Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Մոտ 550 կմ էր պետք կտրել-անցնել, որ հայտնվեինք Երևանից 50 կմ հեռավորության վրա

Մոտ 550 կմ էր պետք կտրել-անցնել,  որ հայտնվեինք Երևանից 50 կմ հեռավորության վրա
26.10.2012 | 12:23

Վաղուց էի երազում Արևմտյան Հայաստան մեկնել, սեփական աչքերով տեսնել այն ամենը, ինչի մասին այդքան լսել ու կարդացել էի: Եվ ահա երազանքս իրականություն դարձավ, իսկ ուղևորության ընթացքում էլ ծնվեցին մտքեր, որոնք կարող են շրջանակվել «ճամփորդական նոթեր» արտահայտության մեջ:
Եվ այսպես.

ԱԹԱԹՈՒՐՔ. ԱՆՓՈՓՈԽ ԱՐԺԵՔ
Չգիտես, թե ինչ անվանես այն տարածքը, որով անցնում ես մինչև Աղթամար կղզի հասնելը. ուղղակի Թուրքիա ասելը հայերիս համար հոգեբանորեն շատ դժվար է, սխալ է նաև Արևմտյան Հայաստան անվանելը, քանի որ ճանապարհի զգալի մասը նախկին պատմական Կարսի նահանգով է անցնում, որը ոչ մի կերպ Արևմտյան Հայաստան չէ: Իսկ հիանալի ասֆալտե մայրուղով սլանալիս էլ չես կարող նկատել, թե երբ ավարտվեց Կարսի նահանգը և սկսվեց պատմական Արևմտյան Հայաստանը:
Առաջին տպավորությունը, երբ ոտքդ դնում ես Թուրքիայի հողի վրա, իսկ ավելի կոնկրետ` հայտնվում իր տեխնիկական զինվածությամբ քարի դար հիշեցնող թուրքական մաքսակետում (այստեղ համակարգիչների փոխարեն դեռ տպող մեքենաներ են), քեզ ամեն անկյունից հառած Աթաթուրքի խորաթափանց ու խորամանկ հայացքն է: Ամեն անկյունում` թե՛ մեծ դահլիճում, թե՛ առանձին սենյակներում Աթաթուրքի նկարներն են, մի մասի տակ` նրա մտքերից մեջբերումներով:
Աթաթուրքն այս երկրում ամենուր է. նրա արձանները կանգնած են թե՛ առաջին իսկ սահմանամերձ զինվորական ստորաբաժանման մուտքի առջև, թե՛ առաջին իսկ քաղաքի` Պոֆոսի կենտրոնական հրապարակում` գլխարկը հանած և գլուխը խոնարհած իր ժողովրդի առաջ:
Աթաթուրքի նկարն է թուրքական տարադրամի բոլոր թղթադրամների վրա, մի կողմում ինքն է, մյուս կողմում` մի որևէ անվանի (երևի թե ճիշտ կլիներ այս վերջին բառը չակերտների մեջ վերցնել) թուրք` մաթեմատիկոս, գրող, երևի նաև մեծ հումանիստ. մնում է միայն հասկանալ, թե որտեղից են նրանց գտել ու ազգային պատկանելություններն էլ իրենք իրենց վերագրել։
Մեզանում հաճախ է շրջանառվում այն թյուր կարծիքը, թե «իրենց Աթաթուրքը` ոնց որ մեր Լենինը»: Միանգամայն սկզբունքային սխալ տեսակետ: Եթե իր էությամբ ազգուրաց Լենինի ողջ քաղաքականությունն ապազգային էր` ուղղված ամեն մի ազգային արժեքի ուրացմանը, ազգային կերպարի վերացմանը, ապա Աթաթուրքը չեղածից թուրք ազգ հասկացություն ստեղծեց, փլուզված Օսմանյան կայսրության մի մասում էլի չեղածից թուրքական պետականության հիմքերը դրեց և ամրացրեց այն մինչ իր մահը, նախկին օսմանցուն թուրք «կնքեց», նրա մեջ ազգային ինքնագիտակցություն արթնացրեց և «ես թուրք եմ, ուրեմն ես հպարտ եմ» արտահայտությունը դարձրեց նորաստեղծ «էթնոսի» կարգախոսը: Աթաթուրքի քաղաքական դոկտրինը հետագայում «քեմալիզմ» անվանվեց և մինչ օրս ուսանելի է անգամ արևմտյան քաղաքագետների համար: Վերջապես Աթաթուրքն էր, որ կարողացավ իր համալիր գործողությունների շնորհիվ աշխարհի աչքում «լղոզել» իր ազգի տարիներ առաջ իրականացրած ոճրագործությունները:
Աթաթուրքը ժամանակի ֆունկցիա չէ, ինչպես մեզանում ժամանակին լենիններն ու ստալինները, իսկ դրանից հետո էլ` ընտրությունից ընտրություն ժողովրդի կողմից «ընտրվող-վերընտրվող» նախագահները:
Աթաթուրքը անփոփոխ քաղաքական արժեք է, անկախ իրողությունից` իրենց մոտ առաջիկա ընտրություններում «բարգավաճներն» ու «հանրապետականնե՞րը» կանցնեն, թե՞ այլք: Եվ եթե այնպես ստացվի, որ մի գեղեցիկ օր Թուրքիայում հեղաշրջում լինի ու, ասենք, էկոլոգ-պացիֆիստները իշխանության գան, դժվար թե նրանց օրոք Աթաթուրքի նկարներն ու հուշարձանները փոխարինվեն իրենց առաջնորդով:
Բա այդքանից հետո թուրքերը էդ մարդուն ո՞նց աթաթուրք, ասել է` թուրքերի հայր չանվանեն:
Ո՞ՒՄ Է ՊԱՏԿԱՆԵԼ ԱՆԻՆ
Վան քաղաքի մերձափնյա շրջանը զբոսաշրջության կենտրոն դառնալու միտումներ է դրսևորում: Իհարկե, սերվիս կոչվածը հեռու է բավարար լինելուց և Թուրքիայի մյուս` առավել հայտնի վայրերի հետ համեմատվելուց: Ի վերջո, ո՞նց մոռանանք, որ տեղաբնակները հիմնականում քրդեր են, որոնք, մեղմ ասած, զբոսաշրջության ինդուստրիայում աշխարհի առաջատարներից չեն: Միայն մի բան լավ գիտեն` մեզ տեսնելիս ու ազգությունը պարզելիս շտապում են հերթապահ «քարդաշն» ասել: Դե, իհարկե, առաջնորդվում են «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով: Բայց ախր դուք մեզ ի՞նչ քարդաշ, է: Այդ ամենուր լսվող «քարդաշի» տակ այնքան է թաքնված շինծու բարիդրացիությունը։
Վանա լիճն էլ բավական հակասական զգացումներ է թողնում: Եթե համեմատելու լինենք իր կրտսեր քրոջ` Սևանի հետ, ապա միանգամից բազմաթիվ ընդհանրություն ու հակադրություն կգտնենք: Մի կողմից նույն բնությունն է` լերկ սարեր, անհրապուրիչ բնություն: Ծովի մակերևույթից բարձրությամբ էլ գրեթե մոտ է Սևանին. եթե Սևանը մոտ 1900 մետր է բարձր, ապա Վանը` 1670, միայն թե, ի տարբերություն Սևանի, որի հայելու բարձրությունը 1950-ականների կոմունիստական գաղափարախոսության արդյունքում դարձավ փոփոխական, և դեռ հիմա էլ դրա հետևանքներն է «իր ուսերի վրա կրում», Վանը նման փորձությունների չի ենթարկվել: Համ էլ ինչու ենթարկվեր, երբ Սևանի պես քաղցրահամ ջուր չունի (այստեղ ջուրը մի տեսակ դառնահամ է և բավական տհաճ` լողալու համար) և երբեք չի ծառայել ոռոգման ու հիդրոէներգետիկ նպատակների համար:
1915-ին Վանի ինքնապաշտպանությունն ապահոված քաղաքի բերդն այսօր զբոսաշրջության հարմար վայր է` տեղաբնակների համար փող աշխատելու լավ միջոց: Կենտրոնական մուտքի հենց դիմաց մեծ ցուցանակ է` «Աթաթուրքի անվան մշակույթի կենտրոն». ճակատագրի ծա՞ղր, թե՞ թուրքական խորամանկության հերթական դրսևորում: Ինչ վերաբերում է բուն Վան քաղաքին, ապա եթե կան այնպիսիները, ովքեր ցանկանում են իրենց հիշողության մեջ թարմացնել 1989-ի հետերկրաշարժյան Լենինականի պատկերները, կարող են Վան այցելել: Առանց այն էլ անշուք, իր պատմական կերպից լիովին զրկված, այսօր հայկականության ոչ մի տարր չպարունակող Վանը կիսավեր վիճակում է, իսկ որոշ շրջաններ էլ մեծ շինհրապարակ են հիշեցնում:
Ի տարբերություն Վանի, որտեղ ընդհանրապես հայկականության ոչ մի շունչ չկա, իսպառ վերացել են բոլոր հայկական թաղամասերը և, մասնավորապես, Այգեստանի մասին հուշերը կարելի է վերականգնել միայն Մահարու էջերից, Կարսում շատ էին հայկական երկհարկանի շինությունները, որպես օրենք` լքված ու կիսաշեն:
Կարսի բերդի տակ կանգնած ակամայից մտաբերում ես նրա մասին մշտապես արտաբերվող «անառիկ բերդ» արտահայտությունը: ՈՒ նորից մտաբերում ես «ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն…»: Միայն թե Կարսի դեպքում ոչ թե կինն ու գինին են եղել, այլ դավաճանությունը, իսկ ավելի վերլուծորեն ասած` մեծ քաղաքական խաղերը, որոնց շրջանակում մենք` հայերս, ինչպես միշտ, անզոր ու անօգնական ենք եղել:
Կարսի բերդի դիմաց հայկական եկեղեցին է` կիսավեր գմբեթով ու իհարկե առանց խաչի: Երկու կողմից նրան «սեղմում» են նորաշեն շքեղ մզկիթները: Չի բացառվում, որ մի գեղեցիկ օր էլ որոշեն, թե հայկական եկեղեցին չի համապատասխանում ընդհանուր տեսարանին, ու գլխին մի բան բերեն: Մեզ ասել էին, որ Կարսը վերաբնակեցվել է ադրբեջանցի փախստականներով (գտել էին ամենահարմար տեղը նրանցով վերաբնակեցնելու` ո՜նց նորից ու նորից չհիշես թուրքական դիվանագիտական խորամանկությունները) և հակահայկական տրամադրությունների կարելի է ականատես լինել ամեն քայլափոխի, այնպես որ որոշեցինք քաղաքում քիչ շրջել ու չշփվել ոչ մեկի հետ:
Կարսից 40 կմ հեռավորության վրա Անին է, ավելի ճիշտ` հազար ու մի եկեղեցիների քաղաք Անիի ավերակները: Այնտեղ տանող երկրորդական նշանակության ճանապարհն էլ այնքան բարվոք էր, որ մեր Երևան-Գյումրի մայրուղին նրա մոտ գյուղական ճամփա է: Անիի մուտքի մոտ` վեհաշունչ պարիսպների մի անկյունում մանրամասն ցուցանակ է` Անիի ստեղծման, պատմության մասին: Նշված են պատմական անցուդարձերը, դինաստիաները, որ իշխել են քաղաքում, և բնականաբար` ոչ մի խոսք հայերի, հայկական ծագման, Հայաստանի մասին: Թուրքական հերթական խորաթափանցություն։
Սերվիս ասվածն էլ սահմանափակվում է երկու ոստիկանով, որոնցից մեկը մուտքի մոտ տոմսեր է վաճառում, մյուսը ելքի մոտ ստուգում դրանց առկայությունը: Եվ վերջ, ոչ մի էքսկուրսավար, որ հանկարծ բերանից ավելորդ բան չթռցնի։

ՈՎ ԻՆՉՊԵՍ Է ԸՆԿԱԼՈՒՄ ԱՐԱՐԱՏԸ
Մոտենում ենք Իգդիրին, Երևանը մոտ 40-50 կմ հեռավորության վրա է, բջջայիններով տնեցիների, ընկերների հետ խոսում ենք այնպես, կարծես, ասենք, Արտաշատում կամ Արմավիրում լինենք: ՈՒրեմն: Մեծ քաղաքականության «դժվարամարս» հետևանքները։
Արարատը կողքից է` մեզ համար բոլորովին անծանոթ անկյունից, իսկ Սիսն էլ, բնականաբար, «թաքնվել» է նրա հետևում և չի երևում:
Հաջորդ կանգառը Դոքուբայազետն է (նույն մեր պատմական Բայազետը` թուրքական անվանային ինտերպրետացիայով, որտեղից արդեն Արարատը 180 աստիճան շրջված է մեզ կանգնած, մի տեսակ` նեղացած: Իսկ արտաքուստ էլ իր «նոր տեսքով» Ֆուձիյաման է հիշեցնում, միայն թե Ֆուձիյամային ճապոնացիք որ կողմից էլ նայեն, իրենցն է: Այս կետից այնքան մոտ է թվում Արարատի գագաթը, կարծես մի քանի ժամում կբարձրանաս:
Իրականում Արարատ հնարավոր է մագլցել լավագույնը 2-2,5 օրում, այն էլ` եթե բարենպաստ եղանակային պայմաններ լինեն, ինչի մասին տեղեկացանք մեզ հետ Աղթամար ուղևորվող ավստրիացի ալպինիստներից:
Աղթամար հասնելու ամենահարմար տարբերակը պատմական Սվաս (թուրքերի «թեթև» ձեռքով Գևաս վերանվանված) քաղաքից է: Ինչ իմանաս, միգուցե հայտնի լեգենդի տղան էլ այստեղից էր լողալով ճանապարհ ընկնում, մինչև այդ պատմական երեկոն։
Մեր օրերում արդեն Գևասից զբոսաշրջիկներին նավով կես ժամում կղզի են հասցնում: Պետք է սպասես մինչև «պասաժիր հավաքվի»` ոնց որ մեր երթուղայինների դեպքում է: Իսկ մինչ այդ կարելի է Վանա տառեխ համտեսել` կորցրած հայրենիքի ևս մեկ խորհրդանիշ: Վերջապես «պասաժիրը», տվյալ դեպքում վերոհիշյալ ավստրիացիների խումբը, պատրաստ է, և ճանապարհ ենք ընկնում: Ինսբրուկից են` չնաշխարհիկ Տիրոլի կենտրոնից, և ալպինիզմի հմտություններն էլ Արարատի գրեթե կես բարձրությունն ունեցող տիրոլյան սարերում են ձեռք բերել: Ժամանել են Ստամբուլ, այնտեղից` Դոքուբայազետ, որտեղ ալպինիստների համար հատուկ ստորին ճամբարն է տեղակայված, և իրականացրել իրենց բաղձանքը: Գիտեին, որ սա պատմական Արևմտյան Հայաստանն է, տեղյակ էին 1915 թ. դեպքերին, սակայն ասում էին, որ դա ուղղակի հանգամանքների բերումով է, որ իրենք անձամբ տեղյակ են, իսկ Ավստրիայում այնքան էլ ծանոթ չեն մեր պատմական անցուդարձին: Երևի թե այդպես էլ պետք է լինի` ինչո՞ւ պետք է ամենուր բոլորը մեր պատմությամբ ցավեն ու տեղեկացված լինեն: Աշխարհում այնքան բան է կատարվում: Հայերս շա՞տ ենք ձգտում խորանալ ուրիշների ցավերի մեջ: Մենք, օրինակ, իմացա՞նք, թե տարիներ առաջ ինչ բերեցին աֆրիկյան թութսիների գլխին: Այնպես որ, բարեկեցիկ ավստրիացիների անտեղյակության հանդեպ կարելի է լիովին ներողամիտ լինել:
Ինչ վերաբերում է Արարատին, ասացին, որ այդ սարը նրանց համար ուղղակի բիբլիական խորհրդանիշ է, և այնքան էլ չեն հետաքրքրվել, թե ներկա պահին որ երկրի տարածքում է այն գտնվում: Մեզ էլ խորհուրդ տվեցին` անվերջ չապրել կորստի ցավով և զմայլվել Արարատով այնպես, ինչպես այն կա: Հեշտ է կողքից խորհուրդ տալը։
Ասացին նաև, շատ դժվար է եղել մինչև գագաթ մագլցելը, անգամ ուղեկցորդի առկայության պայմաններում, իսկ գագաթից որքան էլ հայացքով փնտրեցին Երևանը, չգտան: Անբացատրելի անհակադարձելիություն. իսկ ինչպե՜ս է Արարատը երևում Երևանից։
Նավից Աղթամարը հիասքանչ է երևում. մոտենալու հետ ավելի հստակ է ուրվագծվում երկու ժայռի արանքից բացվող Սուրբ խաչը: Կղզու վրա, եկեղեցու մերձակայքում և ներսում բավական քանակով զբոսաշրջիկներ կան` ամենատարբեր լեզուներով խոսող, անխոս հմայվող անզուգական ճարտարապետությամբ, որմնանկարներով և զարդաքանդակներով: Իսկ զբոսաշրջիկների շրջանում հայկական «մենաշնորհ» չկա: Դա, սակայն, չի խանգարում թուրք (կամ քուրդ, որտեղի՞ց ստուգես) ոստիկանին միանգամից ի հայտ բերելու մեր ծագումները և հայերենով ծռմռված «բարի գալուստ» ասելով` հայերիս առաջարկել արդեն մի քանի անգամ օգտագործված մոմեր, բնականաբար` «վերադիրով». բա էդքան չարչարվել գտել է, համ էլ ուրիշ ինչի՞ վրա փող աշխատի, եթե ոչ կորցրած հայրենիքի զգացումների, առավել ևս, որ եկեղեցում ուրիշ ոչ մի սպասավոր չկա: Մի խոսքով` Աղթամար կղզում մոմի բիզնեսը լավ հիմքերի վրա է դրված: Մեր մոմ վառելու առաքելությունը կատարված է, կարելի է ցամաք վերադառնալ:
Այսպես ավարտվում է մեր եռօրյա ուղևորությունը և Հայաստան ենք ոտք դնում հակասական զգացումներով ու հիշողություններով:


Լևոն ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 30749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող  իշ­խա­նա­վորն ու ծա­րավ  հայը
«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը