ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հուսանք, որ աշխատանքից կազատվեն ոչ թե սլաքավարները, այլ բուն կազմակերպիչները

Հուսանք, որ աշխատանքից կազատվեն ոչ թե սլաքավարները, այլ բուն կազմակերպիչները
03.07.2009 | 00:00

ԵՆԹԱՏԵՔՍՏԵՐԻ ՄԱՍԻՆ` ԱՌԱՆՑ ԵՆԹԱՏԵՔՍՏԻ
Օրինաչափ է, որ Վերահսկիչ պալատի բացահայտումներից անմիջապես հետո հայ հանրությունը սկսում է շատ խիստ ակտիվանալ:
ՎՊ-ի արձանագրումների և հրապարակումների ողջ հմայքը, թերևս, այն է, որ ներկայացված թվերը, փաստերը, փաստաթղթերը կոնկրետ և խիստ առարկայական են: Ավելին` դրանք կարելի է նույնիսկ «շոշափել», որովհետև կան «կարմիր, կապույտ, ծիրանագույն» դարձած Քոբայրավանքն ու Հնեվանքը, առկա է սուպերժամանակակից «վետերոկի» տանիքով Վահանավանքը, կա տպագրված-չպահանջարկված գրքերի կույտը, որի կողքին կարելի է «տեղակայել», ասենք, Տալվորիկի գյուղապետարանի գնած անչափ թանկ մետաղյա ջարդոնը, կան Մարգարայի ավազահանքերն ու դրանք շահագործող «գեներալները»` «Արաքսի ավազան» և այլ ՍՊԸ-ները, որոնց հողը տրամադրվել է գյուղմթերք արտադրելու, իսկ իրենք այնտեղ ավազահանությամբ են զբաղվում, և այդպե՜ս շարունակ:
Ասել կուզի` փաստերն առկա են, իսկ փաստի դեմ կռիվ չկա:
Բայց քանի որ մերն ուրիշ է, այդ օրինաչափությունը ևս մեզանում չի գործում: Դիտենք ՎՊ-ի բացահայտումների առանձնահատկություններն «այս լույսի ներքո»:
Առանձնահատկություն առաջին. ՎՊ-ի ասուլիսային բոլոր բարձրաձայնումներից, թվա-փաստային բազայի ներկայացումից անմիջապես հետո համապատասխան կառույց-պաշտոնյաների կողմից երբեմն սկսվում է «մունդիրը» պաշտպանելու ակտիվ գործընթաց: Կարծելով, որ ինքնապաշտպանությունը փաստերը կոծկելու ամենալավ և ամենակարճ ուղին է, և իրենց արտաբերած երբեմն ահավոր անհոդաբաշխ մտքերը տպավորություն կթողնեն, հասարակությունն էլ շատ շուտ կմոռանա այդ մտքերը, «համապատասխաններն» սկսում են իրենց «կռիվը» փաստերի, իսկ իրականում` իրենց իսկ դեմ:
Հիշո՞ւմ եք` ամենասկզբում քաղաքաշինության նախարարությունն «ըմբոստացավ» իր «գործածների» առնչությամբ, հետո շատ արագ հասկացավ, որ լռելն այս դեպքում ամենաօգտակարն է, ու լռեց: Իսկ թվերն ասում էին. ՎՊ-ն քաղաքաշինության նախարարությունում արձանագրել է 190 մլն դրամի խախտում: «Լռած» նախարարությունը 45 մլն փոխանցել է պետբյուջե, 141 միլիոնը վերականգնել աշխատանքի տեսքով, իսկ 4,2 մլն-ն էլ 2009-ի ընթացքում գնումների գործակալության միջոցով կվերականգնի: Հիմա հարցնում եք, թե այդ դեպքում ինչո՞ւ էր աղմկում նախարարությունը, երբ «անձամբ» է վերականգնել խախտումները: Դժվար է ասել, կամ` շատ հեշտ:
Ընդ որում, շատ հետաքրքիր մի առանձնահատկություն ևս կա. «աղմկող» կառույցները հիերարխիկ նվազումով սկսեցին «մանրանալ». նախարարությունները հասկացան, որ բզին բռունցքով չեն խփում, այնուհետև «պատերազմն» իջավ մարզպետարաններ: Ամենացայտուն օրինակը Սյունիքի մարզպետինն էր: Սա ևս «հոխորտաց» իր խախտումների մասին, շորերը պատառոտեց, հետո խելոք վերականգնեց կատարած խախտումները (շա՜տ խելոք. ՎՊ-ն արձանագրել էր 109 մլն դրամի խախտում, պարոնը 13 մլն-ը մուծեց պետբյուջե, 96 մլն-ը վերականգնեց աշխատանքի տեսքով, բայց գլխին կախված մնաց և դեռ մնացել է աշխատանքից ազատվելու «երջանիկ» հեռանկարը):
Դեռ չէր չորացել լեգենդար Սուրիկ Խաչատրյանի մտքերի խոյանքի թանաքը, երբ ասպարեզ մտավ ավելի «մանր» կառույցի «ղեկավար»` Սևանի քաղաքապետը. սա արդեն «էքսկլյուզիվ» դեպք է, և սրան արժե անդրադառնալ մեկ այլ առիթով ու խիստ հանգամանալից:
Վերջին «մանրացումը» օրերս «Ազատություն» ռադիոկայանով հայ հանրությանն իր հայտնությամբ պատված Տալվորիկ անչափ շքեղ անվամբ գյուղի գյուղապետ Կիրակոս Սաղաթելյանինն էր, որն իր լեքսիկոնով, «մոտեցումներով», «ինքնատիպությամբ» գրեթե հաղթեց բոլոր նախորդներին, թերևս նույնիսկ լեգենդար Սուրեն Խաչատրյանին. «Մենք չենք գնացել պատահական մեկին ասել` էս ի՞նչ գին ա, էն մարդը կրակել ա, մենք էլ վռազ` վայ, առնում ենք, թողեք առնենք: Եվ ավագանիները, և ժողովուրդը` որտեղ ով ինչ ձևի հարց ունենա, վերջնական իտոգում եկել-կանգնել են էն տեխնիկայի վրա, որը հարմար է եղել։ Տեխնիկան ամեն գին ունի, իրա գինը շուկան ա, չէ՞, թելադրում»: Ինչպես տեսնում եք` պարոնը նույնիսկ շուկայական տնտեսությունից է «հասկանում» ու գաղտնիքներին «տիրապետում», սակայն` հերթով:
Տալվորիկում ՎՊ-ն արձանագրել է հնարավոր և անհնար ամեն կարգի խախտումներ, իսկ գյուղապետ Կիրակոսը սեփական ձեռքով այդ խախտումների փաստաթղթի տակ գրել է. «Ստացա, չեմ առարկում»: Եվ ուրեմն, Կիրակոսը («Կիրակո՞ս, ձե՜ն չկա».- Թումանյան) չի առարկում գյուղացիներից բռնագանձված և այդպես էլ պետբյուջե չմուտքագրված հազարների հասնող գումարներ, գյուղապետարանի վարչական շենքի կառուցման ժամանակ թույլ տված 3 մլն 700 հազար դրամի խախտում: Սակայն տալվորիկցի Կիրակոսի խախտումների թագ ու պսակը 47 մլն 975 հազար դրամի ջարդոնի գնումն էր. իրավաբանորեն ձևակերպած ծախսերը` գյուղի կարիքների համար, որի ընթացքում նախ` խախտվել է գնումների մասին օրենքը, որովհետև գնումը կատարվել է մեկ աղբյուրից, և ապա` գնված տեխնիկան շատ ավելի մետաղի ջարդոն է հիշեցնում, քան աշխատող տեխնիկա: Ասենք, 30-ականները հիշեցնող գութանը գնվել է 484 հազար դրամով (որի «շուկայական» արժեքը կլինի ամենաշատը հարյուր հազար դրամ, որպես երկաթի ջարդոն), գնվել է 1990 թ. տրակտոր` 5 մլն 126 հազար դրամով... չարժե շարունակել, որովհետև այդ ցանկն անչափ մեծ է, համ էլ որ` «վերջնական իտոգում եկել-կանգնել են էն տեխնիկայի վրա, որը հարմար է եղել: Տեխնիկան ամեն գին ունի, իրա գինը շուկան ա, չէ՞, թելադրում», բայց արժե տեղեկացնել, որ այդ «շուկայական գնումները» հիմնականում կատարվել են նույն գյուղի բնակիչ Վ. Պետրոսյանից, որին էլ հետագայում գույքը տրվել է վարձակալության: Դա ձեզ ոչինչ չի՞ ասում. ափսո՜ս. նա գյուղապետարանի գանձապահի որդին է:
Մնացածի մասին` ներքևում։ Այժմ Վերահսկիչ պալատի ներկայացրած թվերի և փաստաթղթերի հաջորդ առանձնահատկության մասին. ՎՊ-ի փաստաթղթերի տակ առկա են համապատասխան բոլոր կառույցների ստորագրությունները (վերը նշված գերատեսչությունների ղեկավարներինը նույնպես) առ այն, որ իրենք չեն առարկում ներկայացված խախտումների փաստերին: Ո՜նց առարկեն (բայց հենց միկրոֆոն ու լրագրող են տեսնում, «չեն դիմանում», առարկում են. սա` ի միջի այլոց): Առարկում են ով` ինչպես. պոպուլիստների ու դեմագոգների հացը մեկընդմիշտ կտրելով հանրապետությունում:
Երրորդ առանձնահատկություն. հարցն ավելի լուրջ է, քան պրիմիտիվ ինքնապաշտպանությունը: Որոշ դեպքերում խնդիր է դրվում հնարավորինս չեզոքացնել ՎՊ-ն` որպես կայացող ինստիտուտ, վերջինիս զրկելով, այսպես ասած, բաստիլյան իրավունքներից, որովհետև սա հասարակությունում, թերևս, միակ և հիմնավոր «չափագրող» մարմինն է, որը քչից-շատից կարողանում է իշխանական-գերատեսչական «կեղտը» հանել ընդհատակից, ի ցույց դնել հանրությանը և պահանջել վերականգնել պետությանը հասցված վնասը: Իսկ սա չէր կարող շատերին դուր գալ, «մազոլ» տրորելն այնքան էլ հաճելի գործերից չէ:
Վերը նշված և չնշված «աղմկոտները» աղմկում են նաև, որովհետև այս կամ այն կերպ «հարգելի պապաներ» ունեն իրենց փխրուն ուսերի հետևում, իսկ «պապաները», փորձելով իշխանական իսթեբլիշմենթում իրենց ոտնատեղի թուլացում թույլ չտալ, սույն «կլասի» պաշտոնյաների միջոցով փորձում են ՎՊ-ի շուրջ ինչ-որ «շղթա» ստեղծել, բայց քանի որ վերջնականապես «մակարովի գյուլլա կուլ չեն տվել ու առյուծի սիրտ չեն կերել» (բայց ոնց որ մի անգամ կերան), անմիջապես երգով նահանջ են պարտադրում իրենց «պրոտեժյորներին», կրկնակի, եթե ոչ եռակի «փչացման» ենթարկելով նրանց:
ՈՒ հիմա, սեփական աղմկոտ հարայհրոցից, հայտարարություններից մեկ օր անց, Տալվորիկի գյուղապետը ձգտում է «մի մարդ գտնել», որպեսզի կարողանա նույնքան ներկայացուցչական` լրատվամիջոցային ներողություն խնդրել իր ասածների համար` ՎՊ-ի «հաշվով»:
Եվ վերջին առանձնահատկությունը. որպես օրինաչափություն, ՎՊ-ի ասուլիսային բոլոր «ցնցումներից և շոկահարումներից» հետո ամեն ինչ ընկնում է իր տեղը. բոլորը, ի վերջո, հասկանում են, որ կառույցն ընդամենն իր գործն է անում, և որ քաղաքակիրթ հասարակություններում կարողանում են, ինչպես նաև ընդունակ են ընդունելու իրենց սխալները, բացթողումները, խախտումները, շտկելու դրանք: Չհաշված կոնկրետ և գործնական «մոմենտը»` բավականին լուրջ գումարներ են հետ վերադարձվում պետբյուջե և այն էլ` տնտեսական ճգնաժամի այս պայմաններում:
Մնացած բաղկացուցիչները` պաշտոնյաների նկատմամբ ադեկվատ վերաբերմունք, ինչո՞ւ չէ` վարչական և այլական տույժ ու պատիժների կիրառում, հուսանք` նույնպես տեղ կգտնեն և ինստիտուցիոնալություն ձեռք կբերեն, և աշխատանքից կազատվեն ոչ թե սլաքավարները, ասենք` մշակույթի փոխնախարար Գյուրջյանի նման, այլ բուն կազմակերպիչները` վերջ դնելու «գռփումներին» և «գռփելապաշտությունը հանելու պաշտոնյաների ուղեղներից» (կասեր Սերժ Սարգսյանը):
Է, հանեք:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2458

Մեկնաբանություններ