2013թ. դեկտեմբերի 13-ին «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության (նախագահ` Արսեն Քարամյան) և «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի (վարչության նախագահ` Աշոտ Օսիպյան) միջև կստորագրվի համագործակցության հուշագիր, ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուներին մատչելի պայմաններով հիփոթեքային վարկավորում տրամադրելու վերաբերյալ:
Ծրագրի շահառուներին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի կողմից հիփոթեքային վարկերը տրամադրվելու են ՀՀ դրամով, մինչև 20 տարի մարման ժամկետով, 10 տոկոս տարեկան տոկոսադրույքով և կառուցվող բնակարանների գրավադրմամբ: Տրամադրվող վարկերը վերաֆինանսավորվելու են ՀՀ կենտրոնական բանկի «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպության կողմից:
Ծրագրի շրջանակում Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցվում է ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից գրեթե կրկնակի ցածր գներով տրամադրվելու են երիտասարդ մասնագետներին:
Բազմաբնակարան շենքի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասն ունի 20000 քմ ընդհանուր մակերես:
Բնակելի համալիրը բաղկացած է լինելու յոթ մասնաշենքից և ընդհանուր առմամբ ունենալու է 490 բնակարան: Բնակարանները շահառուներին հանձնվելու են ամբողջությամբ վերանորոգված վիճակում:
Շենքի շինարարությունը մեկնարկել է 2013թ. փետրվարի 1-ին և նախատեսվում է ավարտել 2015թ. հուլիսին:
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Էյ Դի Էյ» շինարարական կազմակերպությունը (տնօրեն՝ Վահրամ Մելքումյան):
Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտ-երկաթբետոնյա: Այն ունենալու է 14 բնակելի հարկ` երկու, երեք և չորսսենյականոց բնակարաններով, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղեր` նախատեսված 116 ավտոմեքենաների կայանման համար: Յուրաքանչյուր մուտքում լինելու է 2 վերելակ:
Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ, կանաչապատ հանգստի գոտիներ և ծառուղիներ: Տարածքն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն:
Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 10.5 մլրդ. ՀՀ դրամ:
Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվեն ավելի քան 900 աշխատատեղեր: