«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Չխաղարկված գամբիտ, կամ` ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանը 2002-ից ի վեր այլընտրանք փնտրում Սերժ Սարգսյանին

Չխաղարկված գամբիտ, կամ` ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանը 2002-ից ի վեր այլընտրանք փնտրում Սերժ Սարգսյանին
07.08.2009 | 00:00

«ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՍՏԱՏ ՍՊԱՍՈՒՄ ԷՐ «ԳԵՂԵՑԻԿ ԶՈՀԱԲԵՐՎԵԼՈՒ» ՃԱԿԱՏԱԳԻՐ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
-Եվ այսպես, իր քաղաքական գործունեությունն ավարտած Սուրեն Հարությունյանը, ով 1988-1990 թվականներին ղեկավարում էր Խորհրդային Հայաստանը, իսկ 1999-ի ապրիլից մինչև 2006 թ. հունիսը զբաղեցնում էր Բելառուսում անկախ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, Մոսկվայում հրատարակել է իր անցած ճանապարհն արժևորող հուշեր։ «Անցյալի և ներկայի մասին» խորագիրը կրող գրքի ամենահետաքրքիր և ամենաայժմեական հատվածը, որով, փաստորեն, բացահայտվում է, որ դեռ 2002-ին Ռոբերտ Քոչարյանն իր իշխանության իրավահաջորդի դերում ցանկանում էր տեսնել ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Սուրեն Հարությունյանին, կապված է նաև Ձեր անվան հետ։ Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ։
-Բոլոր ժամանակներում էլ, մինչև հրապարակներում դրսևորվելը, քաղաքականությունը մշակվում է հարմարավետ կաբինետներում, որտեղ, մարդկանց աչքից հեռու, որոշվում են պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը, ձեռք են բերվում քաղաքական պայմանավորվածություններ, փոխհամաձայնություններ, կնքվում են դաշինքներ։ Մնացյալը` հանրահավաքներ, երթեր, նստացույցեր, քաղաքական հայտարարություններ, կուսակցությունների կամ դաշինքների համագումարներ, աղմկոտ միացումներ կամ ապահարզաններ, ոչ այլ ինչ են, եթե ոչ կաբինետում նախօրոք մշակված որոշակի սցենարի հաջող կամ անհաջող բեմականացման բաղադրիչներ։ Այդ «ժողովրդավարական խեղկատակությունները» կոչված են հանրության աչքերից թաքցնելու պատմական իրադարձությունների իրական նախաձեռնողներին և շարժիչներին, նրանց, ովքեր ծնում են գաղափարներ` քաղաքական սցենարներ, նրանց, ում քաղաքագիտական խորհրդատվությամբ են պայմանավորված խաղատախտակում ֆիգուրների տեղաշարժերը։ Իհարկե, ինչպես հայտնի «Տիրակալը» աշխատությունում գրել է Նիկոլո Մաքիավելին, կառավարիչներից ոչ բոլորն են ունակ ընկալելու ճշգրիտ խորհրդատվությունը (տե՛ս 22-րդ գլուխը` «Տիրակալների խորհրդատուների մասին»), սակայն այդպիսի կառավարիչների վերջը երկար չի սպասեցնում։ Այդ դեպքում էլ հասարակությունը, որպես կանոն, մնում է անտեղյակ կառավարչի կործանման իրական պատճառների հարցում, ինչպես նաև այն խորհրդատվության, որը եթե իրականացվեր, կարող էր նրան փրկել ձախողումից։ Հասարակության անիրազեկության մեղավորը հենց այդ տխրահռչակ «ժողովրդավարական կրկեսն» է, որն իր էությամբ հիշեցնում է ճշմարտությունը թաքցնող ճահճացած մակերես։ Միայն ընտրյալներին է տրված այդ ճահճացված կեղևի տակից վերծանել ճշմարտությունը։
Այո, նախկին քաղաքական ղեկավարների հուշերը պետք է կարդալ` վերծանելով տողատակերում թաքնված ճշմարտության հատիկները։ Եթե այդ նպատակադրությամբ դուք ուշադիր և մի քանի անգամ ընթերցեք ձեր հետաքրքրությանն արժանացած տեքստը, ապա չեք կարող չմտահոգվել մի շատ պարզ հարցում. եթե Ռոբերտ Քոչարյանը վստահ լիներ, որ ես կհամաձայնեմ նպաստելու իր կողմից նախապատրաստվող «թագուհու գամբիտին», որի վերջնախաղում Սուրեն Հարությունյանին հաստատ սպասում էր «գեղեցիկ զոհաբերվելու» ճակատագիր, ապա ինչո՞ւ էր նա Ս. Հարությունյանի հետ զրույցներում վկայակոչում ոչ թե ինձ, այլ Ս. Հարությունյանի համար «ոմն» Կարեն Կարապետյանի և էլի ուրիշ «ոմն» պատգամավորների։ Դուք տեքստից տեսնում եք, որ դա առաջացրեց Ս. Հարությունյանի տարակուսանքը, և նա նույնիսկ ստիպված էր Ռ. Քոչարյանին հակադարձել. եկեք խոսենք ոչ թե ինձ համար անհայտ, այլ Ձեզ և ինձ հայտնի դեմքերի մասին։ Հասկանալի է, որ եթե Ռ. Քոչարյանը հաստատ չիմանար, որ ես երբեք չեմ համաձայնի կիսել պատասխանատվություն այն «գամբիտի» համար, որն իշխանության մեջ անխուսափելիորեն կստեղծեր 1999-ին հատուկ պայթյունավտանգ իրավիճակ` նույնանման հնարավոր հետևանքներով, ապա կընտրեր ամենակարճ ճանապարհը` այդ հարցով դիմելով ուղիղ ինձ։
Կասկած չունեմ, որ երկրորդ գումարման ԱԺ-ում իմ ղեկավարած պատգամավորական խմբի անդամ Վոլոդյա Բադալյանը Ռ. Քոչարյանի «դաբրոն» չունենալով է ինձ մասնակից դարձրել Ս. Հարությունյանին համոզելու գործին։ Ի տարբերություն իր խնամու, ով պարզամիտ տնտեսական գործիչ է, Ռ. Քոչարյանը, լինելով քաղաքական գործիչ, երբեք նման սխալ թույլ չէր տա։ Թույլ չէր տա, եթե նույնիսկ Ս. Հարությունյանը Ռ. Քոչարյանի առջև ինձ այդ գործի մեջ ներքաշելու հատուկ խնդիր դներ, թույլ չէր տա, եթե նույնիսկ իմանար, որ ուրիշ ոչ մի ելք չկա։ Նա լավ գիտեր, որ իմ գլխի վերևով հոկտեմբերի 27-ի արհավիրքն է անցել (բառի բուն և ուղղակի` մահացու փամփուշտների իմաստով), և ես երբեք թույլ չեմ տա, որ պատմությունը կրկնվի։ Այդուհանդերձ, հարցի արժեքը Ռ. Քոչարյանի համար իսկապես մեծ է, իսկ Վ. Բադալյանի ապարդյուն շփումները Ս. Հարությունյանի հետ նրան ցույց էին տվել, թե որքանով է Ս. Հարությունյանն արժևորում իմ խորհրդատվությունը։ Ահավասիկ, ճարահատյալ, ինչպես ռուսը կասեր, «на свой страх и риск», ապավինել է իմ օգնությանը։
-Իսկ Դուք նրան այդ հարցում չե՞ք օգնել։
-Ո՛չ, ես արդեն ասացի, որ իմ կյանքում երբեք որևէ մեկին չեմ օգնել և չեմ օգնի` ուրիշին գնդակի բաժին դարձնելու հաշվին։ Այն էլ, եթե այդ մեկ ուրիշը վստահում է իմ մասնագիտական խորհրդատվությանը։ Ինչպես բժիշկն է պատասխանատու իր դեղատոմսի արդյունավետության համար և միշտ պետք է ղեկավարվի «չվնասես» սկզբունքով, այնպես էլ քաղաքական տեխնոլոգը պատասխանատվություն է կրում իր խորհրդատվության հետևանքների համար։ Կարևոր չէ` այդ խորհրդատվությունը տալիս ես յուրայինի՞ն, թե՞ օտարին` ինչպես բժիշկը պարտավոր է նույնիսկ հանցագործին ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն։
Մինչև Մոսկվա մեկնելը ես անմիջականորեն պարզեցի, որ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ Անդրանիկ Մարգարյանը բացարձակապես տեղեկություն չունեն Սուրեն Հարությունյանին Երևանում «խաղի մեջ մտցնելու» ծրագրից։ Ինձ համար ակնհայտ էր, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է Սուրեն Հարությունյանով հակակշռել և թուլացնել Սերժ Սարգսյանին։ Որքանո՞վ դա նրան կհաջողվեր, մեծ հարցական էր, բայց որ այդ ընթացքում Ս. Հարությունյանը, ժողովրդական լեզվով ասած, «վարի կգնար», աներկբայելի էր։ Այդ իսկ պատճառով Մոսկվայում ես տետ-ա-տետ Սուրեն Հարությունյանին տվեցի ընդամենը մեկ հարց. «Արդյոք Սերժ Սարգսյանն ու Անդրանիկ Մարգարյանը նույնպե՞ս զրուցել են իր հետ, նույնպե՞ս առաջարկել են նրան մտնել հրապարակային քաղաքականության թոհուբոհի մեջ` ինչ-ինչ հեռանկարներով»։ Ս. Հարություննյանն իմ հարցին պատասխանեց հարցով. «Իսկ դու չգիտե՞ս` նրանք տեղյա՞կ են, թե՞ ոչ, եթե տեղյակ են, ինչպե՞ս են վերաբերվում այդ տարբերակին»։ Ես պատասխանեցի, որ նրանք բացարձակապես տեղյակ չեն։ Այդ 2-3 նախադասություններից բաղկացած իմ խորհրդատվության իմաստը Ս. Հարությունյանը միանգամից ընկալեց։ Ինչ վերաբերում է հայաստանյան քաղաքական կյանքից նրա ալերգիային, ապա Ռ. Քոչարյանի լարած որոգայթում հայտնվելու դեպքում Ս. Հարությունյանն այնպիսի հիվանդություններով կախտահարվեր, որ ալերգիան այլևս նրան երեխայական խաղ ու պար կթվար։
-Բայց չէ՞ որ ինքը` Սուրեն Հարությունյանը, գրում է, որ Դուք Վլադիմիր Բադալյանի հետ հավասար իրեն համոզել եք ընդունել Ռոբերտ Քոչարյանի առաջարկը։
-Այո՛, իհարկե, այնքան ջերմեռանդ եմ համոզել, որ Մոսկվայից իմ վերադարձից հետո Ռ. Քոչարյանը հրահանգեց Արթուր Բաղդասարյանին` իմ ղեկավարած պատգամավորական խմբից «անասնագողություն» կատարել։ Դուք գիտեք, որ համոզելու հազար ու մի ձև կա, և ես Սուրեն Հարությունյանին այնպես եմ «համոզել» Ռոբերտ Քոչարյանի առաջարկությունն ընդունելու հարցում, որ նա համոզվի ճիշտ հակառակի անհրաժեշտության մեջ։ Դրա շնորհիվ Սուրեն Հարությունյանն այսօր ողջ-առողջ է և նույնիսկ շատ հետաքրքիր գիրք է գրել։
-Հետաքրքիր է, որ Վլադիմիր Բադալյանը Ձեզ հետ միասին Կարեն Դեմիրճյանի ամենաջերմեռանդ աջակիցներից էր...
-Սակայն, ի տարբերություն ինձ, ով, ցավոք, այդ հարցում միայնակ էր, ՀԺԿ քաղխորհրդի և վարչության մյուս անդամների հետ ձայն ձայնի տված համոզում էր Կարեն Դեմիրճյանին` դաշինք կնքել հանրապետական կուսակցության հետ և միասին մասնակցել 1999-ի խորհրդարանական ընտրություններին։ Իմ դիրքորոշումն այս հարցում հայտնի էր. ես կտրականապես դեմ էի այդ տարբերակին, համարում էի, որ ՀԺԿ-ն պետք է ինքնուրույն մասնակցի 1999-ի խորհրդարանական ընտրություններին։ Ներքին ձայնս, որն ինձ երբեք չի խաբել, կարծես, հուշում էր, որ մենք պետք է այդպես վարվենք հասունացող ներիշխանական ուժային դիմակայությունում թիրախ դառնալու վտանգից խույս տալու և մեր ներուժը չտարրալուծելու նպատակով։ Ի միջի այլոց, լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ում հետ իմ հարաբերությունները նրա կյանքի վերջին շրջանում արտակարգ ջերմ էին, առիթը բաց չէր թողնում ինձ հիշեցնելու, որ 1999-ի գարնանը, երբ կուսակցական ցուցակները պետք է ներկայացվեին ԿԸՀ-ին, ՀՀԿ-ում միայն ինքն էր, իսկ ՀԺԿ-ում միայն ես էի կողմ, որ մեր կուսակցություններն ինքնուրույն, այլ ոչ թե դաշինքային ցուցակով մասնակցեն ընտրություններին։ Ընկերոջս ակնարկները ես լավ էի հասկանում. նրա խոսքերը հիշողությանս մեջ արթնացնում էին միևնույն պատկերը, թե ինչպես հոկտեմբերի 27-ին վարձու մարդասպանները երկուսիս կանգնեցրել էին խորհրդարանական ամբիոնի առջև` կենդանի վահանի դերում, և մեր գլուխների վերևով դիմահար կրակոցներ էին արձակում տեխսպասարկման պատուհանի ուղղությամբ` հնարավոր դիպուկահարներին չեզոքացնելու նպատակով։
Ես այսօր էլ ինքս ինձ չեմ ներում, որ ի զորու չէի պաշտպանելու Կարեն Դեմիրճյանին և մյուս իմ գործընկերներին դավադիր փամփուշտներից, բայց եթե իմ քաղաքագիտական խորհրդատվությունը մեր համատեղ աշխատանքի ընթացքում թեկուզ ինչ-որ հարցում թերի լիներ, ապա, հավատացեք ինձ, ես մեկընդմիշտ կհրաժարվեի քաղաքականությունից։
-Եթե հաշվի առնենք, որ Ս. Հարությունյանին Ռ. Քոչարյանի անունից առաջարկվել են այն նույն պաշտոնները, որոնք հետագայում ստանձնեց Սերժ Սարգսյանը, ստացվում է, որ դեռ այն ժամանակ Ռ. Քոչարյանը սեփական իշխանության ժառանգորդի դերում այլընտրանք էր փնտրում Սերժ Սարգսյանին։ Ինչպե՞ս կարող էր այդ գործում ներգրավված լինել Սերժ Սարգսյանի աշխատակազմի այսօրվա ղեկավար Կարեն Կարապետյանը, ում, որպես իր «գամբիտային» ծրագրի կողմնակցի, Ս. Հարությունյանի հետ զրույցում վկայակոչում էր Ռ. Քոչարյանը։ Դուք հաստատ պնդեցիք, որ Ս. Սարգսյանը բացարձակապես ոչ մի ինֆորմացիա այդ ծրագրի մասին չուներ։ Մի՞թե Կարեն Կարապետյանը թաքցրել է Սերժ Սարգսյանից «Սուրեն Հարությունյան» օպերացիայի մասին նրա համար այդքան կարևոր ինֆորմացիան։
-Ես հաստատ եմ ասում, որ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ Անդրանիկ Մարգարյանը տեղյակ չէին։ Առանց այդ կարևոր հանգամանքը պարզելու ես չէի կարող Սուրեն Հարությունյանին ճիշտ կողմնորոշել և, հետևապես, Մոսկվա չէի մեկնի։ Ես արդեն ասացի, որ իմ տրամադրած խորհրդատվությանը մոտենում եմ մեծագույն պատասխանատվության զգացումով և երբեք չեմ կարող հիմնվել ենթադրությունների վրա. բոլոր կարևոր հանգամանքներն անձամբ եմ ստուգում։ Կարծում եմ, պատասխանս սպառիչ է։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա իր հետ կապված հարցերը Դուք կարող եք ուղղել անձամբ իրեն։
-Ի՞նչ նպատակ է հետապնդում, ի վերջո, Քոչարյանը։
-Գոյություն ունի կառավարման մի ձև, երբ կառավարիչն իշխանության բուրգում արհեստականորեն ստեղծում է կոշտ դիմակայության դաշտ, դիմակայության բևեռներ։ Ստանձնելով հակադիր բևեռների խաղաղ գոյակցության միակ երաշխավորի այդ դերակատարությունը, կառավարիչը դեֆակտո դառնում է անփոխարինելի։ Եթե նա ինչ-ինչ պատճառներով նույնիսկ զրկվի ձևական իշխանությունից (օրինակ` նախագահի պաշտոնում իշխանավարության ժամկետի ավարտի պատճառով), միևնույն է, իրականացնելով այդ բևեռների խաղաղ գոյակցության երաշխավորի գործառույթը, կարող է իշխանության համակարգում պահպանել իր վճռորոշ, ոչ ֆորմալ ազդեցությունը։ Կառավարման այդ մոդելը, որը ես անվանում եմ «պախանատի» ռեժիմ, Ռոբերտ Քոչարյանը կարողացավ ներդնել Հայաստանում` առանց Ս. Հարությունյանի «ֆասադային» օժանդակության։ Նա դա արեց սեփական ուժերով` հենվելով իր հովանավորությունը վայելող հայտնի օլիգարխների վրա։ Տեղի ունեցավ այն, ինչի մասին ես զգուշացնում էի դեռ 2002-ի սեպտեմբերի 13-ին, ռուսաստանյան հանրահայտ «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, ուր կանխատեսել էի, որ «առաջիկայում Ռ. Քոչարյանի իշխանության գլխավոր հենարանը կդառնան օլիգարխիկ և կոռումպացված ուժերը»։ Այդպես էլ եղավ. օլիգարխիան նվաճեց հայաստանյան քաղաքական դաշտը, և այսօր ջրբաժանն անցնում է ոչ թե տարբեր քաղաքական գաղափարներ դավանող կուսակցությունների, այլ, մի կողմից, կլանային օլիգարխիկ «պախանատի», իսկ մյուս կողմից` հասարակության միջև։
(շարունակությունը` օգոստոսի 14-ի համարում)
Զրույցը վարեց Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2016

Մեկնաբանություններ