ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Երբ մարդիկ դուրս են գալիս փողոց, ուրեմն խնդիր կա

Երբ մարդիկ դուրս են գալիս փողոց, ուրեմն խնդիր կա
24.03.2013 | 00:36

Վերջին օրերին ծավալվող իրադարձությունների ֆոնին, թերևս, ամենահետաքրքրականը ԵՊՀ մի քանի դասախոսների և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատողների միանալն էր ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանի՝ իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանն ու նրանց պատժելու պահանջին: Արարատ Միրզոյանի հետ, հիշեցնենք, ԵՊՀ ղեկավարությունը հրաժարվել է կնքել աշխատանքային պայմանագիր նրա քաղաքացիական դիրքորոշման պատճառով: Իսկ փաստը, որ ԵՊՀ-ում և ԳԱԱ-ում կան քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատներ, դասախոսներ, որոնք բարձրաձայնում են, ընդվզում տիրող բարքերի դեմ, միայն ուրախացնող է: Թեկուզ՝ դա արվում է ուշացումով: Ի վերջո, գալիս է մի սահման, երբ հանդուրժողականությունը, լռությունն այլևս անտանելի են դառնում: Գալիս է մի օր, երբ նույնիսկ ընդդիմադիր լիդերներին չհամակրող դասախոսը, գիտնականը չեն ուզում հաշտվել իրականության հետ, և պետք է ողջունել միայն այդ փաստը: Երբ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարում է, թե բուհերը պետք է հեռու մնան քաղաքականությունից, որպես այդ ոլորտի պատասխանատու, իրավացի է: Մենք տեսել ենք, թե նույն Արմեն Աշոտյանի հարազատ կուսակցություն ՀՀԿ-ն և մյուսները ինչպիսի եռանդով են բուծում երիտասարդ կոմսոմոլների: Բայց քաղաքականությունից հեռու մնալ՝ չի նշանակում լռել ու համակերպվել, քաղաքացիական դիրքորոշում չարտահայտել, երբ որևէ բուհի պաշտոնյաներն իրենց իրավունք են վերապահում վիրավորել դասադուլ անող ուսանողներին, երբ ոտնահարվում են ուսանողների իրավունքները: Քաղաքականությունից հեռու մնալ՝ չի նշանակում անտեսել ուսանողների պահանջները և չփորձել հասկանալ, թե ինչու են նրանք դասադուլ անում: Ի վերջո, խնդիրն ամենևին էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմը չեն, խնդիրը նաև Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր, որի հանրահավաքներին մասնակցելու համար ժամանակին սպառնում էին շատ ուսանողների հեռացնել բուհից: Եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, եթե դիմում են դասադուլի, եթե առանձին գիտնականներ զորակցություն են հայտնում ԵՊՀ-ից հանիրավի հեռացված դասախոսին, ուրեմն կան խնդիրներ, որոնք չպետք է շրջանցվեն, որոնք համարձակ, վիրահատական լուծումներ են պահանջում: Ի վերջո, ուսանողն էլ իրավունք ունի որակյալ կրթություն պահանջելու մի բուհից, որտեղ սովորում է և որի համար վճարում է: Իրավունք ունի պահանջելու, որ դասախոսին հեռացնեն բուհից ոչ թե քաղաքացիական դիրքորոշման, այլ՝ ոչ որակյալ կրթություն տալու համար:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ