Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ինչու են հանդիպել Ռոբերտ Քոչարյանը և Հովիկ Աբրահամյանը

Ինչու են հանդիպել Ռոբերտ Քոչարյանը և Հովիկ Աբրահամյանը
07.02.2015 | 15:04

Իսկ ինչո՞ւ պիտի հանդիպեին: Հանդիպել են, հանդիպում են և հանդիպելու են՝ վաղուց ժամանակն է, որ այդ հանդիպումներին սկանդալային ենթատեքստ չվերագրվի: Ոչ Ռոբերտ Քոչարյանն է երբևէ թաքցրել մեծ քաղաքականության մեջ իր մնալը, ոչ Հովիկ Աբրահամյանն է երբևէ թաքցրել երկրորդ նախագահի հետ իր նորմալ հարաբերությունները: Մոսկվայո՞ւմ են հանդիպել: Ի՞նչն է տարօրինակ՝ Մոսկվան վաղուց, ինչպես Դուբայը, հայոց քաղաքականության մայրաքաղաքներից է: Կարևորը հանդիպման վայրը չէ՝ Մոսկվա, «Արարատ Փարկ Հայաթ» հյուրանոց, կարևորը հանդիպման բովանդակությունն է: Իհարկե, պաշտոնական տեղեկատվություն հանդիպման մասին չի լինի. լուսաբանվում են պաշտոնյաների պաշտոնական հանդիպումները, իսկ անձնական կամ մասնավոր տեսակցությունները չեն տեղավորվում պաշտոնական տեղեկատվության սահմաններում: Նախկին նախագահի ու ներկա վարչապետի հանդիպումը եթե Մոսկվայում էլ չլիներ, անպայման կայանալու էր, որովհետև կան խնդիրներ, որ չէին կարող համատեղ չքննարկվել: ՈՒ պետք չէ անպայման դավադրության երանգ հաղորդել այդ խնդիրներին: Այո, Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է նախագահ դառնալ: Այո, նախագահ դառնալու հավակնություններ ունի Հովիկ Աբրահամյանը: Եվ այս երկու ՛՛այո՛՛ների առկայությամբ՝ քննարկելու տասնյակ հարցեր կան:
1. Սահմանադրական բարեփոխումների հարցը: Ռոբերտ Քոչարյանը դեմ է, Հովիկ Աբրահամյանը ի պաշտոնե չի կարող դեմ լինել: Հարցերի հարցը՝ նրանք համաձա՞յն են, որ այդ բարեփոխումների հետևանքով Սերժ Սարգսյանը մնա քաղաքական դաշտում: Այդ պարագայում՝ ի՞նչ են անելու իրենք: Քաղաքական ապագայի խնդիր է, ո՞վ՝ ո՞ր պաշտոնին է հավակնում:
2. Հանդիպման նախորդ օրը ԲՀԿ խորհրդաժողովն էր: Երկուսն էլ պարտավոր են իրենց վերաբերմունքն ունենալ, որը գուցե չբարձրաձայնվի, բայց պիտի լինի՝ ելնելով թե ստեղծված իրավիճակից, թե այդ իավիճակի զարգացման սցենարներից:

3.Հակառակ տարբեր հավաստիացումների՝ հստակ չէ Ռոբերտ Քոչարյանի դերակատարությունը Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի գործունեության մեջ: ՈՒ՞մ թեկնածությունն է ԲՀԿ-ն առաջադրելու կամ պաշտպանելու հերթական, իսկ գուցե արտահերթ նախագահական ընտրություններում: Գագիկ Ծառուկյանը քանիցս հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ քաղաքական դաշտից, միաժամանակ հայտարարել է, որ պատրաստ է նախագահ առաջադրվել: Ո՞րն է այս երկվության մեջ Ռոբերտ Քոչարյանի դերը: Հովիկ Աբրահամյանը չի կարող իր համար այդ հարցի պատասխանը չունենալ:
4.Մոսկվա վարչապետի աշխատանքային այցի նպատակը ֆինանսական էր՝ կտա՞ Կրեմլը դեռ 2013-ի սեպտեմբերի 3-ից առաջ խոստացած գումարը, թե՞ կմերժի նորից՝ պատճառաբանելով պատժամիջոցներով ու իր ֆինանսական ճգնաժամով: Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում՝ այս հարցը չի կարող չհետաքրքրել Ռոբերտ Քոչարյանին, որ իր վերջին հարցազրույցներում սկսել է քննադատել Մոսկվային, և Հովիկ Աբրահամյանին, որի վարչապետության հաջողությունն ու ձախողումը անմիջականորեն կապված են ֆինանսների հետ: Նրանք այս հարթակում քննարկելու շատ հարցեր ունեն:
5. ԲՀԿ-ն փաստորեն ասպարեզ է բերում կոալիցիայի ձևավորման հարցը: Ի՞նչ արձագանք կտա ՀՀԿ-ն: ՀՀԿ-ն ոչ մի արձագանք չի տա, քանի դեռ իր խոսքը չի ասել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, բայց դա չի նշանակում բոլորովին, որ Ռոբերտ Քոչարյանն ու Հովիկ Աբրահամյանը սեփական տեսակետը, ավելի ճիշտ՝ կոալիցիայի կազմման պայմաններում սեփական առաջարկները չունեն: Ահա քննարկման ևս մի հարթակ:
6. Եթե ՀՀԿ-ն որոշում է վերջնականապես ընդդիմադիր դաշտ մղել ԲՀԿ-ին ու միաժամանակ ձևավորում է սեփական կեղծ ընդդիմությունն ի հակակշիռ, իսկ Գագիկ Ծառուկյանը փողոց է հանում ժողովրդին, ի՞նչ են անում Հովիկ Աբրահամյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Սա, թերևս, ամենակարևոր հարցն է, որովհետև հենց նրանցից է կախված, թե ինչ վճիռ կընդունի Գագիկ Ծառուկյանը՝ գնա՞լ արտահերթ ընտրությունների, թե՞ սպասել մինչև հերթականը, բայց կորցնել համաժողովրդական պայքարի առաջնորդի դերը:
7.Բոլոր այս ու հարակից ևս մեկ տասնյակ հարցերին ի՞նչ վերաբերմունք ունի Կրեմլը, որ և Ռոբերտ Քոչարյանի, և Հովիկ Աբրահամյանի համար ամենակարևոր հարցն է: Քանի որ Կրեմլը կամ վերաբերմունք դեռ չունի, կամ ռուսական քաղաքական էլիտայում այս հարցում տարակարծությունները ակնհայտ են, ուստի անհրաժեշտ է համադրել բոլոր տեղեկությունները ու հասկանալ՝ ո՞րն է ճիշտ, ո՞րը՝ սուտ, ո՞րը՝ հավանական, ո՞րը՝ հեռանկարային:
8.Հայաստանի ֆինանսատնտեսական վիճակը վաղուց դարձել է թե Ռոբերտ Քոչարյանի, թե Հովիկ Աբրահամյանի անձնական հարցը: Դոլար-դրամ տատանումները, տրանսֆերտների կրճատումը, տնտեսական անկումն ու գնողունակության կրճատումը նրանց համար սեփական կապիտալի աղետալի կորուստ են: Ի՞նչ անելը ևս համատեղ քննարկելու հարց է, առավել ևս, որ այս պարագայում իշխանական վերնախավում ակտիվ քննարկվում է ռեսուրների վերաբաշխման հարցը՝ ավելի պարզ՝ ումի՞ց՝ ի՞նչ վերցնել ու ո՞ւմ տալ:
9.Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հարաբերությունները ստեղծված իրավիճակում կարևոր են իրենց զարգացումներում՝ Հովիկ Աբրահամյանը շատ կուզեր ստանձնել հաշտարարի կամ բուֆերի դերը, եթե այդ հարաբերությունները իսկապես դառնային անհաշտելի: Եթե դա էլ չկա, նրան անհրաժեշտ է ապահովագրել իրեն՝ հաստատելով չեզոքությունը այս գործում: Ի վերջո, հանդիպումը նաև անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին զեկուցելու, թե ինչ կարևոր աշխատանքներ է ինքը կատարել Մոսկվայում՝ այցից բացի: Հարց է, թե այդ զեկույցը որքանով համարժեք կլինի բովանդակությանը, բայց դա արդեն Հովիկ Աբրահամյանի անձնական հարցն է:
10. ՈՒ վերջապես՝ ՀՀ երկրորդ նախագահն ու ՀՀ գործող վարչապետը պարզապես հետաքրքրվել են միմյանց ողջությամբ ու հաջողություններ են մաղթել միմյանց՝ սա ամենաանհրաժեշտն է երկուսին էլ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ընդունեք, որ կայացած քաղաքական համակարգի բացակայությունն է հիմնական պատճառը, որ այսօրինակ հանդիպումները դառնում են քննարկումների թեմա ու ազդում են քաղաքական զարգացումների վրա:

Դիտվել է՝ 1234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ