ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայի մասնակիցներին և «Աստղագիտություն» առարկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ նվաճած դպրոցականներին:
Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ Հայաստանի Հանրապետության անունը միջազգային հարթակներում բարձր պահելու համար՝ նախարարը շեշտել է, որ Բրազիլիայում տեղի ունեցած գիմնազիադայի հաջողություններով եզրափակվել են 2013 թվականի կրթական հաջողությունները:
«Ձեր ցուցաբերած արդյունքներով Դուք արդարացրել եք մեր վստահությունը և դրա համար մենք շնարհակալ ենք ձեզանից և հպարտ ենք ձեզանով: Շարունակալու ենք վստահել ձեզ և հուսով ենք, որ Ձեր հաջողությունները, որոնք այնքան անհրաժեշտ են մեր երկրին, կլինեն շարունակական և մենք նաև Ձեր շնորհիվ շարունակելու ենք ապրել հաղթանակների բերկրանքը:»,- դիմելով ներկաներին՝ նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը նաև հավելել է, որ Հայաստանի դպրոցականների համար միջազգային առարկայական օլիմպիադաներում հաջողությունների հասնելն արդեն ավանդական է դարձել, շատ կարևոր է, որ հայ պատանիները երիտասարդներն ու աղջիկները հաջողություններ են գրանցում նաև սպորտում, քանի սպորտը կրթության կարևոր բաղադրիչներից է, իսկ «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման բարելավումը՝ նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկը: Հանդիպման ավարտին նախարար Ա. Աշոտյանը միջազգային մրցաշարերի մասնակցներին հանձնել է պատվոգրեր, իսկ մեդալակիրները նախարարության կողմից արժանացել են պարգևների:
Նշենք, որ 2013 թվականին Հայաստանի դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադաներում նվաճել են 15 մեդալ, 4 մեդալ՝ դպրոցականների գիմնազիադայում, 10 մեդալ՝ ուսանողների ունիվերսիադայում և 3 մեդալ՝ Եվրոպայի ուսանողական առաջնությունում: