ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

.........

.........
13.01.2009 | 00:00

Համազգային վիճակախաղ
Հունվարի 1-ից տրվեց համազգային վիճակախաղի մեկնարկը։ «Պահանջեք կտրոնը, և դուք կմասնակցեք պետական եկամուտների համալրմանը, կպաշտպանեք ձեր` սպառողի շահերը, վիճակահանության արդյունքում կարող եք շահել հինգ հազար դրամից մինչև հինգ միլիոն դրամ»,- այս գովազդն է ազդարարվում ամենուր։ Սակայն վիճակախաղի սկիզբը, կարծես, այնքան էլ հարթ չի ընթանում։ Չնայած պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների զգուշացումներին, դրամարկղային կտրոններ պահանջելու հորդորներին, շատ խանութներ շարունակում են չտրամադրել նոր տիպի կտրոններ։ Ինչպես ասում են, խոսենք փաստերով. հունվարի 9-11-ը Երևանի տարբեր խանութներում առևտուր անելիս դրանց մեծամասնությունը նոր կտրոններ չտրամադրեց։ Օրինակ` հունվարի 10-ին Մաշտոցի պողոտայում գտնվող «Սելա» խանութ-սրահից այդքան գովազդվող կտրոնն այդպես էլ չտրվեց։ Մեր պահանջներին վաճառողուհին պատասխանեց, որ հսկիչ դրամարկղային մեքենան դեռևս նոր ժապավենով չեն լիցքավորել։ Հաջորդ օրը` հունվարի 11-ին, Ավան համայնքում գտնվող «Basic house» խանութում ևս նոր կտրոն (իմա` վիճակախաղի տոմս) չտրամադրվեց։ Սակայն ամեն ինչ այդքան էլ վատ չէ. «Next» խանութում, ի վերջո, մեզ հաջողվեց տեսնել նոր նմուշի կտրոնը։ Եվ գուցե հենց այդ միակը շահի հինգ միլիոն դրամ։ Ո՞վ գիտե։
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Իսկ դուք ասում եք` չի կարող պատահել
Պարզվում է` իշխանություններն այնքան էլ խուլ չեն: Մոռացկոտ էլ չեն: Խնդիրն առնչվում է Նոր տարվա նախաշեմին հարկային փաթեթի քննարկումների ժամանակ պատգամավորների հնչեցրած «դեկլարատիվ» հայտարարությանը` բա էս ո՞ւր են «շնաձկները», ինչո՞ւ նրանք սույն փաթեթում չեն «փաթեթավորված»` մոռացված-հեռացված են, և իշխանություններն ընկել են «դանակ-մկրատ սրեմ» խեղճ ու կրակների հետևից:
Սրան, ի դեպ, օրերս հետևեց վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձրագոչումը, թե բա չեք ասի` կառավարության ուշադրության «թիրախում» են լինելու «զիրենք»` խոշորները:
Ահա և, մեր տեղեկություններով, չի բացառվում, որ ՀՀ վերահսկիչ պալատը, որն այս տարի ստուգելու-վերահսկելու է ում պատահի, ինչպես պատահի, որտեղ պատահի. էլ դատախազություն, էլ պաշտպանության նախարարություն, էլ ներքին գործեր, էլ անվտանգություն, ու երբ հասնի հարկայինին, էստեղ արդեն նայելու է նաև, թե խոշոր բիզնեսն ինչ բանի է և ինչպես է «ապահովում» հայոց բազմաչարչար բյուջեի մուտքերը` իր մասով:
Հետաքրքի՜ր է լինելու կինոն:
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Բունտին» սպասելիս
Հայ ազգային կոնգրեսի և անձամբ Տեր-Պետրոսյանի վերցրած քաղաքական թայմ-աուտը վերլուծաբանները հակված են մեկնաբանելու ոչ այնքան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված գործընթացում իշխանությունների «տեղը չնեղացնելու» հայրենասիրական մղումներով, որքան համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ֆոնին Հայաստանում կանխատեսվող սոցիալական «բունտի» սպասումներով։ Փորձագետների համոզմամբ` տերպետրոսյանական ընդդիմությունը որևէ կասկած չունի, որ տնտեսական իրավիճակը երկրում շատ արագ վատթարանալու է, իշխանության ֆինանսական և քաղաքական ռեսուրսները սպառվելու են, ու հենց այդ ժամանակ էլ վրա է հասնելու ժողովրդին ոտքի հանելու պահը։ Արևմուտքի, ինչպես նաև Ռուսաստանի ծանրակշիռ քաղաքական, վերլուծական շրջանակները, սակայն, բնավ այն կարծիքին չեն, որ Հայաստանում հասունանում է իշխանափոխության պահը, քանի որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը լիովին համապատասխանում է երկրի ներսում ու դրսում տիրող իրավիճակին և միանգամայն ձեռնտու է իրենց։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

ՈՒշ լինի, նուշ լինի
Միջազգային ֆինանսական ճգնաժամը, կարծես թե, ուղղակիորեն չի հարվածելու Հայաստանի թոշակառուներին։ Այլ կերպ ասած` սոցիալական ապահովության պետական ծառայությունը պատրաստ է թոշակառուներին վճարել հունվար ամսվա բարձրացված թոշակները։
«Վերահաշվարկն ամբողջությամբ ավարտված է։ Երևանում կենսաթոշակները կտրամադրվեն հասցեատերերին հունվարի 12-ից, իսկ մարզերում այդ գործընթացը կսկսվի առաջիկա օրերին»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց սոցիալական ապահովության պետական ծառայության պետ ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ։
Հիշեցնենք, որ, ըստ նոր հաշվարկի, միջին թոշակը կազմում է 25500 դրամ։
Ժ. ՎԻԼՅԱՆ

Աղետը հաջողվել է կանխել
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13-ին, Թբիլիսիից 50-70 կմ հեռավորության վրա «Արմավիա» ավիաընկերությանը պատկանող Ա-320 ինքնաթիռը, որն իրականացնում էր Սոչի-Երևան չվերթը, անսպասելիորեն հայտնվել է 500 տոննա քաշ ունեցող Ա-380 ինքնաթիռի հետագծից առաջացած շիթի տիրույթում, որը Դուբայից թռչում էր Նյու Յորք։ Ինքնաթիռների միջև եղած հեռավորությունը (մոտ 300 մետր) լիովին համապատասխանել է բոլոր միջազգային չափանիշներին, սակայն Ա-380 ինքնաթիռից արտանետված շիթի ուժգին տատանումից «Արմավիային» պատկանող ինքնաթիռի օդաչուն մի պահ կորցրել է գիտակցությունը, և ինքնաթիռը 40 աստիճանի տակ ինքնաբերաբար թեքվել է ձախ թևի կողմը։ Այս ամենը տևել է 18 վայրկյան, և այդ ընթացքում ինքնաթիռը թեքվել է ևս երեք անգամ։ Վտանգն զգացել են թե՛ օդաչուական անձնակազմը, թե՛ ուղեկցորդուհիները, թե՛ ինքնաթիռում գտնվող մարդիկ։ Բարեբախտաբար, օդաչուների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ինքնաթիռը գրավել է նախկին դիրքը, և հաջողվել է չվերթը հասցնել բարեհաջող ավարտին։
Չնայած այն բանին, որ ինքնաթիռների միջև եղած տարածությունը համապատասխանել է միջազգային չափանիշներին, «Արմավիա» ավիաընկերությունը, սակայն, պատրաստվում է համապատասխան փաստաթղթերով դիմել օդային տարածքները վերահսկող մարմիններին։

Տղերքը կգան 15-ին, կգնան 16-ին

Հունվարի 15-ին Երևան կժամանեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի գծով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը, Ժորժ Կոլումբիեն և հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնը։ Նախատեսված են նրանց հանդիպումները Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլիա Զեհեի, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ։ Համազեկուցողներին կընդունեն նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, առանձին հանդիպում կլինի Երևանում մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի և ՀՀ նախագահին առընթեր գործող փորձագետների փաստահավաք խմբի հետ։
Օրվա վերջին նախատեսված է համազեկուցողների հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Կոլումբիեն և Պրեսկոտը Երևանը կլքեն հունվարի 16-ին։ Նկատի ունենալով, որ այցն ընդամենը մեկօրյա է, քիչ հավանական է, որ սպասվող հանդիպումներում կլինի ոչ օրակարգային կամ արտառոց որևէ բան։ Ըստ այդմ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանությունները կներկայացնեն ԵԽԽՎ-ի բանաձևերի կատարման ընթացքի վերաբերյալ բացատրություններ, համազեկուցողները կարձանագրեն դրանք` վերջնական որոշումը թողնելով հունվարի 29-ին Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ-ի նստաշրջանին։ Հիշեցնենք, որ տարբեր դիտորդներ ու փորձագետներ չեն բացառում, որ այդ օրը Հայաստանը կարող է զրկվել ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից` Եվրախորհրդի ընդունած բանաձևերը ոչ լիարժեք կատարելու պատճառով։ Թեպետ հակառակ պնդումներն էլ միանգամայն առարկայական են, որ ոչինչ էլ չի փոխվի։ Շատերի կարծիքով, Երևանի աշխարհաքաղաքական գինն Արևմուտքի համար հիմա շատ ավելի բարձր է, քան 1-2 բանաձևի կիսատ-պռատ կատարումը։
Ա. ՄԱՐՏՈՅԱՆ

Կամավորականները դատապարտում են
Երեկ «Հայ կամավորականների համախմբում» ազգային քաղաքական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Արդեն տասնյոթերորդ օրն է, ինչ Պաղեստինյան ինքնավարության Գազայի հատվածի 1,5 միլիոն արաբ ազգաբնակչությունը գտնվում է հրե օղակի մեջ: Իսրայելական բանակի օդուժը ռմբակոծության է ենթարկում Գազայի հատվածն ամբողջությամբ, իսկ ցամաքային ռազմական ստորաբաժանումները գերարդիական ծանր զրահատեխնիկայի օժանդակությամբ, վաղօրոք քաջատեղյակ լինելով, որ պաղեստինյան կողմը չունի համարժեք զինատեսակներ, փորձում են վերահսկողություն հաստատել նաև բնակավայրերում` նպատակ ունենալով կոտրել պաղեստինցիների դիմադրության ոգին: Իսրայելական քաղաքական և ռազմական ղեկավարությունն առաջին անգամը չէ, որ ոչ համարժեք ռազմական գործողություններով փորձում է ծնկի բերել Պաղեստինի արաբ ժողովրդին: Սակայն այս իրադարձություններն աննախադեպ են իրենց մասշտաբներով և խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային վերաբերմունքով: Ըստ էության, աշխարհի աչքի առջև տեղի է ունենում ժողովրդի սպանդ, և միջազգային իրավասու կառույցները, որոնք պարտավոր էին կասեցնել խաղաղ բնակչության նկատմամբ համատարած բռնությունների և սպանությունների գործողությունները, անզոր են կատարելու իրենց առաքելությունը:
Այս իրադարձությունները մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ ՄԱԿ-ը և նրա անվտանգության խորհուրդն ի զորու չեն լուծելու նման հակամարտություններ, և իրենց իսկ ստեղծած համաշխարհային անվտանգության կառավարման համակարգը կարիք ունի լուրջ փոփոխության: Այս ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է գտնել նոր ուղիներ, որոնք ոչ միայն կդադարեցնեն այս դեպքերի զարգացումը, այլև հետայսու կկանխարգելեն: Հակառակ դեպքում ագրեսորի անպատժելիությունը կհանդիսանա նախադեպ որոշ պետությունների համար, որոնք համակեցության օրենքները կփոխարինեն բռնությամբ, սպանդով և, ի վերջո, ցեղասպանությամբ: Աշխարհի այն երկրները և նրանց ղեկավարները, որոնք այս ամենին սթափ են նայում և կարող են փոխել ստեղծված իրավիճակը, պարտավոր են շուտափույթ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ»:
Հայ կամավորականները դատապարտում են Գազայում Պաղեստինի արաբ բնակչության նկատմամբ իրականացվող Իսրայելի գործողությունները և արաբներին միավորման կոչ անում։ Միայն թե դրանից առաջ վատ չէր լինի հասնել հայերի համախմբմանը։

Նախագահը ներում է շնորհել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ ներում է շնորհվել մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ 2-4 տարով դատապարտված ինը դատապարտյալների։ Դրանք են Եղիշե Գրիգորյանը, Կարեն Թարխանյանը, Ավետիք Ղռեղջյանը, Կարլեն Մանուչարյանը, Արմեն Մովսիսյանը, Հարություն Մկրտչյանը, Սարգիս Պարունակյանը, Ռաջու Պետրոսյանը։ Նրանք դատապարտվել էին զանգվածային անկարգություններին մասնակցելու, ապօրինի զինամթերք ու զենք, ինչպես նաև պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, դրանք իրացնելու, տեղափոխելու, կրելու, միաժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ինչպես նշել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը, հիշյալ դատապարտյալների կողմից ներկայացված են եղել ներման խնդրագրեր։ Ընդհանուր առմամբ այդպիսի 12 խնդրագրեր են ներկայացվել Սերժ Սարգսյանին, որոնք բոլորն էլ բավարարվել են։
Ա. ԲԱՐՖՅԱՆ

«Գազպրոմը» հայտնվել է փաստի առաջ
ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև գազային պատերազմն ավարտվել է, և ՈՒկրաինան համաձայնել է միջազգային հսկողության վերաբերյալ արձանագրություն ստորագրել։ Ինչպես տեղեկացնում է «Panorama.am»-ը, այդ արձանագրության ստորագրումն ապահովում է ՈՒկրաինայի տարածքով եվրոպական երկրների գազամատակարարումը։ Հիշեցնենք, որ ՈՒկրաինային գազի մատակարարումը դադարեցվել էր դեռևս հունվարի 7-ից, ինչի արդյունքում եվրոպական մի շարք երկրներ մնացել էին առանց գազի, և հենց այդ պատճառով էլ նույն այդ երկրներից «Գազպրոմի» դեմ բազմահազարանոց հայցեր են ներկայացվել, և այժմ վերջինս պարտավոր է չմատակարարված գազի դիմաց տուգանք վճարել` գազի գնի հինգ տոկոսի չափով, որը կարող է կազմել 500 մլն դոլար։
Վ. Մ.

Դիտվել է՝ 2551

Մեկնաբանություններ