Արևագույն շապիկով ու լրջախոհ հայացքով այս տղան պետք է դառնար մեր մշակութային ժառանգությունը 21-րդ դարում նոր շնչով մատուցող ճարտարապետ, որովհետև դա էր իր երազանքը, իր էությունը:
Այդպիսին էին նրան տեսնում իր ուսուցիչները։ Մենք նրան ճանաչելու էինք որպես ճարտարապետ, սակայն դարձավ անմահների գնդի մարտիկ։
ԶՈՐԻԿ ՎԱԽԹԱՆԳԻ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ է նա` Արցախյան
44-օրյա պատերազմում անմահացած մեր հազարավոր հերոսներից մեկը, ով լինելով ծնունդով Արցախ աշխարհից, մեր հայրենիքը սիրում էր ոչ թե հատվածաբար, այլ ամբողջությամբ, զգում հոգու բոլոր թելերով։
Սիրում էր մեր հոգևոր-մշակութային ժառանգությունն ուսումնասիրել, որ մեր ճարտարապետության ավանդույթները կյանքի կոչեր իր ապագա նախագծերում։
Բանակ զորակոչվելիս հերոսի մայրը` Մանուշ Սահակյանն ասել էր.
-Կգնաս որդիս, տղամարդ դարձած կգաս։
ՈՒրիշ պատգամ չէր էլ կարող ստանալ, որովհետև հայրը` Վախթանգ Շահրամանյանը իր ողջ կյանքը Հայոց բանակին նվիրած սպա է` փոխգնդապետի կոչումով։ Եվ որդին էլ մշակույթի զինվոր դառնալուց առաջ պետք է լիներ զինվոր այն բանակում, որը ձևավորվեց Արցախյան պատերազմի բովերում։
Զորիկ Շահրամանյանի համար հայրենասիրությունը հավատամք էր և այդ ոգով էլ մեկնեց ծառայության:
Սակա՞յն... մնաց հավերժ զինվոր։
Մնաց Արա լեռան բարձունքին` հավերժ դիրքապահ։
Հերոսի մայրիկին ` Մանուշ Սահակյանին ես պիտի մի օր բացահայտեի որպես ճարտարապետ Զորիկ Շահրամանյանի մայր:
Բայց ճանաչեցի Արցախյան երրորդ պատերազմից, որ սկսվել է 2020 թվականից և չի ավարտվել։ Համացանցում տեսա և ընդմիշտ իմ հոգու մասնիկը դարձրի արևագույն շապիկով հերոսիս, իսկ այս պրոֆիլի հետևում զգացի այն պայքարող և ազնվական տեսակի հայուհուն, ով չնայած անփարատելի այս վշտին, մշտապես դժվարությունների մեջ հայտնված մարդկանց կողքին է։ Իրականացնում է բարեգործական ծրագրեր։ Նա զարմանալի ներաշխարհի տեր հայուհիներից է, ումից ինքներս ենք ուժ ստանում` մեր համազգային ցավի ու կորուստների հետ ապրելու և պայքարելու համար։
Եվ որքա՜ն մեծ պիտի լինի մարդու ներաշխարհը, որ վիշտը սրտում` շարունակի բարին փնտրել ու բաշխել մարդկանց և... չփոխվել։
Այդպիսին է իմ սիրելի հերոսամայրը:
Եվ եթե նրա հետ զրույցի ժամանակ հանկարծ փորձեք ձեր ճանապարհին հանդիպած որևէ անարդարությունից վհատվել, կլսեք հերոսամոր պատգամը.
-Մենք ամեն ինչ անում ենք Աստծո համար, բարությունը վերադառնում է։
Եվ այլևս չես կարող այս խոսքերից ուժ չստանալ` Արցախ աշխարհից եկող ուժ, որից հետո այլևս պարտավոր ես առանց հետ նայելու իրականացնել այն բոլոր ծրագրերը, ինչի համար կոչված ես։
Այսօր (08.07.2023 թ.-irates.am) վաղ առավոտյան համացանցում կարդում եմ լուսավոր նորությունը.
ծնվել է իմ սիրելի հերոսի քույրիկը` բոլորիս համար սպասված հրաշքը։
Հերոսամայրս իր դիմագրքի էջում գրել էր.
«Այսօր ծնվեց մեր տան կոկոն-ծաղիկը, մեր փոքրիկ արքայադուստրը։ Մեր արիացի-արցախցի Արիանան։
08.07.2023թ.
01։00ժ.
3300 քաշով 49 սմ»։
Այս լուրը իսկական արևի շող էր ոչ միայն իմ, այլև բոլորի համար։
ՈՒզում ես ասել ամեն ինչ, որ հանկարծ բառերը քիչ չլինեն։
ՈՒզում եմ ամուր գրկել Ձեզ ու փոքրիկ հրաշքին, սիրելի հերոսամայր... և ասել, որ ուզում եմ հերոսիս փոքրիկ քույրիկը` հրաշք Արիանան, ունենա լուսավոր ճակատագիր, որ իր կյանքի բոլոր հանգրվաններում հասնի իր երազած երջանիկ ակնթարթներին ու ոչ մի երազանք անկատար չմնա։
ՈՒզում եմ, որ մեր հրաշք աղջիկը ` Արցախցի-արիացի Արիանան մեծանալով` դառնա Արցախի այա ` շրջապատված իր մի քանի սերունդներով։
Երբ մեծանա Արիանան, նա անպայման կիմանա, որ հզոր Զորիկի քույրն է։
Եվ իր եղբայրը հավերժ ներկա է մեր սրտում։ Գիտեմ, որ Դուք իմ հերոսի կրտսեր եղբորն ու քրոջը միշտ ասում եք.
-Կյանքում ինչքան էլ դժվար լինի, իմացեք, որ ձեր եղբայրը ձեր մեջքին ամուր կանգնած է։
Նույն պատգամն էլ լսելու է Արիանան, և նա լինելու է իր ճանապարհին քայլերն ամուր դնող ու իր ընտրած ասպարեզներում փայլող անուն։
Եվ ինչպես ընդունված է Հայոց մեջ ասել` բոլորիս աչքը լույս լինի։
Արիանայի ծնունդը բոլորիս երջանկությունն է։ Թող ուրախանա մի ողջ ժողովուրդ, որովհետև մեր անմահ հերոսի հրաշք քույրիկն է ծնվել:
Բարությունը, այո, վերադառնում է, հերոսամայրս։
Հավատում եմ Ձեր բանաձևին։
Եվ թող Ձեր անսահման բարության պատասխանը Տիզերքից միշտ ուղեկից լինի Ձեր զավակներին ու փոքրիկ Արիանային:
Աստված պահապան։
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ