«Բարսելոնը» վերջին տարիների իր կենտրոնական հարձակվող Լուիս Սուարեսի հնարավոր փոխարինողի մասին սկսեց մտածել դեռևս անցած մրցաշրջանի նախաշեմին։ Խնդիրը ոչ միայն ֆուտբոլիստի առաջացող տարիքն ու վնասվածքներն էին, այլև թիմը հիմնավորապես վերակառուցելու հրամայականը։ Փնտրելը փնտրեցին, սակայն այդպես էլ իրենց ուզածին չգտան։ «Լեգանեսից» հրավիրված Մարտին Բրեյտուետին դժվար թե կարող էր որպես այլընտրանք լինել ուրուգվայցուն, հատկապես, որ նա թիմում հայտնվեց ՈՒսման Դեմբելեի ծանր վնասվածքից հետո, ու դա շատ ու շատ հարցերում պարզապես հարկադիր քայլ էր։
Անցած մրցաշրջանը հիմնովին ձախողած կատալոնյան ակումբը (անգամ երկրի չեմպիոնությունը, որը չնչին բացառություններով իր կայուն մենաշնորհն էր, զիջեց Մադրիդի «Ռեալին») նոր մրցաշրջանին ընդառաջ պիտի որ կանգներ հիմնովին վերափոխման խնդրի առաջ։ Վերակառուցումը սկսվեց նոր մարզիչ հրավիրելուց։ Հանուն ճշմարտության ասենք, որ կատալոնյան ակումբի վերջին տարիների մարզիչներն իրենց ֆուտբոլային գիտելիքներով, ֆուտբոլային աշխարհում ունեցած քաշ ու կշռով «Բարսելոնի» «հագով» չէին, իսկ թե թիմն ինչու էր լռում այս ամենի մասին, մեծապես պայմանավորված էր ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուով, ում ժամն էլ է կարծես վերջապես հնչել։ Համենայն դեպս, հայտնի է դարձել, որ նա չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրելու։
Ինչևիցե, թիմի ղեկին հայտնվեց հոլանդացի Ռոնալդ Կումանը, մարզիչ (ի դեպ` անցյալում նաև ճանաչված մարզիկ), ում «Բարսելոնի» գլխին տեսնում էին դեռևս անցած տարի, սակայն հոլանդացին, որն իրեն հիմնովին նվիրել էր վերջին տարիներին ստվերում մնացած ազգային հավաքականը ոտքի կանգնեցնելու գործին, ցանկանում էր իր աշխատանքի արդյունքը Եվրոպայի առաջնությունում տեսնել, այն էլ, գիտեք, կորոնավիրուսն այնպես հիմնավորապես ամեն ինչ խառնեց իրար, որ Կումանը բախտը փորձելը ևս մեկ տարով հետաձգեց (համավարակի պատճառով առաջնությունը տեղափոխվել է 2021 թվական), մանավանդ որ, գնալով Բարսելոնում թիմի գլխավոր մարզչի որակում սկսել են ավելի ու ավելի հաճախակի տեսնել ներկայումս արաբական աշխարհում մարզչական գործունեություն ծավալած Չավիին՝ կատալոնյան ակումբի լեգենդներից մեկին, ով, սակայն, մինչ այժմ եղած առաջարկներին չի համաձայնել այդ նույն Բարտոմեուի հետ աշխատել չցանկանալու պատճառով։
Կումանը եկավ, ու իսկույն ևեթ պարզվեց, որ իր տեսլականում Լուիս Սուարեսին չի տեսնում «Բարսելոնի» կազմում։ Այս բարձրաձայնումը բավական եղավ, որ ուրուգվայցու համար հերթ կանգնեն թիմեր։ Ճիշտ է, այդ շարքը երկար չէր, սակայն այն ներկայացրածները թոփ ակումբներ էին։
Ֆուտբոլիստի ծառայություններից օգտվելու գաղափարից առաջինը հետ կանգնեց Ամստերդամի «Այաքսը»՝ աշխատավարձի սուարեսյան պահանջը թիմի գրպանով չէր։ Հաջորդ հետ քաշվողը եղավ իտալական «Յուվենտուսը», որովհետև չկարողացան ժամանակի մեջ տեղավորվել և ուրուգվայցու համար Իտալիայի քաղաքացիություն ձեռք բերել։ Ի դեպ, Սուարեսի հնարավոր քաղաքացիության առնչությամբ բավականին մեծ աղմուկ է բարձրացել, անգամ քրեական գործ հարուցելու հեռանկար է երևում, սակայն խնդիրն այս պահին մեր քննարկման շրջանակներից դուրս համարենք։
Ստացվում էր, որ ակումբների հիշյալ շարքից ուրուգվայցուն, պատրաստի նվերի պես, ստանում էր Մադրիդի «Աթլետիկոն»։ Տրանսֆերային այս ասքը մոտենում էր ավարտին, երբ գործերին խառնվեց Բարտոմեուն։ Հենց նա արգելափակեց ֆուտբոլիստի հետ պայմանագրի խզման գործընթացը՝ հայտարարելով, որ չի ցանկանում ուժեղացնել մրցակից թիմը։
Ինչ խոսք, Սուարեսին ձեռք բերելով, «Աթլետիկոն» հետապնդում էր չեմպիոնության համար պայքարում թե՛ Մադրիդի «Ռեալի», թե՛ «Բարսելոնի» ոտնաթաթերը տրորելու նպատակ և, ինչու չէ, մտադիր էր շատ ավելի հեռանկարային լինել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որտեղ Դիեգո Սիմեոնեի սաները, հիշենք, երկու անգամ հասան գլխավոր եզրափակիչ։ Այս ամենը հրաշալի հասկանում էր և ֆուտբոլիստը, ով, հանուն իր հնարավոր նոր թիմի, անգամ գումարային զիջումների գնալու պատրաստակամություն հանդես բերեց, բայց դե, ինչպես վերն արդեն ասացինք, մեջտեղ ընկավ Բարտոմեուն։
Կատալոնյան ակումբի նախագահի այս միջամտությամբ իրավիճակը կատարյալ խառնակ տեսք է ստացել։ Այդպես էլ անորոշ է մնում՝ նա իսկապե՞ս չի ուզում ֆուտբոլիստին բաց թողնելով պոտենցիալ մրցակցին ուժեղացնել, թե՞, սրան գումարած, չի ուզում մարզիկի համար բավականին լուրջ գումարներ վճարել. ի վերջո, պայմանագիր կա, բան կա, դրանցում արձանագրված կետեր կան, որոնք հստակ արձանագրում են, թե որ դեպքում ինչին ինչ կարող է հետևել։
Դրության ողջ զավեշտն այն է, որ տվյալ պարագայում ֆուտբոլիստի ձեռքն ու ոտքը կապված են, ու նա հլու-հնազանդ պիտի հետևի ակումբի քայլերին, ինչն էլ անում է։ Մասնավորապես, սեպտեմբերի 22-ին, ասես ոչինչ էլ չի եղել, նա մասնակցում էր «Բարսելոնի» մարզումներին, որքան էլ նոր մարզիչը նրան չի տեսնում թիմի կազմում։ Սակայն այս ամենին խառնվող ու այս ամենը խառնող այլ գործոն էլ կա. չմոռանանք, որ նա թիմում հեղինակություն է եղել ու շատ մտերմիկ հարաբերությոնների մեջ է Լեո Մեսիի հետ, որն իր հերթին հաշիվներ ունի այդ նույն Բարտոմեուի հետ։
Սակայն շատ շուտով «Բարսելոնում» կարող են վրա հասնել ժամանակներ, և Բարտոմեուն կարող է Սուարեսին էլ մոռանալ, նրան վճարելիք 14 միլիոնի տագնապն էլ։ Ակումբում հասունանում է նրան անվստահություն հայտնելու՝ ի՞նչ միտում, լավ էլ հստակ ռելսերի վրա գցած գործընթացը, որը տրամաբանական ավարտին հասցնելու համար ակումբի նախագահի հակառակորդները պահանջվածից մի բան էլ ավելի ձայներ են հավաքել։
Ինչի՞ կարող է հանգեցնել Սուարեսի հնարավոր տեղափոխության դեմն առնելը։
Բավական կլինի՞, եթե ասենք, որ այն քար կգցի Մադրիդի «Աթլետիկոյից» «Յուվենտուս» Ալվարո Մորատայի տեղափոխվելու վրա, որին կողմերը գնացել են՝ նկատի ունենալով Սուարեսի տրանսֆերը։
Սակայն այնպես էլ չէ, որ ուրուգվայցին Բարտոմեուի ձեռքին կառավարվող տիկնիկ է, ու ակումբի նախագահը ոնց ուզենա, այնպես կխաղացնի։ Չնայած իր օրինակելի պահվածքին՝ Սուարեսը վճռական է տրամադրված ու չի բացառում մամուլի կոնֆերանսի հրավիրումը, եթե «Բարսելոնն» արգելափակի Մադրիդի «Աթլետիկո» իր տեղափոխվելը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ