Կոռուպցիայի և հովանավորչության, օլիգոպոլիայի դեմ պայքարի մինչ օրս կիրառված մեթոդները՝ ցուցումները, որոշումները, քննարկումները, օրենքները, բացահայտումները և այլն, բազմիցս ապացուցել են իրենց անարդյունավետությունը, քանի դեռ հանրապետությունում մանր և միջին բիզնեսների համար խոշոր բիզնեսին հավասար մրցակցության դաշտ չի ապահովվել։ Հավասար մրցակցության առաջնային պայմաններից մեկը մանր և միջին բիզնեսների ներգրավմամբ խոշոր բիզնեսի մենաշնորհի տրոհումն է։ Դրանով մանր և միջին բիզնեսները կազատվեն խոշոր բիզնեսի թելադրանքից և, ինչ խոսք, հանրապետությունում կենսական անհրաժեշտության առաջնային ապրանքների լրիվ այլ գնագոյացման համակարգ կձևավորվի , որն էլ կխթանի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։
Ներմուծման և արտահանման մոնոպոլ կենտրոնացումը խոշոր բիզնեսի, ՀՀ-ի դեպքում՝ արդեն օլիգոպոլիայի, շառավիղում ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։ Օբյեկտիվ պատճառներից են ՀՀ-ի տնտեսական շրջափակումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, օդային և երկաթուղային փոխադրումների միջազգային թանկ գները, մի շարք ապրանքատեսակների և ծառայությունների, օրինակ, հանքարդյունաբերության կամ էներգակիրների շարժի խոշորացում պարտադրող բնութագիրը։ Սուբյեկտիվ պատճառներից կարելի է նշել մաքսային և հարկային քաղքականության ոչ ճկուն կեցվածքը, հանրապետության տնտեսական ճգնաժամի արհեստական սրումը Իրանին սահմանակից Մեղրիի և Վրաստանին սահմանակից Բագրատաշենի տոնավաճառ շուկաների փակմամբ։ Որոնք անկախության առաջին տասնամյակում ՀՀ-ի պետականության, բնակչության կենսունականության համար զարկերակային նշանություն ունեին։ Կարևոր պատճառ է նաև քաղաքացիական հասարակության չկայացումը և այլն:
Համաշխարհային պրակտիկան վաղուց է ապացուցել, որ որևէ երկիր փակ տնտեսական համակարգով չի կարող երկար գոյատևել: Այդ իսկ պատճառով եվրոպական բարգավաճ երկրները միավորվել են Եվրամիության ներսում։ Ցայսօր Ռուսաստանը փորձում է ստեղծել Եվրասիական տնտեսական համագործակցությունը: Իհարկե, վերոհիշյալ երկու օրինակում էլ կարևոր նշանակություն ունեն անմիջական հարևանների ներգրավումը, ապրանքների, ծառայությունների, տեղաշարժերի ազատականացումը, հարկային և մաքսային ընդհանուր դաշտի մշակումը և այլն։
Մեր դեպքում անչափ տարօրինակ է այդ միությունների անդամակցումն առանց հարևան Վրաստանի հետ համապատասխան հարաբերությունների կառուցման:
ՀՀ-ում հայ ժողովրդի շարունակելիության ապահովման համար այսօր կրկին հրամայական պահանջ է Բագրատաշենի և Մեղրիի շուկաների վերաբացումը: Հարևան երկրների և ժողովուրդների միջև նորմալ, չմիջնորդավորված հարաբերությունների կառուցումը յուրաքանչյուր երկրի և ժողովրդի գոյաբանական կոդի կարևորագույն ելակետն է: Դրան է նպաստում նաև համաշխարհային տնտեսությունում դիտվող տնտեսական տարածաշրջանների խոշորացման միտումը:
․․․Ունե՞նք արդյոք, գոնե Իրանի և Վրաստանի շուկաների ուսումնասիրությունները՝ ընդհուպ, տարածաշրջանների մակարդակով: Ի՞նչ ապրանքատեսակներ, ի՞նչ ծառայություններ մենք կարող ենք արտահանել և ներմուծել, նրանց հետ համգործակցելով ի՞նչ արտադրություններ կարող ենք զարգացնել: Կրկնում եմ՝ հարևան երկրների շուկաներով է անցնում համաշխարհային շուկա տանող ամենակարճ ճանապարհը: Այս պարզագույն աքսիոման անտեսողն ինքն իրեն դատապարտում է սնանկացման:
Համոզված եմ , որ մեր տարածաշրջանում ազդեցություն ունեցող ԱՄՆ և ՌԴ գերտերությունների կառավարությունները լավ տեղեկացված են մեր այսօրվա իրավիճակի մասին և մեր ղեկավարների կողմից քաղաքական կամքի դրսևորման դեպքում նրանք լուրջ խոչընդոտներ չեն առաջադրի մեր անմիջական հարևանների հետ լայնամասշտաբ և ազատ տնտեսական համագործակցություն կառուցելու գործընթացում: Չեմ ենթադրում, որ որևէ գերտերության ծրագրում պանթուրանիզմի շուրջ թյուրքական երկրների ահռելի ուժի համախմբման նպատակ գոյություն ունենա։
ՀՀ-ի և հայ ժողովրդի վերացումը պատմական հայրենիքի այս փոքրիկ հատվածից, բնականաբար, վերոհիշյալի խթանը կհանդիսանա։
Ժամանակակից տեխնոլոգիաների մակարդակը, ի տարբերությունն անցյալ դարի 90-ականների, հարկային և մաքսային ծառայություններին հնարավորություն է տալիս արդեն բացարձակ օրինականացնել ՀՀ ներմուծվող և արտահանվող ապրանքների ամենաչնչին խմբաքանակները։ Այսինքն, մանր և միջին բիզնեսների մասնակցությամբ` ներմուծմանը և արտահանմանը, ՀՀ-ի բյուջեն օգուտից բացի վնասներ հաստատ չի ունենա։
Ընդ որում, վերստին շունչ կառնի նաև գյուղը։ Կրկին կօգտագործվեն տասնյակ հազարավոր հեկտարներով անմշակ վարելահողեր, նոր թափ կստանան գյուղմթերքների վերամշակման արտադրությունները։
Չէ՞ որ մինչև վերջերս հարևան Վրաստանից խոշոր բեռնատարներով էին արտահանում մեր կարտոֆիլը, կաղամբը, դեղձը, սիգան և այլն, իսկ Իրանը մեր մսամթերքի անհագուրդ պահանջարկն ունի։
Օրերս Իրանի առևտրային պալատը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Հայաստանից ներմուծել տարեկան 3-5 մլն ոչխար։ Իհարկե, ոչխարաբուծության զարգացման մեր հնարավորությունները նաև մենք պիտի հաշվարկենք, որ մեր ալպյան մարգագետիններն էկոլոգիական աղետի առջև չկանգնեցնենք։ Անչափ կարևոր է նաև հասարակ գյուղացուն ձեռնտու վարկերի քաղաքականության մշակումը։
Չօգտագործել, մերժել այդ սպառման շուկաները՝ նշանակում է հայ գյուղացուն վտարել գյուղից և բռնի պարտադրել արտագաղթի։ Այդ երկու ոչ թշնամի երկրների սպառման շուկաները տանող ճանապարհների փակմամբ ինքներս ենք մեզ դնում բացարձակ տնտեսական շրջափակման մեջ, բնակչությանը սնանկացնում և հարկադրում լքել հայրենիքը։ Դա, մեղմ ասած, ոչ խելամիտ պետական ներքին քաղաքականություն է։
Ենթադրենք, թե ժամանակին այդ շուկաների փակումը ՀՀ-ում ներդրումների ընդունակ կապիտալի խոշորացման նպատակն ուներ։ Բայց քանի որ կապիտալն իր օրենքներն ունի՝ այն արագ շահույթ է փնտրում, ապա ներկա և ապագա կառավարությունները պարտավոր են այդ կապիտալը տնտեսագիտորեն ուղղորդել դեպի երկարաժամկետ ներդրումները։ Որը, կրկնում եմ, բացարձակ կապ չունի բարի ցանկությունների, բարեգործական նկրտումների, հայրենասիրական ճառերի և մարդասիրական զգացումների հետ։
Այսինքն, Իրանի և Վրաստանի սահմանամերձ շուկաների բացմամբ մենք փոքր և միջին բիզնեսներին հնարավորություն կտանք անկախանալ խոշոր բիզնեսի պարտադրած հումքի մոնոպոլ տարօրինակ գներից։ Հանրապետությունում մի քանի տասնյակ հազար ձեռներեցներ կրկին կարտադրեն և կներգրավվեն աշխույժ առևտրում, կշատանա անասունների գլխաքանակը և մշակվող հողերի մակերեսը։ Այսինքն, կբարգավաճեն մի քանի տասնյակ հազար գյուղացիական տնտեսություններ ևս։ Գնագոյացմանը մասնակցելով՝ փոքր և միջին բիզնեսները կառաջադրեն բնակչությանը հասանելի, ճկուն և մրցունակ գներ, կվերակենդանանա հանրապետության կաթվածահար սպառողական շուկան։
Այս մրցակցային դաշտը խոշոր բիզնեսին տնտեսագիտորեն կպարտադրի ՀՀ-ում արդեն երկարաժամկետ ներդրումներ կատարելու՝ արտադրական հզորություններ զարգացնելու։ Արդյունքում, խոշոր կապիտալը ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում՝ ի հակակշիռ մանր ու միջին բիզնեսների ծառայություններին, կարող է տեղերում կազմակերպել գյուղմթերքների, հանքանյութերի վերամշակման, բազմաբնույթ սպառողական այլ ապրանքների արտադրություններ, որոնք պահանջարկ կունենան թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում:
Գյուղերն ամրացնելու նպատակով ազատ կապիտալը կարելի է ուղղորդել դեպի մարզեր ու տարածաշրջաններ, մարզերի և համայնքների ղեկավարներին, համապատասխան ծառայությունների պետերին կառավարության կողմից հանձնարարել օժանդակել այդ կապիտալի ներգրավմանը։ Արդյունքում կունենանք կազմակերպված խոշոր գյուղացիական տնտեսություններ, կստեղծվեն համաշխարհային շուկայում մրցունակ ապրանքատեսակներ։
Ընդ որում, կարիք չկա մտահոգվելու, որ խոշոր կապիտալն ամբողջությամբ կփախչի հանրապետությունից։ Նախ՝ «խոշոր» հասկացությունը հարաբերական է, և մեր խոշորները մակարդակով, ցավոք, լավագույն դեպքում միջին են և իրենց չափերով անբավարար են էներգոռեսուրսների միջազգային գերշահութաբեր բիզնեսների պայքարին՝ գազարտադրության, նավթարտադրության և այլն ներդրումներին մասնակցելու համար։
(Հեյ գիտի, մեր լուսահոգի Մանթաշովը, որ Նոբելին Բաքվից դուրս էր մղել, փաստորեն համաշխարհային մակարդակի խոշորագույն բիզնեսմեններից մեկն էր):
Երկրորդ` յուրաքանչյուր բիզնես իր կոնկրետ կապերն ու ծառայություններն ունի, այնքան էլ հեշտ չէ նոր դաշտ մտնելն ու անհրաժեշտ կենսական տարածություններ գրավելը։
Այսինքն՝ մերոնց համար տասնյակ անգամ ավելի ապահով կլինի տեղում արտադրություններ կազմակերպելը, արդեն ապացուցված իրենց կապերի ու ձեռք բերված մասնագիտական հմտությունների շնորհիվ իրենց ճանաչած շուկաներում ընդամենը ներկրողից արտադրողի վերածվել, վերապրոֆիլավորվել։ Ես նոր գյուտ ամենևին չեմ անում։ Համաշխարհային պատմությունում առևտրային կապիտալը միշտ է այսպես վերածվել արտադրական կապիտալի։
Երրորդ` մեր ներկա ու ապագա կառավարությունները պարտավոր են երկարաժամկետ ներդրումները քաջալերելու, հովանավորելու, երաշխավորելու, իրական, արդյունավետ օրենսդրական դաշտ ստեղծել։
2012 թ․, նոյեմբեր
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ