ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Չի եղել դեպք, որ սովորող ուսանողը դուրս մնա բուհից ուսման վարձի պատճառով»

«Չի եղել դեպք, որ սովորող ուսանողը դուրս մնա բուհից ուսման վարձի պատճառով»
24.09.2013 | 14:56

ՈՒսումնական տարին որոշ բուհերում մեկնարկեց ուսման վարձավճարների բարձրացմամբ: Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ կարծիքով` վարձավճարների հարցը շահարկվեց` քաղաքական դիվիդենդներ ձեռք բերելու համար:

«ՈՒսման վարձերի թանկացումը ոչ թե կամայականություն էր, ոչ թե բուհի ռեկտորատի ոչ հաշվենկատ մոտեցումն էր, այլ հարկադրված քայլ: Հնարավոր չէ այս ցածր վարձավճարներով ապահովել բուհի զարգացումը, ժամանակակից կրթությունը: Դա նաև որոշ մարդկանց կողմից ԵՊՀ-ի ղեկավարության, դասախոսական կազմին վարկաբեկելու փորձ էր: ՈՒսման վարձերը բարձրացվել են հնարավորինս փոքր չափով. աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այն դարձել է 400 հազար դրամ, նախկինում 300 հազար էր: Սա այն նվազագույն գումարն է, որն անհրաժեշտ է ուսումնական գործընթացը փոքր-ինչ բարելավելու համար: ՈՒսման վարձի բարձրացման խնդիրը տարիներ շարունակ քննարկվել է ԵՊՀ-ի գիտական խորհրդում, և միայն 2013 թ ապրիլին կայացած նիստում որոշվեց 2013-2014 ուսումնական տարում առաջին կուրսեցիների համար սահմանել նոր ուսման վարձավճար: Ես երկար տարիներ է, ինչ աշխատում եմ համալսարանում, երկար տարիներ ֆակուլտետի դեկան եմ, և Երևանի պետական համալսարանում չի եղել դեպք, որ սովորող ուսանողը դուրս մնա համալսարանից ուսման վարձի պատճառով: ԵՊՀ-ից դուրս են մնացել չսովորելու և դրան զուգընթաց ուսման վարձը չվճարելու պատճառով: Ես սեպտեմբերի 2-ին հանդիպում ունեցա մեր ֆակուլտետի առաջին կուրսեցիների հետ: Զրուցեցի, ներկայացրի համալսարանը, ֆակուլտետը և հարցրի, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ խնդիրներ ունի ուսման վարձերի հետ կապված, մենք պատրաստ ենք ընդառաջելու, գտնելու լուծումներ, որպեսզի սովորելու ցանկություն ունեցող երեխան խոչընդոտներ չունենա: Եվ պատկերացրեք` ոչ ոք որևէ հարցադրում չարեց: Մինչդեռ, մի քանի հոգի փողոցներում գոռում էր` դասադուլ: Իհարկե, նրանց կոչերն անարձագանք մնացին, և ոչ թե նրա համար, որ մենք արգելեցինք, այլ չկար նման հասարակական պահանջ: ՈՒսանողները, որ դիմել են սովորելու համար, պայմանագիր են ստորագրել մինչև բուհ ընդունվելը, գիտեին` ինչքան ուսման վարձ պետք է վճարեն և որտեղ են սովորելու ու ինչ պայմաններում: Ցավոք, մեր երկրում նման քայլեր վերջին շրջանում հաճախակի են կատարվում, որոնք, բարեբախտաբար, անհաջողության են մատնվում: Ես ունեմ խնդիրներ, երկրի տնտեսության զարգացմանն առնչվող հարցեր մեր կառավարությանը, սակայն դա չի նշանակում, որ տեղին անտեղի պետք է առիթն օգտագործեն մարդկանց փողոց հանելու, ուսանողներին դասերից կտրելու, ուսումնական գործընթացը խանգարելու, ԲՈՒՀ-ի աշխատակիցներին և ղեկավարությանը պիտակավորելու, մարդկանց իրար դեմ հանելու համար: Կարո՞ղ ես, օգնիր երկրի տնտեսությունը զարգացնելու, անձնական օրինակով, պահվածքով, գործելակերպով, հարցադրումներով և պահանջով առաջացած խնդիրները լուծելու համար: Անհանդուրժողականությունն ամենավտանգավոր երևույթն է մեր հասարակության և երկրի համար, ցանկացած առիթ օգտագործելու, մեկը մյուսին սևացնելու, մեկը մյուսի մեջ թշնամի տեսնելու, երկիրը վատաբանելու սկզբունքներն անընդունելի են ինձ համար և դատապարտելի»,- շեշտեց Մարատ Գրիգորյանը:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ