Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Էժան խնձո՞ր, թե՞ թանկ հաց

Էժան խնձո՞ր, թե՞ թանկ հաց
10.04.2012 | 00:00

Ազգային վիճակագրական ծառայությունը փաստում է, որ պարենային շուկայում այս տարվա երկու ամիսներին գնանկում է արձանագրվել։ Չնայած այս փաստին, պետք է նկատենք, որ, Հայաստանում գնաճն անհամեմատ բարձր է թե՛ ԱՊՀ, թե՛ եվրոպական երկրների համեմատ։

Եթե մի շարք ցուցանիշներով տարբեր ոլորտներում և մասնավորապես տնտեսությունում Հայաստանն առաջատար դիրքերում չէ, ապա գնաճի պարագայում զբաղեցնում է «պատվավոր» երկրորդ տեղը` Բելառուսից հետո։ Համեմատության համար խոսենք օրինակներով։ Եթե տարեսկզբին Հայաստանում ընդհանուր գնաճը կազմել է 2,6 %, ապա ՌԴ-ում այն եղել է 0,9 %, ՈՒկրաինայում` 0,4 %, Ղազախստանում` 0,7 %։ Ինչ խոսք, պատկերն ուրախության առիթ չի տալիս, սակայն ՀՀ ԱՎԾ-ն փաստում է, որ 2012-ի մարտին Հայաստանում 12-ամսյա գնաճը եղել է 2,2 %, և պարենային շուկայում որոշ ապրանքատեսակների գնանկում է նկատվում` փետրվարի համեմատ մարտին գները նվազել են 3 %-ով, ընդ որում, 21 %-ով նվազել են խաղողի, 10 %-ով` խնձորի, և 5 %-ով կիտրոնի գները։ Ընդհանուր առմամբ, մրգերի գինն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 30 %-ով։ Սակայն այս տարվա մարտին փետրվարի համեմատ բարձրացել է բանջարեղենի գինը։ Բնականաբար, բանջարեղենի գնի բարձրացումն առաջին հերթին պայմանավորված է պահանջարկի բարձրացմամբ, ինչը տեղի է ունենում յուրաքանչյուր գարնան սկզբին։ Իսկ մրգերի գների նվազումը բացատրվում է պահանջարկի իջեցմամբ։ Գաղտնիք չէ, որ գարնանը խաղողը, խնձորը և ցիտրուսային մրգերն առաջնահերթ պետք է իրացնել, քանի որ տարվա այս սեզոնին դրանց որակական հատկանիշները գնալով իջնում են։

Եթե ԱՎԾ-ն արձանագրում է գյուղատնտեսական ապրանքատեսակների գնանկում, ապա նույնը չի կարելի ասել պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների վերաբերյալ։ Օրինակ, ռազմավարական նշանակության այնպիսի ապրանք, ինչպիսին ալյուրն է, մարտին թանկացել է 3 %-ով` փետրվարի համեմատ։ Այս թանկացման հետևանքով 1 %-ով ավելացել են հացի և մակարոնեղենի գները։

Եվ այսպես, փետրվարի համեմատ ԱՎԾ-ն 2012-ի մարտին պարենային շուկայում արձանագրում է գնանկում։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ Կարծում ենք` առաջին հերթին դա ունի նաև քաղաքական դրդապատճառներ։ Խորհրդարանական ընտրություններին զուգահեռ իշխող կուսակցությունը պետք է հնարավոր ամեն բան անի, որ թուլացնի երկրում առկա սոցիալական լարվածությունը։ Սա բնական գործընթաց է, սակայն անտրամաբանական է, որ ալյուրի, շաքարավազի գները ոչ թե չեն նվազել, այլ բարձրացել են, ինչի մասին փաստում է ԱՎԾ-ն։ Մինչդեռ այս ապրանքատեսակների խոշոր ներկրողը ոչ միայն իշխող կուսակցության դաշտից է, այլև նրա մերձավորներից մեկը։ Արդյոք ապրիլին կհաջողվի՞ իջեցնել ալյուրի և շաքարավազի գները, դժվար է ասել, քանի որ այս ապրանքատեսակների գները վերջին մի քանի տարում ոչ թե նվազում, այլ անընդհատ բարձրանում են, չնայած հացահատիկի միջազգային շուկայում գները նվազում են։ Այս պահին փաստ է, որ վերոհիշյալ ապրանքատեսակները գնային առումով ՀՀ պարենային շուկայում շարունակում են մնալ դոմինանտ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2137

Մեկնաբանություններ