Շարունակելով այն թեմայի քննարկումը, թե ներկա իրավիճակում մեր կյանքի հարատևման համար որն է ամենակարևորը և, ըստ այդմ, որն է մեր ազգային գաղափարախոսության կենտրոնական պրոբլեմը, մենք անհրաժեշտաբար հանգում ենք հետևյալ մտքին։
Մեր աչքի առաջ վերջին 40-50 տարիների ընթացքում տեղի ունեցած և ներկայում ընթացող աշխարհաքաղաքական պրոցեսները միարժեքորեն ցույց են տալիս, որ դրանցում միակ գործոնը երկրների ու քաղաքական բլոկների մերկապարանոց ուժն ու հզորությունն են։
Իրականությունից կտրված և մանկամիտ այն պնդումը, թե չունեցած ուժերով մենք կարող ենք որևէ բանի հասնել, բացարձակապես անհիմն է արտաքին քաղաքականության ոլորտում, մանավանդ, որ դա պետության խնդիրն է։
Այնուամենայնիվ, նման փակուղային վիճակում ո՞րը պետք է լինի ամենակարևոր խնդիրը մեր հետագա գոյության տեսանկյունից, երբ այդ նույն ապագան կախված է ուժ ունեցողների հակամարտության ընթացքից և այդ հակամարտության ընթացքում սպասվող ուժային բալանսների հնարավոր աշխարհաքաղաքական տարբերակներից։ Աշխարհաքաղաքական տարբերակներ, որոնք մեզ համար կարող են լինել շատ վատ, վատ կամ տանելի։
Այստեղից էլ՝ մեր հիմնական խնդիրը ստեղծված իրավիճակում՝ հնարավորինս հասկանալ ուրիշների խաղը, այդ խաղի ընթացքը և հնարավոր աշխարհաքաղաքական բալանսային տարբերակները անհրաժեշտ ինֆորմացիայի պրակտիկ բացակայության պայմաններում, որը կարիքի դեպքում հնարավորություն կտա մեր ուժերն ու միջոցները մղել դեպի տանելի լուծումներ։
Սա դժվար խնդիր է, բայց այս ուղղությամբ ջանքերը կարող են բերել մեզ համար դրական արդյունքի, քանի որ որևէ բան հասկանալու համար խելքն ու գիտելիքը հերիք են, ինչը, ուժ չունենալու դեպքում, ինչ-որ չափով ուժին համարժեք բան է։
Բայց մյուս կողմից էլ նման ճանապարհով որևէ բանի հասնելու համար հասարակությունը և պետությունը խելք ու գիտելիք ունեցողներին բանի տեղ պետք է դնեն, ինչը խիստ կասկածելի է։
Հակառակ դեպքում, մեր կողմից կշարունակվի գործունեության իմիտացիան և, ըստ էության, անգործությամբ ու իներցիայով հնարավոր լուծումներին սպասելը ու մեկ էլ մտահոգ դեմքերով քաղաքական բնույթի քննարկումներ կազմակերպելը։
Բացի դրանից, պետք է դադարեցնել ինքնախարազանման տուպիկային ընթացքը ևս, քանի որ անհասկանալի է, թե որն է այդ պրոցեսի վերջնական նպատակը։
Եթե դրա նպատակը մեր անպիտան լինելու հանգամանքն ապացուցելն է, ապա դա ավելի շուտ կարող է լինել մեր թշնամիների նպատակը, կամ էլ որևէ ձևով մենք պետք է կարողանանք որևէ դրական բան գտնել ինքնախարազանման հեղեղի մեջ։
Պավել Բարսեղյան