Ալֆան և օմեգան
21.02.2020 | 01:21
Արա, բա խի՞ չեք խնդում, թե՞ մեր իրականությունը ճշտի մեջ լացելի է: Էդքան լուրջ դեմքեր եք դարձե՞լ, ա՛յ ճիճուներ: Ստեղ են ասել, թե հազար-հազար մարդ՝ անբեղ, անմորուս, ու հետո եկան-եկան չքմեղ հարսներ, հարալո՜, ջա՛ն, հարալո՜։ Պալատների դռները կրնկի վրա բացեք, հաղթական կամարներ կառուցեք… Ռեմարկ Էրիխ Մարիա՛: Օ՜, Շանզ էլիզե: Կարծում եք պապերիդ նախարարական տներից ժառանգությու՞ն եք ստացել ձեր պաշտոնները, թե՞ էդ անտեր կոճակ սեղմելը ձեր մանկապարտեզի սերնդեսերունդ փոխանցվող տոհմական արհեստն էր, ես էլ՝ կտակը բաց անող նոտարական գրասենյակի վարիչը… Ես չլինեի, իմ անունն ու վաստակը, իմ համբավն ու փորձառությունը չլինեին, հիմա թափառական սոված շան նման վնգստալու էիք դռներին, անտեր-անտիրական, համբալություն էիք անելու, չէ՞: Որ մի հատ փը՛շտ անեմ, փողոցի կատաղած ամբոխը, սոված բորենիների ու շնագայլ շակալների նման, ոհմակներով, ձեզ մի վայրկյանում կձևի ու փայ-փայ կանի, իսկի ոսկորներդ էլ չի թողնի, որ գոնե ձեր մասունքների վրա հարազատներդ մի կուշտ ստից լան, ու ես, պետական հանձնաժողովի ներկայացուցչական կազմով, ձեր դիերը հանդիսավորությամբ հանձնեմ մայր հողին: Հա՛, հա՛… Չկասկածեք, սաղիդ կկզըցնեմ от и до (մինչև վերջ)…
ՈՒ ականջներիդ մի հատ էլ օղ կապեք. ես որ խնդում եմ՝ չի նշանակում, թե ամեն բան օքեյ է, բայց դուք էլ պտի խնդաք, իբր համաձայն եք, որ իրավիճակ է փոխվել, կյանքը բարելավվել է, որ մենակ ձեզ չի վերաբերում դա, այլ համայն ժողովրդին: Ես որ գոռում եմ, դուք պըտի վախից մկան ծակին հազար թուման տաք, որ բոլորը հասկանան՝ իմ դեմ խաղ չկա…
Արա, դե ճիշտ են ասում, անփորձ եք, ձվից նոր դուրս եկած… Մի օր ձեզ հարց տվեք՝ տղա լաո, ի՞նչը գենես, ու պատասխանեք ինքներդ ձեր հարցին, որը հեչ էլ հռետորական չէ, այլ պահանջատիրական: Ամեն բան հո ես չե՞մ սովորեցնելու: Հասկացանք, բոլորդ իրար գլխի եք հավաքվել, ժամանակն ուրախ ու հաճելի է անցնում՝ հավեսին, իսկ քաղաքական պայքարը, իսկ նիստերում միասնական բռունցքով դավադիրներին բոքսելը ձեր օրակարգից դուրս են մնացե՞լ: Մոռացել ե՞ք, թե ինչի համար եք էդ դրախտավայրում հայտնվել… Բա էն ջհանդամներում ի՞նչ էիք սերտում, թե՞ դուխներդ հելել ու ձեզ ուտում ա, բայց հակառակ ուղղությամբ…
Սաբոտաժի հոտ եմ առնում: Տեսեք, հա՜… Աչքիս, մի քանիսիդ վերնատունն առաջիկայում ցխելու եմ: Լավ, ինչ ունենք՝ ունենք, ուրիշներն իրենց լավը մեզ չեն տա, մանավանդ, գիտեք, որ մի ուզող ունեմ, հազար չուզող: Չեք տեսնում, ասում են՝ հեղափոխություն չէր, այլ էսինչի ու էնինչի պրոյեկտը, հաշտ ու խաղաղ իշխանափոխություն, այսինքն, առանց դիմադրության, առանց ընդունել-հանձնելու, գույքագրման և աուդիտի, արծաթյա սկուտեղի վրա մեզ մատուցվել է որպես նվիրատվություն: Մոռանում են մեր թափած քրտինքը, մեր ոտքով կտրած-անցած ճամփան, որ ուխտագնացի համառությամբ հաղթահարեցինք: Պայքար չէ՞ր: Թե՞ սկլերոզով է տառապում ընդդիմություն կոչված փուչիկը, որ մի հատ կտտացնեմ՝ հօդս կցնդի: Մենք նորույթ ենք բերել համաշխարհային հասարակագիտական-քաղաքագիտական համակարգ, ստիպել ու հարկադրել ենք հանցախմբին ինքնակամ, անարյուն հեռանալ պետության կառավարումից:
Ինձ երբեմն թվում է, թե իմ ստվերի մեջ բույն է դրել վայրի բնության մասին գիտությանն անհայտ մի թափառական, անտեր, քնձռոտ, սոված կենդանի, որը հաճախ արթնանում ու ցանկանում է վրեժ լուծել աշխարհից, հաշվեհարդար տեսնել, պատժել, ջարդուփշուր անել ամեն ինչ: Այդ հասունացող վտանգին ընդառաջ՝ ես օգտագործում եմ հոգեմետ հաբեր և, վայն եկել տարել է բոլորին, ով ուշադրությանս կենտրոնում կհայտնվի, եթե դեղուդարմանս ընդունած չեղա:
Ասում են, վախը թուլության նշան է, ես հակառակն եմ պնդում: Ես վախից ուժեղանում, լիցքավորվում և ի մի եմ բերում ուժերս ու նախահարձակ լինում: Չէ՞ որ, ինչպես արդեն մի տեղ ասել եմ, լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Մի անցյալի մնացուկ ինձ մեղադրել էր, թե իմ օրոք փակվում են բազմաթիվ կրթամշակութային և առողջապահական պետական հաստատություններ, իբր, իմ գործադիրն ու օրենսդիրը անկարող, անհայրենիք և ապազգային են, առաջնայինը երկրորդականից, թացը չորից, լավը վատից, ճիշտը սխալից, արժեքն աղբից չեն տարբերում, և լկտիաբար առաջ է քաշում այն միտքը, թե մենք լուծարում ենք հանրապետության համար կենսական անհրաժեշտություն ունեցող օբյեկտներ և այլն: Հլա մի կանգ առ, այ բոստանի խրտվիլակ, նախ, քեզ ո՞վ է իրավունք տվել քննադատելու մեզ, էդ քանի՞ գլուխ ունես քո ուսերին, որ համարձակվում ես նույնիսկ բերանդ բացել ու քննարկել մեր գործունեությունը: Բա ու՞ր էիր նախկին իշխանությունների օրոք, ինչու՞ էիր պոչդ ոտքերիդ արանքը խոթած տազ արել: Գնացեք և պատճառները դատական համակարգի անկատարության մեջ փնտրեք: Հիմի է՞լ լռենք…Մի անգամ էլ, եթե լսեմ չարամիտ և հակապետական արտահայտություններ մեր հասցեին, որը հիբրիդային հեղաշրջման ենթատեքստ ունի, լեզուդ կպոկեմ ու ոտքերիդ արանքը կկոխեմ: Հասկացա՞ր, արա՛: Սրանց նայիր, ընդդիմադիր են խաղում, խաղեր են տալիս բոզ կնկա նման… Վերջը էնպես եք անելու, որ ՈՒստիանի մարդու նման մին զարկեմ՝ հազար ջարդեմ: Չեք տեսնու՞մ, թե քանի պաչոտնի ապերոների եմ կուրկուռի ձագ դարձրել: Իսկի կախարդական փայտիկի կարիք էլ չի զգացվում, մի հատ բամփոց գլխին ծանր չագուչով՝ կուալտով, ու ձեր ռազմահայրենասեր կարկառուն գործիչները հայտնվում են բժշկական ծառայության հսկողության տակ… ՈՒ ոչ մեկը չի խուսափելու: Մի՛ շտապեք: Հերթով: Դա ձեր բարեվարքությունից է կախված: Օրենքի տառին համապատասխան…
ՈՒրեմն, Հին Հունաստանի սենատի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ պատգամավորների ճնշող մեծամասնությունն առաջին ընթերցմամբ ընդունեց դեմոսկրատոսի կառավարման մոդելի մասին օրենքի նախագիծը, որով ժողովրդավարությանը տրվում էին մեծ լիազորություններ, ընդամենը երկու հոգի ընդվզեցին՝ Արիստոտելն ու Պլատոնը: Ասին՝ էս ի՞նչ եք անում, ախր, քանդում ու կործանում եք պետությունը, բայց անձնական շահ հետապնդող առաջադիմական ուժերը սրանց խոսքը բանի տեղ չդրեցին:
Էդ երկու խոշոր փիլիսոփաներից մեկը կենդանի օրինակ բերեց, թե Միլանի կոնսերվատորիայի վոկալի բաժինն ավարտած մի բարիտոն, որն առավոտ ծեգին ամբողջ թաղի բնակչությանը քնահարամ է անում իր ժավելի սպիրտը գովերգող ճղճղոցով, ինչպե՞ս կարող է տեսախցիկների առաջ համոզիչ և հավաստի պատասխան տալ թղթակցի հարցին, թե իր կարծիքով ո՞վ է կանգնած մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի ոճիրների հետևում կամ ինչու՞ և ու՞մ միջոցով կազմաքանդվեց սովետի նման հզոր կայսրությունը, չնայած մեր աղբատարի վարորդը բոլոր հարցերին հարյուրից հարյուր պատասխանեց, ավելին, հանրությանը տեղեկացրեց աշխարհի վերջի հավանական տարվա, ամսվա և օրվա մասին և այլն: Փիլիսոփան զգուշացրեց, որ ամեն գործ իր մասնագետն ունի, և պետության կառավարումը իջեցվում է սիրողական մակարդակի: Եվ դարձյալ հաղթեց ճնշող մեծամասնական ուժը: Նրանք այդպես էլ չկարողացան ժողովրդավարությունը փրկել համաժողովրդական ճնշումից, և նախագահն իր ստորագրությամբ վավերացրեց պատմական փաստաթուղթը: Իհարկե, ընդամենը մի քանի տարի անց, երբ գռեհիկ ինքնասիրահարվածության ու համառության թանձր մշուշը ցրվեց, և ամեն ինչ տեսանելի դարձավ, շատերը փոշմանեցին, բայց արդեն ուշ էր՝ մեղվաջան նորելուկ կառավարիչները, տիեզերական արագությամբ և փութաջանորեն, պետության հաստ պատերը բարակեցրել էին ստվարաթղթի չափ, հոգևոր հայրենիքը դատարկել ու թողել միայն նյութականը, և դա եղավ վերջը վերջին արարի…
Հիմա ո՞վ կարող է ասել, միապետ Քադաֆիի Լիբիան էր լավ երկի՞ր, թե՞ ներկայիս ժողովրդադեմոկրատականը, Միլոշևիչը իր երկրի նվիրյա՞լն էր, թե՞ միջազգային ահաբեկիչ, Պինոչետն էր լավ տղա՞, թե՞ Չե Գևարան, ինչու՞ էին բանակի գեներալները ծախել Չաուշեսկուին ու յուր տիկնոջը սպասարկող ուղղաթիռի վառելիքը, որի պատճառով այն օդ չբարձրացավ, իսկ նրանց շանսատակ արեցին պատի տակ և լիքը էսպես աշխարհացունց բաներ: Ոչ ոք չի կարող: Որովհետև ամեն ազգ իր յուրահատկություններն ունի, որովհետև ղեկավարները ժողովրդի ու շարքային քաղաքացու հետ չեն շփվում, կտրվել են իրականությունից, մինչդեռ երկրի վիճակի մասին ճշգրիտ պատկերացում կարող եք կազմել նրանից, այլ փողկապավոր կամ առանց փողկապի, պաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպումներից ու հաղորդագրություններից: Գնացեք, ու հայտնի դերվիշի նման կերպարանափոխվեք, մտեք ժողովրդի մեջ ու իմացեք նրա կարծիքը ձեր ու ձեր ծավալած անհեթեթ ու վնասակար գործունեության մասին: Թքում են ձեզ վրա, թքում ու մրում, և եթե մի անարգանքի սյուն կանգնեցվի երկրի կենտրոնում, որի վրա քանդակված լինեն հին ու նոր շատ գործիչների դեմքեր և անուններ, ժողովուրդը հերթ է կանգնելու, որ իր վերաբերմունքը ցուցանի՝ թքելով նրանց երեսին… Զուր չէր, որ հին ժամանակներում արքաները, պալատականների քծնանքից ու կեղծ հաճոյախոսություններից հոգնած, ճշմարտությունը իմանալու համար իրենց կողքին մի խեղկատակ էին պահում: Նա բոլորի համար ծաղրի առարկա էր, որովհետև միակ համարձակ ու անկաշառ ճշմարտախոսն էր: Էստեղ են ասել, թե էշին փալան վրա չեկավ, մեզ՝ ղեկավարություն:
Բա էն Ն.Ս.Օ.Տ.Տ. պարոն ինքնասիրահարված տեր հայրը, որ քարը փեշից չի ուզում թափի, չի ուզում ըմբռնումով մոտենա, որ իր ազգային վարդապետությամբ ոչ միայն չի համապատասխանում համաշխարհային եկեղեցիների պատմության տրամաբանությանն ու մեր հեղափոխականությանը, այլև խանգարում է, որ մենք առաջինն ու միակը լինենք համաշխարհային կրոնապետության ընտանիքում: Հաջորդ խորովածը խորանում ենք անելու, եթե շարունակի ոտքներիս տակ ընկնել: Էն Ռաբլեն հո մարդկային հասարակությունից կտրված ավանակ չէ՞ր, որ Գարգանտիկին ու Պանտագրուելին բզում էր, թե քրֆեք վարդագույն ծայրապետներին, եկեղեցի, տերտեր, երեց ու երեցկին, ու տենչում էր հոգևորականներին ինկվիզիցիայի ենթարկել: Մի բան գիտեր, դասական մարդ էր, ֆրանսիացի ազնվական: Հետո էլ ձեր ասիական թամբալ ուղեղները աշխատեցրեք՝ եվրոպական բարձր արժեքներ ենք ներկրում: Բա էդ ո՞նց էր, որ պապերդ ժամանակին չափ ընկած վազում էին եվրոպաներ՝ մարդավարի ուսում ստանալու, եվրոպական բարքերն ընդօրինակելու, մարդ դառնալու, լիզու, գրիլ-կարդալ, նստիլ-վեր կենալ, չանգյալ-դանակ բռնիլ սովորելու… Ախր, իսկի բան չգիտեին, է՜: Նույնիսկ գավառական Թիֆլիսում էին զարմանում ու պեչկը բուխարիկից չէին տարբերում, հացը, եղը, մածունն ու կաթը խանութից առնելուց խաբար չէին ու մեծ-մեծ խոսում էին՝ էն քորփա էրեխին «աղա ջանին» ծառա տալիս, ինչ է, թե մարդաճանաչ դառնա ու հոր նման աշխարհում խեղճ ու զուրկ չապրի: Մինչդեռ գյուղացու տունը կռիվ գցեցին, ընտանեկան բռնության բիրտ կիրառմամբ քանդվեց ավանդական հայ օջախը, հայ կնոջ և մոր իրավունքները ոտնահարեցին և էն անմեղ արարածի գլուխն ինքնագլուխ կերան: Իսկ Եվրոպայում մի քանի սերունդ բարձր կրթություն ու դաստիարակություն ստացավ, վերադարձավ հայրենիք ու տեղայնացրեց իր իմացությունը: Հիմա, հերիք չէ պահպանում ենք մեր լեզուն-մեր խոսքը, մեր պատմությունն ու մշակույթը, որոնք ըստ էության հետամնացության թոթովանքներ են, դեռ մի բան էլ՝ ազգային միատարր պետություն ու ազգային եկեղեցի: Չէ մի, չէ: Բաղդադում էլ խուրմա ու կիվի է աճում, մե՞զ ինչ:
Հայոց եկեղեցին, նրա կղերական պատմությունը, որի դասավանդման աննպատակահարմարության խնդրի շուրջ որոշ ազգայնական ուժեր փորձում են քաղաքական դիվիդենդներ կորզել, այո՛, այո՛, կորզել, մեր ուշադրության կենտրոնում է, և տեղին է հիշեցնել, որ մեր մոտեցումն այդ հարցում սկզբունքային է՝ հիմնված է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների փորձագիտական ուսումնասիրությունների վրա: Եկեք պատկերացնենք այն պարզ իրողությունը, որ դարեր շարունակ, զրկված լինելով պետականությունից, այդ դերը ստանձնել է եկեղեցին: Ճի՞շտ է: Ճիշտ է: Եվ ի՞նչ ունենք մենք այսօր արդյունքում:
ՈՒնենք հսկայական ծովից ծով ձգվող մեր հայրենիքից մնացած մի թիզ հողակտոր, որի, ինչպես ասում են, մի ծայրից թքես՝ մյուսը կհասնի: Ահա, սա է հենց հայ եկեղեցուց և հոգևորականությունից մեր ստացած ժառանգությունը: Պատճառների մեջ չեմ ցանկանում խորանալ: Առկա են խարդավանքների, դավաճանությունների, թալանի, կոռուպցիոն բազմաթիվ փաստեր, որոնց հրապարակայնացումը բնավ մեր օգտին չէ: Հիմա ի՞նչ եք առաջարկում, ջնջե՞նք այդ ամոթալի էջը մեր պատմությունից, թե՞ շարունակենք փառաբանել դարեր շարունակ մեզ պատուհասած եկեղեցականների սաբոտաժը մեր երկրի և պետականության հանդեպ: Ես հակված եմ առաջինին, քանզի մեր քաղաքացին չպետք է ամաչի իր նախնյաց անհեռանկար գործունեության համար, այլ պետք է քայլի հպարտ, ինչպես մեր ֆիզկուլտի դասատուն էր ասում՝ կուրծքը առաջ, գլուխը բարձր, քայլո՜ո՜ո՜վ մա՛րշ: Հի՛, հի՛, հի՜…
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ