Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Նզովյալները պատասխան տալու են

Նզովյալները պատասխան տալու են
17.08.2023 | 08:31

Երբ մի օր գրվելու լինեն Հայոց նորագույն պատմության շրջանի այս էջերը, այն պիտի ունենա պարզ, մարդկային մի վերնագիր` «Երիցս նզովյալները....»։ Եվ այստեղ կշարադրվեն բոլոր այն օտարածին,

մանկուրտ-անհայրենիքների անունները, որոնք թշնամուն նվիրեցին Արցախի 75 %-ը. իսկ hող ազատագրած hերոսների փառքը ոչնչացնելով` նրանց անվանեցին «հանուն ոչնչի զոհվածներ»։

Չենք մոռանա ավելացնել նաև այն թվացյալ մտավորականների անունները` բոլոր վարչակարգերից ստացած իրենց կոչումներով հանդերձ, ովքեր հինգ տարի շարունակ տեսան հայրենադավների բոլոր պետականաքանդ գործողություններն ու լռեցին, նրանք, ովքեր տեսնում են Արցախի վիճակը ու ոչինչ չեն ասում:

Թշնամի ուժերը բոլոր կողմերից Ցեղասպանության հանցագործությանը հատուկ բոլոր մեթոդներով ոչնչացնում են իրենց համար այդքան սարսափելի հայի գենը, որը պատերազմի աղետից առաջ համացանցում սկսեցին վերածել ծաղրական հեշթեգի` «հայու գեն»` ասես մատնելով, որ իրենք հայի իրական գենի հետ կապ չունեն։

ՈՒ հիմա երկրում ստեղծել են մի դիվային մթնոլորտ, որը հատուկ է միայն այն ցեղին, որի ներկայաուցիչներն առաջինը մեր թշնամու ականջին շշնջացին հայերին` «աշխարհի ամենակատարյալ ազգին կատարյալ մեթոդներով բնաջնջելու» գաղափարը։

Եվ հիմա, երբ Արցախում սովասպանդ է, երբ Արևմտյան Հայաստանից վերադարձող մեր 11 հայրենակիցներն են զոհվել, շրջափակված Արցախից հաստատվում է այն ողբերգական լուրը, որ գրանցվել է սովահության դեպք։ Մինչդեռ անհայրենիք խունտան շարունակում է համացանցը ողողել աշխարհի թանկարժեք հանգստյան գոտիներից արված իրենց լուսանկարներով։

Մի ուրիշ թշվառ` իրեն բժիշկ երևակայող, դարձել է «քաղաքական գիտությունների դոկտոր» և իր մտքի անհոդաբաշխ նախադասություններն է մատուցում իր 60 000 հետևորդներին, թե «Արցախը կարևոր է, բայց Հայաստանն ավելի կարևոր է»։

Եվ սա հնչում է այս պահին, երբ աշխարհի հայությունը փորձում է բոլոր ջանքերը միավորել` Արցախն ապրեցնելու, կյանքի վերադարձնելու, արցախցու ձայնն աշխարհին հասցնելու համար։

Տեսնես` սրա նմանների ուղեղի ո՞ր հատվածում է ծնվում անհայրենիքությունը, որ երբ Արցախում հայ մարդ է մահանում` հա՛յ մարդ, ով դեռ պիտի իր ընտանիքի երազանքներն իրականացներ այս կյանքում, մահացել է սովից, բայց այս ընթացքում թշվառ մեկը բառացիորեն հակաարցախյան քարոզ է անում։

Աննկատ մանրուք չէ, մեր ազգային դաշտը հիմնահատակ կործանելու, մեզ ոչնչացնելու հստակ մեխանիզմ է` տեխնոլոգիա, որ դարձյալ սովորել են «թավշյա» իշխանազավթումը նախապատրաստած օտար կենտրոններում:

Այսօր մեր հազարավոր կորուստներին ավելացավ ևս մեկը` Արցախում սովից մահացած ևս մի հայ։ Չգիտեմ` ե՞րբ է գալու մանկուրտոկրատիայի ` անհայրենիքների իշխանության պատասխան տալու ժամը։

Ամեն արցախցու կյանքը թանկ է, ամեն արցախցի մեզ համար հայրենիքի արժեք է։

Իսկ մենք ուշանում ենք։

Շա՜տ ենք ուշանում...

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3146

Մեկնաբանություններ