Ստույգ ճղճիմություններ ասելուց, լսելուց հոգնեցինք:
Վախենամ՝ մեր ստույգ վարքագիծը միայն այս տիրույթում է կենսունակ, ինչը շատ հնչելուց բթացնում է լսողությունը, վարժեցնում միալար թափվող անձրևի կտկտոցին:
Իրական հիվանդներն այսպես են հիվանդացնում առողջներին՝ շատ խոսել տալով:
Մեր դեպքում քիչ է ասել՝ իշխանությունը ժողովրդին չի սիրում, նա մեզ վերաբերվում է որպես թշնամու. որքա՞ն կարելի է սա չհասկանալ:
Խնայենք մեր ժամանակն ու էներգիան, ինչը սպառվելու վրա է:
Հո ռինգի բարձիկ չե՞նք, որ անվերջ ծեծվելուց էլ ցավ չզգանք:
Վտանգ կա՝ սիրելու ցավը, սթափվենք:
Մի փոքրիկ մարտը՝ մեր սուվերեն տարածք ներխուժած թշնամու դեմ, թուրքի քթին մի մուշտի տալը չէր խանգարի խաղաղությանը, դա՛ս կլիներ, կճշտվեր խաղաղության սահմանը, մեր արժանապատվությունը կամրապնդվեր:
Մենք բոլոր իրավունքներն ունեինք և ունենք նրանց սանձելու, դուրս շպրտելու մեր տարածքից:
Էլ ու՞ր մնաց Լեռնահայաստանի ոգին:
Թե չէ՝ խաչքար դնողից դարձել ենք խաչքար տեղափոխող, վախենամ՝ վաղն էլ խաչագող դառնանք, ցրվենք աշխարհով մեկ:
Յուրաքանչյուր արդար ընդվզմանը սրանք պատասխանում են իրենց դիրքերն ամրապնդող ստրատեգիայով, և այսպես շարունակ. միշտ էլ կա՛մ ստրատեգիա ունեն, կա՛մ հունից հանող բարբաջանք:
Համարյա ճիշտ այնպես, ինչպես թշնամին է պատասխանում:
11 հազար դասալիք բացահայտած այդ կնոջը հիասթափեցրել է, որ մեծամասնությու՜նը չի զոհվել, մեծամասնությու՛նը պետք է սպանդի ենթարկվեր, եղածը քիչ էր ու սրտովը չի:
Սրանք տեղյակ չեն քիչ կորստով հաղթանակի հասնելու թեզին անգամ:
Զոհերի մեծ թվո՜վ են որոշում հայրենասիրությունը… Ահավոր է: Ահավոր վիճակում ենք, դժվար է լինելու սրանց հախից գալը:
Մի բան գիտեմ՝ շատ խոսելով չի, մանավանդ՝ գռեհիկների խնջույքում պոեզիա արտասանելով:
Կամ ո՞վ է թույլ տվել այս կնոջը պատերազմ վերլուծելու, ի՞նչ բարոյական կամ իրավական օրենքով. գուցե հի՞մք է ստեղծում գեներալի կոչման հավակնության: Չեմ զարմանա, եթե վաղը լսեմ՝ պաշտպանության նախարար է...
Այս գրառումն էլ է ստույգ ճղճիմություն, ժամանակի զուր վատնում:
Սուսաննա Բաբաջանյան