Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Գործարար միջավայրն առողջ չէ, գործարարն էլ ճնշված է

Գործարար միջավայրն առողջ չէ, գործարարն էլ ճնշված է
26.03.2013 | 13:10

«Վատն է այն զինվորը, որը չի ուզում դառնալ գեներալ». այս ասացվածքը կիրառական է նաև գործադիրի համար։ Կարելի է ասել` «վատն է այն կառավարությունը, որը հեռանկարային ծրագրեր չի դնում իր առջև»։ Այս առումով մեր հայրենի կառավարությունը, կարծես, փորձում է «գեներալական» քայլեր կատարել իր ծրագրերում. մշակվել է «2012-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը», որը գործադիրը մտադիր է դնել հանրային քննարկման։
Ինչ խոսք, ժողովրդից կարծիք հարցնելը շատ ճիշտ քայլ է, քանի որ ծրագիրը միտված է, առաջին հերթին, բարելավելու նրա սոցիալ-տնտեսական վիճակը։ Այսինքն, եթե ծրագիրը լավ աշխատեց, ապա ժողովուրդը կշահի, իսկ եթե ոչ, ապա ծրագիրը դամոկլյան սրի պես կճոճվի նրա գլխին։ Թերևս այս պատասխանատվության գիտակցումն է, որ գործադիրը որոշել է հանրային քննարկում անցկացնել։ Մի փոքր առաջ ընկնելով գործընթացից, որոշեցին ներկայացնել այն մեր բնակչությանը։
Եվ այսպես` «2012-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով» նախատեսվում է մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն դարձնել 10 հազար ԱՄՆ դոլար, աղքատների մասնաբաժինը բնակչության մեջ նվազեցնել մինչև 13,6 %, իսկ ծայրահեղ աղքատությունը` 18 %։ Աշխատավարձի չափը կբարձրանա 15 հազար դրամով` 2011-ի գործող աշխատավարձի համար։ Գործազրկության ցուցանիշը, ըստ ծրագրի, կկազմի 9,8 %։ Ինչ խոսք, թվերը պատկերավոր են, և նախատեսվում է, որ այս ծրագիրը հենց հիմք պետք է հանդիսանա կառավարության առաջիկա 13 տարիների գործունեության համար։ Ամեն ինչ համեմատության մեջ է ցայտուն երևում, և դրա համար, կարծում ենք, ճիշտ չէր լինի, եթե նախատեսվող ցուցանիշների հետ չներկայացնենք այսօրվա պատկերը։ Ինչ ունենք այսօր. մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն կազմում է մոտ 3 հազար դոլար։ Աղքատությունը 35 % է, իսկ ծայրահեղ աղքատությունը` 37 %, գործազրկությունը` 18,4 %, պետական ծառայողի աշխատավարձը բարձր` 95 հազար դրամ է։ Նկատենք, որ այս թվերը պաշտոնական վիճակագրությունն է փաստում։
Եթե համեմատում ենք մեր այսօրն ու գալիքը, համենայն դեպս, առաջիկա 13 տարին շատ վառ են դառնում։ Իսկ ի՞նչ է մտածում շարքային մարդը այս ռազմավարական ծրագրի մասին։ Երբ պատահականության սկզբունքով զրուցեցինք անցորդների հետ` ներկայացնելով վերը նշված ցուցանիշները, նրանց կարծիքները իրարամերժ ստացվեցին. «Թուղթն էլ ա իրանց ձեռը, գրիչն էլ, ինչ թիվ կուզեն, կնկարեն, հետո էլ այսօրվա կառավարությունը հո 13 տարի էլ չի լինելու։ Կփոխվի կառավարությունը, կփոխվի ծրագիրը։ Չենք պատկերացնում ինչպես, ինչ մեթոդներով է գործադիրը այդ նշաձողին հասնելու, պետք է իրատես լինել. այսօր մեր տնտեսությունը ծանր վիճակում է, թեև վիճակագրությունն այլ բան է փաստում։ Սակայն մի փաստ կա` գործարար միջավայրը առողջ չէ, գործարարը ճնշված է, և այս պարագայում խոսել մեծ թվերից ու ցուցանիշներից, կներեք, ծիծաղելի է»։ Սա հարցման ենթարկված մի խումբ մարդկանց տեսակետն էր, իսկ հաջորդ խումբն այլ կարծիքի է. «Հավատում եմ, որ կառավարությունը որոշել է, ուրեմն մի բան կանի։ Խնդիրը այն չէ, թե ինչ իրավիճակ է, այսօր ինչ իրավիճակ էլ լինի, կառավարությունը պետք է առաջ նայի և կարողանա մշակել ռազմավարական հստակ ծրագիր, իմանա` ուր է գնում և ինչպես։ Դա շատ կարևոր է, հակառակ դեպքում մեր տնտեսությունը առաջ չի գնա»։
Այսպիսով, կառավարությունը որոշել է առաջ գնալ և որդեգրել է 13 տարվա ռազմավարական ծրագիր։ Սա աննախադեպ երևույթ է անկախ Հայաստանի պատմության մեջ։ Սովորաբար, 1991 թ. սկսած յուրաքանչյուր կառավարություն մշակել է հինգ տարվա ռազմավարական ծրագիր։ Եվ դա բնական է, քանի որ միանգամից կանխատեսել տասը տարիների համար տնտեսական դեմոգրաֆիկ սոցիալական զարգացումների մի ամբողջ շղթա, շատ բարդ է։ Եվ եթե սրան գումարենք մեր տնտեսության վրա միջազգային տնտեսության ազդեցության փաստը, ապա ամեն ինչ շատ ավելի բարդ և խճճված է դառնում։ Թերևս սա է գուցե նաև այն խնդիրներից մեկը, որ կառավարության 2012-2025 թթ. ծրագրի նկատմամբ շատ տնտեսագետներ թերահավատ են։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ