Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հազար պոզ ու պոչ ենք կպցնում մեր ժողովրդի առևտրական տաղանդին, որը տեղով հզորություն է

Հազար պոզ ու պոչ ենք կպցնում մեր ժողովրդի առևտրական տաղանդին, որը տեղով հզորություն է
18.08.2023 | 07:15

Լոուրենս Արաբացին հային վերաբերող ամեն ինչ տեսել է բացասական լույսի տակ, բայց, միևնույն ժամանակ, նա, իրենից անկախ կամ չուզենալով, արտահայտել է շատ կարևոր մտքեր մեր մասին, որոնք հնարավորություն են տալիս դրական լույսի տակ տեսնել մեր ձեռքբերովի որոշ հատկություններ, որոնք երկար դարեր ոսոխի ճնշման տակ գտնվելու արդյունք են։

Բնականաբար, Լոուրենս Արաբացին շփվել է առևտրով ու բիզնեսով զբաղվող հայերի հետ և տեսել է նրանց ուղեղի ռացիոնալ աշխատանքը, որի դրսևորումը նշված ոլորտներում ուրիշներից արագ, էֆեկտիվ ու միաժամանակ մինիմալ ռիսկերով որոշումներ կայացնելն է։

Հակառակ դեպքում, հայերը չէին կարող, ինչպես Լոուրենս Արաբացին է պնդում, ուրիշներին աշխատեցնելով ու ստոր ձևերով շահագործելով, օգուտներ ստանալ, քանի որ ուրիշների նպատակն էլ ճիշտ նույնն էր։

Ժամանակակից լեզվով դա պարզապես նշանակում է հաղթել մրցակցային պայքարում։

Ամենից զարմանալին այն է, որ ամբողջ աշխարհը մեր այդ հատկությանը տալիս է առևտրական տաղանդ անունը, վկաները՝ Թոյնբին, Բրոդելը և շատ ուրիշներ, իսկ մենք, մեր բացահայտ թշնամի Լոուրենս Արաբացու հետ միասին, այդ նույն երևույթը տեսնում ենք բացառապես բացասական լույսի տակ և բնութագրում այն որպես ստորություն։

Նման մեկնաբանությամբ, ինչքան էլ զարմանալի թվա, համաշխարհային բիզնեսը ևս լիովին կարող է բնութագրվել որպես ստորություն. ճաշակի հարց է։

Ե՛վ ռուս ցարերը, և՛ Շահ Աբասը իրենց նվաճողական ու տնտեսական քաղաքականության մեջ հայերի հաջողությունները առևտրի ոլորտում համարում էին առաջին կարևորության գործոն։

Իսկ այդ հատկությունը, այն է՝ ռացիոնալ որոշումներ կայացնելը, այսինքն, ուրիշներից ավելի արագ, ճշգրիտ, էֆեկտիվ ու մինիմալ ռիսկերով որոշումներով իրավիճակում կողմնորոշվելը, ընդհանուր է և վերաբերում է մարդկանց գործունեության շատ ուրիշ ոլորտների ևս։

Մյուս կողմից էլ, արագ կողմնորոշվելու այդ հատկությունը հայը ձեռք է բերել բնական ընտրության ճանապարհով՝ երկար դարեր հալածական և մազից կախված կյանք ունենալով, մի կերպ արագ որոշումներ կայացնելով ու փրկվելով։

Այս հարցում բնական ընտրության իմաստն այն է, որ դարեր շարունակ կենդանի է մնացել այն հայը, որը կարողացել է արագ ու էֆեկտիվ որոշումներ կայացնել, իսկ որ հայը չի կարողացել դա անել, զոհ է գնացել թալանի ու կոտորածի։

Տասնյակ սերունդների նմանատիպ վտանգներով ու կոտորածներով լի կյանքը հայի մոտ բյուրեղացրել է այդ հատկությունների կոմպլեքսը, որոնք նրան դարձրել են մի ժողովուրդ, որի մոտ արագ, էֆեկտիվ ու մինիմալ ռիսկերով որոշումներ կայացնող մարդկանց տոկոսը զգալիորեն բարձր է ուրիշներից։

Սա մի հանգամանք է, որը, ճիշտ մոտենալու դեպքում, մեր առջև կբացի նոր հնարավորություններ, բայց դրա համար առաջին հերթին իմաստուն պետական քաղաքականություն պետք է ունենալ։

Մենք անընդհատ բողոքում ենք, որ թույլ ենք, ուժ ու հզորություն չունենք, բայց, մյուս կողմից էլ, մերժում և հազար պոզ ու պոչ ենք կպցնում մեր ժողովրդի առևտրական տաղանդին, որը տեղով ուժ ու հզորություն է։

Հ․Գ․ Պետք է ընդունել նաև, որ ամեն քայլում ստիպված լինելով առաջնորդվել մինիմալ ռիսկեր ունեցող որոշումներով, մենք ծայրահեղ զգույշ ենք դարձել նաև այն հարցերում, որտեղ չափից դուրս զգուշությունը մեզ մեծ վնասներ է հասցնում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3275

Մեկնաբանություններ