարն ունի նաև քաղաքական ենթատեքստ։ Այն փաստը‚ որ խաղի մեջ է նաև «Հայ հեղափոխական դաշնակցությունը»‚ հաստատում է ասվածը։
Կա մեկ այլ շերտ նույնպես՝ Արայիկ Հարությունյանի դավանած արժեհամակարգը... վերջինս զարմանալիորեն հանդուրժող է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների‚ նրանց դրսևորումների նկատմամբ՝ սկսած սովորական համասեռամոլներից‚ մինչև տրանսգենդերներ ու տրանսվեստիտներ։ Եվ հասարակության մի մեծ շերտ ի դեմս Արայիկ Հարությունյանի տեսնում է տրանսգենդերների ու նրանց նմանների պահապան հրեշտակի‚ ինչը հրահրում է հասարակության այդ հատվածին՝ հանելով գործող նախարարի դեմ։
Խաղի մեջ են շատ տարբեր շերտեր։ ՈՒ այսօր ընթացող պայքարը և՛ քաղաքական է‚ և՛ քաղաքացիական։ Ակնհայտ է‚ որ Արայիկ Հարությունյանին թիրախավորելով՝ հարվածի տակ է հայտնվում նաև Նիկոլ Փաշինյանը։ Հասկանալի է‚ որ Արայիկ Հարությունյանին հարվածելով՝ թուլացվում են Նիկոլ Փաշինյանի դիրքերը։ Ինչի՞ կհանգեցնի դա‚ դեռևս վաղ է ասել։ Այնուամենայնիվ‚ տեսնում ենք‚ որ այս պայքարում ուսանողները բավականին վճռական են տրամադրված։ Դա է հիմք տալիս ենթադրելու‚ որ գործընթացները խորանում ու ընդլայնվում են։ Ամենահետաքրքիրն այն է‚ որ որքան էլ Արայիկ Հարությունյանը փորձում է բանավիճել‚ բանակցել հակադիր կողմի հետ‚ այնքան խնդիրն ավելի է խորանում։ Փորձը ցույց է տալիս‚ որ բանավիճելու ու բանակցելու ունակություններ էլ նա առանձնապես չունի։ Եվ ամեն ինչ ավարտվում է նրանով‚ որ յուրաքանչյուր թեմայի շուրջ խոսելիս նա տեսնում է կոռուպցիոներների ստվերն ու իրեն հակադարձողներին սպառնում ազատազրկմամբ։ Ահա սրանով էլ ավարտվում է Արայիկ Հարությունյանի երկխոսությունը‚ ինչն էլ նրա դեմ պայքարի նոր առանցք է ստեղծում։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ