Այսօր «Հայելի» մամուլի ակումբում «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ ԲԱԽՇՅԱՆԸ և ազգագրագետ Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆԸ խոսեցին նախագահական ընտրությունների մասին: Հրանուշ Խառատյանը, ինչպես ինքն ասաց, ընտրություններից հետո դեռ տոնական տրամադրության մեջ է: «Ես հպարտացա, որ մեր բնակչությունը, ժողովուրդը, իրենց մեջ բավականաչափ ուժ գտան շրջանցելու այն հնարավոր ճնշումները, որոնք սովորաբար լինում են: Ես վստահ եմ , որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներն ընդամենը 37 տոկոս չեն, և ես մոտ եմ մտածելու, որ երկրորդ փուլի հնարավորություն կար, բայց նույնիսկ այս տոկոսը փաստում է, որ չնայած արտահոսքին և ընդդիմության ներքին պառակտումներին, նախընտրական շրջանի բազմաթիվ տարաձայնություններին, չնայած նրան, որ Րաֆֆի Հովհաննսիյանը մեծ ռեսուրս չուներ, եթե նույնիսկ 37 տոկոս ձայներով հաշվենք, սա ցուցադրում է, որ ժողովուրդը կամք է գտել քվեարկելու»,-ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, որ բողոքների լուրջ փաթեթ են ներկայացրել: Ըստ նրա՝ քարոզարշավի ընթացքը և Րաֆֆի Հովհաննիսյանի PR-ը շատ տպավորիչ և ազդեցիկ էր, իսկ արդյունքը եղան արձանագրված ձայները: «Մեր ժողովուրդը վերջապես ձերբազատվեց իր մեջ եղած ստրուկի կապանքներից: Մենք դա նկատեցինք քարոզարշավի մեկնարկից 15 օր հետո: Ես դրան այդքան չէի հավատում, բայց Րաֆֆին ասում էր՝ փոխվել է: Մինչև վերջ մտածում էի, այդքան կփոխվի՞, որ այսքան լուրջ լինի: Անգամ արձանագրված թիվը լուրջ է»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Վերջինիս խոսքով` հաղթեց բարի քարոզչությունը , և այդքան ձայները ոչ թե ատելության շուրջ հավաքվեց, այլ համոզմունքի:
Նա կոչ արեց այսօր գնալ Ազատության հրապարակ , որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը կասի, թե ինչ է եղել երեկ ժամը 19-ից հետո: «Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբունքային, ազնիվ, հայրենասեր մարդ է, և ինքն իր ժողովրդին փորձության չի տանելու, բայց ամեն քաղաքակիրթ ճանապարհով, որը ոչ մեկիս մտքով հաստատ չի անցնում, անցնելու է: Այնպիսի տարբերակ կարող է լինել, որ բոլորս զարմանանք: Նպատակը իշխանությունը ժողովրդին փոխանցելն է:Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը հրապարակային են, իր ականջին ոչ մեկը չի փսփսալու, ինքը ոչ մեկի հետ գաղտնի ոչինչ չի անելու»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ