ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արտաքսման կիրակի (1-ը մարտի, 2009 թ.)

Արտաքսման կիրակի (1-ը մարտի, 2009 թ.)
27.02.2009 | 00:00

ՄԵԾ ՊԱՀՔԻ ԿԻՐԱԿԻՆԵՐԸ
Մայր առաքելական սուրբ եկեղեցում Մեծ պահքի յոթ շաբաթներն առանձին իրենց իմաստներն ունեն: Ըստ այդմ, յուրաքանչյուր կիրակի, որ մեկշաբթին է, խորհրդանշում է շաբաթվա մյուս օրերի այն իրադարձությունները, որ կատարվել են մեր նախնիների հետ: Սկսած Ադամ-Եվայից` ներառյալ մարդկության հոգևոր ողջ պատմությունը, մինչև որ դարեդար Փրկչի ձայնը լսող պահեցողները, նաև այսօրվա հավատացյալներս, Տիրոջ հովվությամբ, Նրա սրբազան ոտնահետքերով ընթանալով, մոտենանք Աստվածային այն Վեմին, որ Հարության կիրակին է` մեր Զատիկը: Որով է Դուռը և ճամփան Հայր Աստծո մոտ վերադարձի:
Նախորդ շաբաթը սկսվում էր բուն Բարեկենդանով, որ խորհրդանշում էր Ադամի և Եվայի կյանքը դրախտում, որն ավարտվեց նրանց` դրախտի երանական կյանքից արտաքսումով: Այդ արտաքսման հիշատակը մեր եկեղեցին այս տարի նշում է կիրակի օրը` մարտի մեկին: Նախ Ծննդոց գրքից վերհիշենք արտաքսման վկայությունը և ապա Քրիստոսով դրախտ վերադարձի հնարավորությունը, որ Տիրոջ խաչելությամբ մարդուն տվեց Աստված.
«...Տէր Աստուած Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մօտ: Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից: Թող սա կոչուի կին, որովհետև իր ամուսնուց ստեղծուեց»: Այդ իսկ պատճառով տղամարդը, թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը, և երկուսը պէտք է լինեն մի մարմին: Եւ երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում:
Օձը երկրի վրայ Աստծու ստեղծած բոլոր գազաններից աւելի խորամանկ էր: Օձն ասաց կնոջը. «Ինչո՞ւ Աստուած ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել»: Կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել: Սակայն դրախտի մէջտեղի ծառի պտղի համար Աստուած ասաց. «Դրանից չուտէք և չմօտենաք, որպէսզի չմեռնէք»: Օձն ասաց կնոջը. «Չէք մահանայ, որովհետև Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, և դուք կը լինէք աստուածների նման՝ կիմանաք բարին ու չարը»:
Կինը տեսաւ, որ ծառի պտուղը լաւ է ուտելու համար, ակնահաճոյ է և գրաւիչ՝ ըմբռնելու համար: Նա առաւ նրա պտղից, կերաւ և տուեց իր մօտ կանգնած ամուսնուն, և նրանք կերան: Երկուսի աչքերն էլ բացուեցին, և նրանք հասկացան, որ մերկ են: Նրանք թզենու տերևներն իրար կարեցին և իրենց համար գոգնոց շինեցին: Երեկոյան նրանք լսեցին Տէր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, և Ադամն ու իր կինը Տէր Աստծուց թաքնուեցին դրախտի ծառերի մէջ: Տէր Աստուած կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞Ւր ես»: Ադամը պատասխանեց. «Լսեցի քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետև մերկ էի, և թաքնուեցի»: Աստուած ասաց նրան. «Ո՞վ յայտնեց քեզ, թէ մերկ ես: Արդեօք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատուիրել էի, որ չուտես»: Ադամն ասաց. «Այս կինը, որ տուեցիր ինձ, նա՛ տուեց ինձ ծառի պտղից, և ես կերայ»: Տէր Աստուած ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»: Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, և ես կերայ»:
Տէր Աստուած ասաց օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ: Քո լանջի ու որովայնի վրայ սողաս, ողջ կեանքումդ հող ուտես: Թշնամութիւն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»:
Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները: Ցաւերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկուես, և նա պիտի իշխի քեզ վրայ»:
Աստուած Ադամին ասաց. «Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին: Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, և դու դաշտային բոյսերով սնուես: Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետև հող էիր և հող էլ կը դառնաս»:
Եվ Ադամն իր կնոջ անունը դրեց Կեանք, որովհետև նա է բոլոր մարդկանց նախամայրը: Տէր Աստուած Ադամի ու նրա կնոջ համար կաշուից զգեստներ պատրաստեց և հագցրեց նրանց:
Տէր Աստուած ասաց. «Ահա Ադամը դարձաւ մեզ նման մէկը, նա գիտի բարին և չարը: Արդ, գուցէ նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի և անմահ դառնայ»: Եվ Տէր Աստուած արտաքսեց նրան բերկրութեան դրախտից, որպէսզի նա մշակի այն հողը, որից ստեղծուել էր: Աստուած դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրութեան դրախտի դիմաց և հրամայեց քերովբէներին ու բոցեղէն սրին` շուրջանակի հսկել դէպի կենաց ծառը տանող ճանապարհները»:
Ինչպես տեսնում ենք, դրախտում հանցավոր մարդու ապրելն անհնար մի բան է: Եթե Ադամն ու Եվան կյանքի ծառից ևս ուտեին, չէին մեռնի և մեղքն իրենց զարմերով կդարձնեին հավիտենական, այդ բանի համար արտաքսվեցին դրախտից, որ դրախտ միայն «Նեղ Դռնով» մուտք լինի: Եվ այդ Նեղ Դուռը Քրիստոսն է, նրա օրինակը, որ մեր և մեր անցավորների մեղքերի թողության համար հավատացողներիս առաջնորդել է պահեցողությամբ ապաշխարության:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3148

Մեկնաբանություններ