Վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը Վազգեն Մանուկյանի և մտավորականների հետ հանդիպմանը հարցրեց. «Վարչապետը հայտնեց եռօրյա Սգի մասին, որին բոլորս կմիանանք, իհարկե: Բայց շատ լավ ճանաչելով նրան՝ գիտենք, որ դա նրա մանիպուլյատիվ զենքերից մեկն է, ու նա երթի բոլոր ներկաներին ներկայացնելու է որպես իր համակիրներ: Սա նրա հերթական անբարոյական քայլերից մեկն է, ի՞նչ տարբերակ ունենք, որպեսզի բոլոր փակ աչքերը բացվեն: Այս ողբերգության վրա խաղալն ուղղակի անհնար է ընկալել»:
Վազգեն Մանուկյանը համաձայնեց երգչուհու խոսքերի հետ՝ նշելով, որ այն ամենն, ինչ անում կամ ասում է Նիկոլ Փաշինյանը, միմիայն մանիպոլյացիա է: Ու նա մեծ շնորհք ունի այդ հարցում: «Լավ կլիներ, որ մենք իրեն օգտագործեինք ուրիշ երկրում՝ իր միջոցով խնդիրներ լուծելու: Իսկ Սգի օր, իհարկե, պետք է լինի: Շարժումը հայտարարեց, որ շաբաթ օրը մեծ հանրահավաք է կազմակերպում, ու պատահական չի, որ համընկնում է հայտարարված Սգի օրը: Բայց, անկախ ամեն ինչից, ինչ զգացողություն էլ ունենամ, ինչքան էլ այդ օրը բոլորիս Սգի օրն է, ես երբեք Նիկոլի հետ նույն շարասյունով չեմ շարժվի: Առանձին կգնամ, գիշերը կգնամ, բայց երբեք ինձ թույլ չեմ տա իր կողքով քայլել», - նշեց Վազգեն Մանուկյանը:
Շուշան Պետրոսյանի հաջորդ դիտարկմանը, թե հիմա բարեկիրթ լինելու ժամանակը չի, որովհետև հենց հիմա լուրեր էին տարածվում, որ Խնձորեսկն էլ են հանձնում, ամբողջ համացանցը նաև Ագարակի մասին է խոսում, քաղաքական գործիչը ասաց.
«Երեկ Խորհուդը հայտարարություն արեց, որը ես էի ստորագրել: Այնտեղ մի նախադասություն կար, որ շատերը կարծեցին՝ պետք չի, ու հանեցին: Կոչս այն էր, որ մարդիկ զինվեն, ինքնակազմակերպվեն, որովհետև, եթե բանակը չի կարողանում պաշտպանել, ժողովուրդը պիտի կարողանա ինքն իրեն պաշտպանել: Մենք հիմա այն վիճակում չենք, որ անընդհատ դիմենք պետությանը, պետությունը չանի, ու մենք էլ ասենք՝ մենք ի՞նչ կարող էինք անել... Ինչ վերաբերում է քաղաքակիրթ ցույցերին, ես այլընտրանք չեմ տեսնում: Մեր կողմից խաղաղ ցույցերը կարևոր են: Նաև, բոլոր կառույցները կամաց-կամաց հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ գնալու ճանապարհ չունեն ու անցնում են ժողովրդի կողմը: Այն ժամանակ, երբ ժողովրդի մեծ հատվածն անցնի շարժման կողմը, Նիկոլ Փաշինյանը դատապարտված է: Հիմա մարդիկ դեռ սուգի մեջ են, կամաց-կամաց այս հանրահավաքները առավել բազմամարդ կլինեն ու կհասնեն իրենց նպատակին»: