«Այսօր ոչ թե խոսել է պետք, այլ գործել»
21.04.2020 | 00:12
Սոկրատ Հովսեփյանի «Ստացվում է` իզու՞ր է եղել մեր պայքարը» «Իրատես», թիվ 27) հրապարակումը ցնցող է, լուրջ մտորումների տեղիք տվող: Եվ դեռ երկար ժամանակ մեզանից շատերը կփորձեն հասկանալ թե ինչ է կատարվում: Ինչ խոսք, կառավարությունից պետք է պահանջել, որ նա պարզաբանի եղելությունը, իսկ մինչ այդ ՀՑԹ-ի տնօրեն Հարություն Մարությանը պետք է հրաժարական տա:
Ես խնդրի մասնագետը չեմ, բայց գենետիկ հիշողությունը ինձ էլ է տրված. եվ չեմ կարող մոռանալ եղեռնից մազապուրծ փախած պապիս պատմածները թուրքական գեհենի մասին` որոնց մեքենայատիպ 3-հատորյակը ի պահ ենք տվել ՀՑԹ-ին` ի հուշ և ահազանգ գալիք սերունդների: Ես չեմ կարող մոռանալ թե ինչպես հետպատերազմյան դժնդակ տարիներին, երբ մի փշուր հացը կյանքի խնդիր էր, ուսուցիչ պապս (հետագայում հանրապետության վաստակավոր ուսուցիչ) մեզ զրկում էր այդ փշուրից էլ, որպեսզի հավաքած փողերով տպագրական մեքենա գնի ու սերունդների դատին թողնի թուրքերի վայրագությունների վկայագիրը: Դրանք ականատեսի վկայություններ են, փաստագրում, որոնք ենթակա չեն փոփոխության: ՈՒրեմն ինչո՞ւ է ՀՑԹ-ի տնօրենը դրանք համարում ոչ կայուն, ոչ հաստատ երևույթներ: Ինքը այնտե՞ղ է եղել: ՈՒրեմն պապս ստու՞մ է, կեղծու՞մ իրողությունները: ՈՒրեմն սուտ է նաև գաղթի ճանապարհին գեղեցկուհի տատիս դժնդակ մա՞հը: Ես չգիտեմ ու՞ր կարող ենք հասնել այս մտորումներով: Ես արդեն կասկածում եմ, իրենց տեղու՞մ են պապիս հուշերը, թե՞ ՀԾԹ նոր ղեկավարը դրանք ոչնչացրել է` որպես ոչ արժանահավատ: Երևի մի օր էլ կասվի, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, ու պետք է քանդել հուշահամալիրը: Վերջին հաշվով թուրքերի ուզածն էլ հենց դա է:
Մինչդեռ հուշարձանը հայի անկոտրում ոգու վկայագիրն է, որը Սոկրատ Հովսեփյանի հիանալի վերլուծությամբ, դարձավ նաև ղարաբաղյան հաղթանակների վկայագիրը: ՈՒ այդ փաստաթուղթը տասնյակ տարիների քրտնաջան, հայանպաստ գործողություններով, երբեմն էլ ի վնաս սեփական անձի, ընտանիքի բարեկեցության ձևավորել են բազմաթիվ հայորդիներ, որոնց թվում նաև ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Նիկիտի Զարոբյանը: Ես տպավորված եմ Սոկրատ Հովսեփյանի առաջին քարտուղարի սեղմ, բայց մարդկային ջերմ նկարագրով: Կիսում եմ նրա կարծիքը, որ մեր երկրի ղեկավարը գիտակցաբար իր բարեկեցությունը զոհեց հանուն ժողովրդի, և որ ժողովուրդը պետք է կարողանա արժանին հատուցել նրա հիշատակին, ինչը ևս մեկ սթափեցնող ապտակ կլինի հարությունմարությաններին:
ՈՒ դրա ձևերից մեկը երևի նրա հուշարձանը կանգնեցնելն է` ի նշան տոտալիտար ռեժիմի պայմաններում հայի հիշողությունը առարկայացնելու, ազգը համախմբելու, տնտեսությունը հզորացնելու ջանքերի:
Կարծում եմ, որ հուշարձանը կարելի է կանգնեցնել համաժողովրդական դրամահավաք կազմակերպելով:
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Հ. Գ. Ինչպես միշտ, հիացած եմ Սոկրատ Հովսեփյանի գրչի թափից` «Այսօր ոչ թե խոսել է պետք, այլ գործել»:
Մեկնաբանություններ