Նորից ու նորից, շատ վաղուց ժողովուրդները պատմական գլոբալ պրոցեսում ունեն միայն մեծ ու փոքր գործիքների դեր, որտեղ ամեն ինչ որոշում են էլիտաներն ու նրանց պայքարը, որոնք ինքնուրույն համակարգ են մարդկային հասարակություն կոչված ավելի մասշտաբային համակարգի մեջ։
Հնարավոր է, որ հին ժամանակներում, երբ հարցերը գլխավորապես լուծվում էին ֆիզիկական բախումների ու մեկը մյուսին հաղթելու և պարտվելու միջոցով, ժողովուրդների հոգեբարոյական հատկությունները երբեմն ունեին վճռական նշանակություն։
Մարդկության զարգացման հետ միասին դոմինանտ դիրքի համար պայքարը աստիճանաբար սկսեց ավելի գլոբալ տեսք ստանալ, և որպես դրա հետևանք սկսվեց համաշխարհային էլիտայի ձևավորումը։
Մարդկային համակարգերի տեսության հիմնադրույթներից մեկն ասում է, որ զարգացման պրոցեսում մարդկության ներսում ցանկացած նոր ենթահամակարգի առաջանալն ու բարդության/հասունության որոշակի մակարդակի հասնելը ծնում են այդ ենթահամակարգի ներքին կառավարման կարիք։
Ընդհանրապես, հասարակության մեջ նույնատիպ խոշոր շահեր ունեցողների խումբը շատ արագ պարզում է, որ նույնիսկ իրար հետ հակասության մեջ գտնվող իրենց մասշտաբային շահերը կարիք ունեն նաև ընդհանուր կոորդինացիայի ու կառավարման:
Այդ նույն սկզբունքով դոմինանտ դիրք ունեցող համաշխարհային էլիտան, մանավանդ կապիտալիզմի զարգացմանը և փողի իշխանության հզորացմանը զուգընթաց, ունեցավ նման կոորդինացիայի կարիք։
Այստեղ հատուկ պետք է նշել փողի դերը, որը մարդկանց կյանքը հեշտացնող հարմար գործիք լինելուց սկսեց աստիճանաբար վերածվել գլոբալ կառավարման միջոցի։
Նոր ձևավորվող գլոբալ վերնախավը ժողովուրդներից անկախ ու ինքնուրույն շահերով ապրող համակարգ էր, որի հզորության առանցքը դարձավ փողը և վերջինիս հոսքերը կառավարող բանկային մեխանիզմները։
Հիշենք 19-րդ դարի վերջի ու 20-րդ դարի սկզբի եվրոպական էլիտաները, որոնք նույնիսկ ազգակցական սերտ կապերով էին կապված իրար հետ։
Հիշենք նաև եվրոպական ժողովուրդների ահռելի մասշտաբների անմիտ կոտորածները առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ։
Իր հերթին, գլոբալ կառավարման նման մեխանիզմները կարիք ունեն ավելի ու ավելի նորացվող գործիքակազմի, նոր տեխնոլոգիաների, զինատեսակների, արհեստական ինտելեկտի, որոնց շարքում ժողովուրդների դերը պակասելու տենդենց ունի։
Եվ այս պայմաններում մենք միամտաբար, մեր ինքնադատափետումով, ուզում ենք որևէ գոյաբանական հարց լուծա՞ծ լինել։
Պավել Բարսեղյան