ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Բոլորս էլ լքելու ենք այս աշխարհը...»

«Բոլորս էլ լքելու ենք այս աշխարհը...»
13.04.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է նկարիչ, բանաստեղծ, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, «Դար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

«ՔԱՆԻ ՈՐ ՆՊԱՏԱԿԸ ՀՈԳԵՎՈՐ ԷՐ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԷԼ ԴՅՈՒՐԻՆ ՈՒ ՍԱՀՈՒՆ ԸՆԹԱՑԱՆ»

-Տիկին Սվետլանա, ի՞նչ առաքելություն է իրականացնում «Դար» հիմնադրամը:

-Հիմնադրամի գործունեությունն սկսվեց 2005 թվականին` Չարենցավանի թիվ 3 ռուսական դպրոցի տանիքի վերանորոգումից: Դա այն դպրոցն է, որտեղ սովորել են որդիներս: Այդպես ձևավորվեց հիմնադրամը` նպատակ ունենալով զբաղվել դպրոցաշինությամբ, դպրոցական ծրագրերով: Բայց ինչ-ինչ պատճառներով մեր գործունեությունը տեղափոխեցինք Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղ. գուցե բարին դա էր: Ծաղկունքը որդիներիս մանկության օրրանն է, արմատներով այնտեղից են: Երբ մարդն ինչ-որ բան է ուզում անել, կարողանում է գտնել այն եզրը, որից պիտի սկսի: Մեր դեպքում էլ այդպես եղավ: Գյուղի դպրոցի վերանորոգմանը զուգահեռ կառուցվեց եկեղեցի` 7-րդ դարի Սուրբ Սարգիս մատուռի հարևանությամբ: Նորոգվեց նաև մատուռը` առանց խաթարելու դրա պատմական, ճարտարապետական արժեքը: Եկեղեցու կառուցումը խթան դարձավ մյուս ծրագրերի համար: Կառուցվեցին ճանապարհներ, լուծվեց լուսավորության հարցը, բարեկարգվեց տարածքը:

-Նոր շինությունները համահո՞ւնչ են հնադարյան մատուռին, թե՞, ժամանակակից չափանիշների համաձայն, զատորոշվում են իրենց նորաոճությամբ:

-Ո՛չ, շատ համահունչ են: Մենք գտանք այնպիսի ճարտարապետ, որն ապահովեց սահուն անցումը հնից նորին: Ամեն բան շատ գեղեցիկ է, ճաշակով: Այդ ճարտարապետի կառուցած երրորդ եկեղեցին է Ծաղկունքի եկեղեցին, և, ըստ նրա խոստովանության, իր բոլոր մտահղացումները կարողացել է ներդնել այս կառույցի մեջ: Քանի որ նպատակը հոգևոր էր, աշխատանքներն էլ դյուրին ու սահուն ընթացան: Նախատեսել ենք նաև այդ եկեղեցու ստորոտին կառուցել էթնիկ գյուղ` իր մշակութային տներով: Այդտեղ կլինեն դարբնի տուն, ատաղձագործի տուն, գորգագործի տուն, խեցեգործի տուն, այլ տներ: Դրանցում կբնակվեն վարպետների ընտանիքները, կլինեն նաև հատուկ սենյակներ` զբոսաշրջիկների համար: Նպատակն այն է, որ զբոսաշրջիկը ոչ միայն պարզապես հյուրընկալվի այդ տներում, այլև ծանոթանա հայ ավանդական մշակույթի ստեղծման պրոցեսներին: Նախատեսված է նաև կառուցել հարսանքատուն` ազգային հարսանյաց ծեսերի համար:

-Այդ բոլոր ծրագրերն իրագործելիս համագործակցո՞ւմ եք համապատասխան մասնագետների` խեցեգործի, դարբնի, ազգագրագետի հետ:

-Իհարկե, ամեն բան արվում է պրոֆեսիոնալ մոտեցմամբ: ՈՒնենք համապատասխան խորհրդականներ, որոնք մասնակցում են մեր աշխատանքներին:

-Արտասահմանցի զբոսաշրջիկներին էթնիկ գյուղ բերելու ուղիները գտնվա՞ծ են, համագործակցելո՞ւ եք տուրիստական գործակալությունների հետ:

-Իրազեկելու ճանապարհները բազմաթիվ են: Միայն մեկ բուկլետով կարելի է գրավել զբոսաշրջիկին: Մենք ներկայացնելու ավելի հետաքրքիր բաներ ունենք, քան այն երկրները, որոնք այսօր ճանաչված են զբոսաշրջության ոլորտում: Օրինակ, ես Գյուլագարակում տեսա մեր բուսաբանական այգին և վստահեցնում եմ, որ դրա հետ համեմատվել չի կարող Հնդկաստանում իմ տեսած նմանատիպ այգին, որով զարմանում ու հիանում են աշխարհի տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկները: Աշխարհը մեզ համար օրինակ է, մենք պետք է հետևենք դրսի փորձին: Մենք նախատեսել ենք նաև ամֆիթատրոն կառուցել` «Սասուցի Դավիթ» էպոսը ներկայացնելու համար: Մատենադարանից դուրս ենք բերել ազգային հին նվագարաններ, վերանորոգել և դրանցով ձայնագրել «Սասունցի Դավիթ» էպոսը: Աշխատանքը տևել է 2,5 տարի, հեղինակն Արթուր Շահնազարյանն է: Պատկերացում կազմելու համար, թե ինչ մակարդակի գործ է ստացվել, ասեմ, որ Տիգրան Մանսուրյանը ցնցված էր, երբ լսեց ձայնագրությունը:

-Փաստորեն, սա օպերային ներկայացո՞ւմ է:

-Դա և՛ օպերա է, և՛ թատրոն, և՛ բալետ:

-Իսկ կոնկրետ որտե՞ղ պիտի կառուցվի ամֆիթատրոնը:

-Նորակառույց եկեղեցին և ամֆիթատրոնն իրենց մեջ են առնում էթնիկ գյուղը: Իսկ Էթնիկ գյուղը կից է հին գյուղին` Ծաղկունքին, որը հին գյուղի յուրօրինակ շարունակությունն է:

«ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԳՅՈՒՂԱՑԻՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆԱ ՔԱՂԱՔ ԳԱԼՈՒ, ՈՐ ԻՐ ԲՆՕՐՐԱՆՈՒՄ ԿԱՐՈՂԱՆԱ ԲԱՎԱՐԱՐԵԼ ՀՈԳՈՒ ՊԱՀԱՆՋԸ»

-Հին գյուղին ի՞նչ ճակատագիր է սպասում էթնիկ գյուղի կառուցումից հետո:

-Անվերջանալի պրպտումների մեջ մենք օր օրի նոր ծրագրեր ենք հղանում: Մեր նպատակն այն չէ, որ մարդիկ ընդամենը գան-տեսնեն էթնիկ գյուղն ու տպավորված հեռանան: Մենք ուզում ենք, որ այդ գյուղը եկամուտ ունենա, մարդիկ այդտեղ աշխատեն, որ հին գյուղը խորթ եղբոր կարգավիճակում չլինի, այլ օգտվի էթնիկ գյուղի հնարավորություններից: ՈՒշադրության կենտրոնում ենք պահում կրթության դերը: Մեր գյուղի դպրոցի ուսուցիչներն այսօր վերապատրաստվում են մայրաքաղաքում, համագործակցում ենք Անանիա Շիրակացի կրթօջախի և «ԱՅԲ» կրթահամալիրի հետ, յուրացնում նրանց փորձը: Անգամ Երևանում այսօր կա բանիմաց ուսուցիչների պակաս, ուստի ձգտում ենք, որ այդ խնդիրը հնարավորինս հաղթահարված լինի Ծաղկունքում: Այդ համագործակցությունը 2-3 տարում տվել է լավ արդյունք: Դպրոցում գործում են նաև արտադասարանական խմբակներ: Երեխաները զբաղվում են կարատեով, ստանում կոմիտասյան դասեր, ստեղծագործում: Այսինքն, մենք «բացում» ենք երեխային, հնարավորություն տալիս դրսևորելու իր բոլոր շնորհները:

-Իսկ ի՞նչ է վիճակված բուն գյուղատնտեսական զբաղմունքներին` անասնապահությանը, անասնաբուծությանը, հողագործությանը: Այս աշխատանքները պիտի մղվեն հետին պլա՞ն, գյուղացին միայն պիտի ուղղորդվի դեպի մշակույթն ու կրթությո՞ւնը:

-Ոչ, մենք արդեն զբաղվում ենք ոչխարաբուծության զարգացման ծրագրերով: Մտածում ենք հողագործական աշխատանքներն արդյունավետ դարձնելու մասին, որովհետև, եթե գյուղացին իր բուն գործով չզբաղվի, ի՞նչ պիտի տան նրան գորգագործությունը կամ դարբնությունը: Գյուղացին իր առաջնային կոչման, իր առաքելության հենքի վրա պիտի զարգացնի մնացած բոլոր հետաքրքրություններն ու ունակությունները: Չի կարող գյուղացին օտարվել իր հիմնական զբաղմունքից: Եթե նա իր բուն անելիքով կյանքի նվազագույն պահանջները չապահովի, նրան ոչինչ չի գրավի: Գյուղացին իր հողի, իր անասունի, իր տնտեսության հետ այնքան կապված է, որ մնացած բոլոր բաները երկրորդական արժեքներ են նրա համար: Իր հիմնական անելիքից հետո միայն նա կարող է մտածել ճաշակ զարգացնելու, ուրիշ հետաքրքրություններ ունենալու մասին: Մեր գյուղերում միշտ էլ եղել են թատերական խմբակներ, կինոթատրոններ, մշակույթի տներ, բայց դրանք գյուղացուն հետաքրքրել են հիմնական գործն ավարտելուց հետո միայն: Մենք ուզում ենք այնպիսի մթնոլորտ ստեղծել գյուղացու համար, որ նա կարիք չունենա քաղաք գալու, որ իր բնօրրանում կարողանա բավարարել սեփական հոգու պահանջը:

«ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐՏԱԳԱՂԹՆ Է ՆՎԱԶԵԼ, ԱՅԼԵՎ ԱՌԿԱ Է ՆԵՐԳԱՂԹԻ ԵՐԵՎՈՒՅԹԸ»

-Այդ ծրագրերը նպաստե՞լ են, որ Ծաղկունքում նվազի արտագաղթը:

-Ոչ միայն արտագաղթն է նվազել, այլև առկա է ներգաղթի երևույթը: Մի քանի ծրագրեր ենք իրականացրել, որպեսզի խթանենք գյուղում ապրելու ցանկությունը: Մասնավորապես, խթանում ենք ծնելության աճը` վճարելով ամսական 30 հազար դրամ յուրաքանչյուր նորածնի` մինչև մեկ տարին լրանալը: Եվ այժմ թե՛ ծնելության մակարդակը, թե՛ բնակչության ընդհանուր թիվը զգալիորեն ավելացել են գյուղում: Մեր օրինակը գայթակղիչ է դարձել նաև կողքի գյուղերի համար. այնտեղ էլ են բարեկարգել ճանապարհները, լուսավորության հարց լուծել:

-Ի՞նչ միջոցներով են բարելավվել հարևան գյուղերի պայմանները:

-Պետական միջոցներով: Մեր օրինակը նրանց էլ է մղել գործնական քայլերի: Մենք նպաստում ենք նաև, որ գյուղացին նորոգի իր տունը, բակը: ՈՒղղակի պետք է տեսնել խնդիրը և օգնել լուծելու այն: Շատ կարևոր ծրագիր էր դպրոցի ճանապարհի բարեկարգումը: Ես նոր եմ վերադարձել Դանիա և Ճապոնիա կատարած ուղևորությունից և միանգամից խորամուխ եմ եղել գյուղատնտեսական ծրագրերի մեջ: Ծառատունկի շրջան է, չի կարելի ժամանակ կորցնել:

-Ցանկացած գեղեցիկ գաղափար առարկայական է դառնում նյութական ներդրումով: Ի՞նչ խողովակներով են հայթայթվում հիմնադրամի միջոցները:

-Յուրաքանչյուր մարդու համար տոն է, երբ հասկացվում է նրա առաքելությունը: Երբ սիրով մի բարի ու ազնիվ բանի մասին ես մտածում, միջոցներ միշտ գտնվում են: Մենք գումարները վաստակում ենք դրսում և ներդնում հայրենիքում: Այսպես թե այնպես, բոլորս էլ լքելու ենք այս աշխարհը, պարզապես դրանից առաջ պիտի մտածենք, թե ինչ ենք թողնելու այստեղ:

«ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԻՄՔՈՒՄ ՊԻՏԻ ԸՆԿԱԾ ԼԻՆԻ ՍԵՐԸ, ՁԳՏՈՒՄԸ»

-Օրեր առաջ մեր երկրի նախագահը պաշտոնական այցով հյուրընկալվել էր Սինգապուրում. այդ այցին անդրադառնալու ընթացքում անվերջ շեշտադրվում էր այն միտքը, թե Հայաստանը պետք է օրինակ վերցնի Սինգապուրից, պետք է տեղայնացնի այդ երկրի փորձը: Ձեր կարծիքով` կարելի՞ է որևէ երկրի պատրաստի փորձը վերցնել-ներդնել մեկ այլ երկրում:

-Մենք այնքան մեծ մտածողներ, համապատասխան մասնագետներ ունենք, որոնք քաջածանոթ են առաջադեմ երկրների փորձին: Պարզապես այդ փորձին նշանակություն տվող պետք է լինի: Այսօր մեր մշակութային ծրագրերը պետք է համապատասխանեցնենք ազգային մշակույթի չափանիշներին: Եվ մեզ ուրիշի փորձը պետք չի լինի: Մենք չենք կարող ճապոնական կամ սինգապուրյան փորձը կաղապարված ձևով բերել-դնել մեր երկրի իրականության մեջ:

-Նույն Սինգապուրի առնչությամբ Անգլիայի թագուհին էր նկատել, որ Սինգապուրը ժամանակին ձևավորվեց` սովորելով Անգլիայի օրինակի վրա, այնինչ այսօր Անգլիան շատ բան ունի սովորելու Սինգապուրից:

-Այո, յուրաքանչյուր երկիր այնքան շատ բան ունի իր ներսում, իսկ Հայաստանը` առավել ևս, որ ուրիշի փորձը կրկնելն անիմաստ է: Ճապոնացին երբեք չի մտածել, որ պիտի յուրացնի հայկական փորձը, բայց հայկական միտքն ու գիտելիքը հաշվի է առել իր երկիրը ձևավորելու ընթացքում: Ոչ թե այս կամ այն երկրի փորձը, այլ այդ երկրում եղած արժեքավոր բանն է դարձրել իր համար օրինակ ու դրա հիման վրա ստեղծել իրենը: ՈՒ կառուցել է այդպիսի հզոր պետություն: Իսկ մենք շատ ավելի մեծ հնարավորություն ու ներուժ ունենք, որ թույլ է տալիս մեզ զարգանալ, քան որևէ այլ երկիր: Մեր ամենամեծ հարստությունը մարդկային ներուժն է, մարդկային ուղեղը: Մենք ո՛չ նավթ ունենք, ո՛չ գազ ունենք, ո՛չ բնական այլ հարստություններ: ՈՒ ավելի լավ, որ չունենք և գայթակղիչ խայծ չենք հզորների համար, մեզ տարբեր կողմերից բզկտելու առիթ չենք տալիս: Բայց ունենք մի այնպիսի հարստություն, որ մեզնից չեն կարող խլել: Դա մեր ուղեղն է, մեր ազգի մտավոր ներուժը: Իսկ ուղեղը չեն կարող մարդուց խլել: Եթե մարդը ուղեղով ուժեղ լինի, կամք ունենա ու կարողանա հասկանալ, թե որն է ելքը, այդպիսի մարդուն հաղթել հնարավոր չի լինի: ՈՒ ամեն ինչի հիմքում պիտի ընկած լինի սերը, ձգտումը:

«ԵՍ ԶԳՈՒՄ ԵՄ, ՈՐ ՈՉ ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂ ԵՄ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ, ԱՅԼԵՎ ՆՊԱՍՏԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ, ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»

-Նկարիչ եք, բանաստեղծ: Ստեղծագործական կյանքը և գործարարությունը ինչպե՞ս են փոխլրացնում կամ խանգարում իրար:

-Ես չեմ պատկերացնում մեկի գոյությունն առանց մյուսի: Չեմ կարող ամբողջ օրը նստել արվեստանոցում ու նկարել կամ միայն բանաստեղծություն գրել: Ես զգում եմ, որ ոչ միայն կարող եմ ստեղծագործել, այլև նպաստել ազգային խնդիրների լուծմանը, երկրի զարգացմանը, մեզ` իբրև մշակութային ազգ ճանաչելի դարձնելուն: Շատ վիրավորական է, երբ ասում ես, որ հայ ես, ու քեզ չեն ճանաչում: Սովորաբար նման դեպքերում սկսում ենք խոսել Արարատից, մեր պատմությունից: Այնինչ կարող ենք շատ հանգիստ ներկայանալ մեր մշակույթով: Մեր մշակույթը շատ ավելի քիչ բան է տվել մեր երկրին, քան ամբողջ աշխարհին: Ես նայում եմ, թե ինչպիսի ներդրում է ունեցել մեր ժողովուրդը համաշխարհային մշակույթի մեջ, ու մեզ հավասարը չեմ գտնում:

Զրույցը վարեց

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2442

Մեկնաբանություններ